«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2009-11-03 | #200, 2009-11-04 | #201, 2009-11-05


ԽՈԶԻ ԳՐԻՊ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌ ՉԿԱ, ԲԱՅՑ ՊԵՏՔ Է ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵՆՔ

Երեկ ոլորտային բյուջետային հոսքերը ներկայացնող առողջապահության նախարար Հարություն Քուշկյանից ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց` խոզի գրիպի դեմ հայտարարված պատվաստումը նոյեմբերին զանգվածայի՞ն է լինելու, թե՞ թիրախային` սոցիալական որոշակի խմբերի, բացի այդ` որքա՞ն է «Տամիֆլյուի» պաշարը Հայաստանում: Նա նաեւ բերեց Ուկրաինայի օրինակը, որտեղ խոզի գրիպի համաճարակ է` Ուկրաինայի հետ որեւէ այլ խստացված ռեժիմ կա՞, բացի ինքնաթիռներում բաժանվող թերթիկներից:

  Հարություն Քուշկյանը հավաստիացրեց, որ մեզ մոտ առողջապահության համապատասխան ծառայությունները ուժեղացված ռեժիմով են աշխատում` հաշվի առնելով տագնապալի իրավիճակը այլ երկրներում: Հատուկ մասնագիտացած խմբեր ունենք` 4 հոգուց բաղկացած, 24-ժամյա աշխատառեժիմով նրանք բոլոր կասկածելի անձանց հետ անհատապես աշխատում են: Գանգատ ունեցողները միանգամից առանձնացվում են` կատարվում են անհրաժեշտ միջոցառումները: «Զվարթնոց» օդակայանում տեղադրված է համակարգ, որը կարողանում է ախտորոշել եւ հայտնաբերել ջերմող հիվանդներին, որոնք ուսումնասիրվում են բժիշկների կողմից. «Մեզ մոտ դեռեւս խոզի գրիպի ոչ մի դեպք արձանագրված չէ բարեբախտաբար, եւ մենք պետք է շատ զգույշ եւ ուշադիր լինենք, որ կարողանանք կանխել վիրուսի մուտքը երկիր: Բայց եթե դա հարեւան երկրներում կա, չի բացառվում, որ այդ հիվանդությունը կլինի նաեւ մեզ մոտ: Այդ առումով մենք պահեստավորել ենք հնարավորինս մեծ քանակով «Տամիֆլյու», 9 հազար դոզաչափ նորից ձեռք է բերվելու: Իսկ պատվաստանյութի վերաբերյալ մի քիչ հակասական կարծիքներ կան: Այդպիսի պատվաստանյութերը նոր են ստեղծվել, կլինիկական փորձաքննությունը դեռ չեն անցել, տարբեր երկրներում սկսված պատվաստումների մասին դեռ մենք տվյալներ չունենք: Կա հակասական կարծիք, որ մի դեպքում պատվաստանյութն օգնում է հիվանդին, մյուս դեպքում վատացնում է վիճակը: Ես մինչեւ չհամոզվեմ, որ անվտանգ եւ արդյունավետ է, չեմ կարող առաջարկել: Գուցե մի 15-20 օր սպասենք, ունենանք արդյունքների պատասխանը ԱՄՆ-ից եւ Եվրոպայից, նոր պատկերացնենք մեր անելիքը: Խոզի գրիպը սեզոնայինից կլինիկորեն չի տարբերվում, նույն ախտանշաններն են, ինչ որ սեզոնային գրիպինը: Ուղղակի մենք իրազեկման լայն ծրագրեր ենք իրականացնում, որ գրիպով հիվանդ մարդիկ ուշադիր լինեն, հիվանդանալու դեպքում տնից դուրս չգան, օգտագործեն դեղորայք եւ հեղուկներ, հրավիրեն տեղամասային բժշկին եւ 4-6 օր անցկացնեն տանը, որպեսզի ո՛չ իրենք բարդություններ ունենան, ո՛չ էլ տարածեն այդ հիվանդությունը շրջապատում», ասաց նախարարը` հայտնելով նաեւ, որ «Տամիֆլյուն» ազատ վաճառվում է դեղատներում:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4