Օգոստոս ամսին ադրբեջանական ու թուրքական հակերների հարձակումը հայկական կայքէջերի վրա հսկայական էր: Սակայն հայ փորձագետներին հաջողվեց համապատասխան քայլեր ձեռնարկել: Այդ ընթացքում կատարվեց ուսումնասիրություն` պարզելու 99 պետական կայքերի անվտանգությունը: «Անվտանգությունը շարունակական ընթացք է: Հնարավոր չէ հաղթել տեղեկատվական պատերազմում: Այս առումով չափազանց կարեւոր է տեխնիկական պատրաստվածությունը, մասնագետների մակարդակը: Այստեղ հայկական կողմը թերանում է», ասաց փորձագետ Արամ Մխիթարյանը :
Արման Սաղաթելյանն էլ նկատում է, որ տեղեկատվական պատերազմը շահերի բախում է, մեկնաբանության շուրջը պայքար ծավալելու գործընթաց:
Վերլուծելով վերջին մեկ տարվա ընթացքում հայկական էլեկտրոնային մամուլի գործունեությունըՙ Սաղաթելյանը նկատում է, որ հայկական կայքերի ազդեցությունը համացանցում 5-6 անգամ բարձրացել է: Դա պայմանավորված է ծավալի, որակի եւ տեխնիկական բարձր մակարդակով: Եթե մեկ տարի առաջ արբանյակով հեռարձակվում էին ընդամենը 1 հեռուստաընկերության հաղորդումները, այժմ արբանյակով հեռարձակողների թիվը հասել է 3-ի:
Սաղաթելյանն առաջարկում է տեղեկատվական պատերազմի փոխարեն օգտագործել տեղեկատվական հակամարտություն տերմինը, որովհետեւ դեռեւս չենք հանգել պատերազմի: «Փոխհրաձգություն է տեղի ունենում: Առաջ ու հետ ենք գնում: Որոշ հարցերում առավելությունը մերն է, որոշ հարցերումՙ նրանցը: Սա չի կարելի կոչել տեղեկատվական պատերազմ»: Սաղաթելյանը խոստովանում է, որ հայկական ԶԼՄ-ները զիջում են թուրքականներին: Վերջիններս ավելի հարուստ են, հսկայական փորձ ունեն ու լավ պատրաստված մասնագետներ, սակայն հայ-ադրբեջանական տեղեկատվական հակամարտությունը համեմատելի է: «Միշտ չէ, որ մեծ գումարները կարող են ցանկալի արդյունք բերել: Հաճախ քիչ ներդրումներով կարելի է ավելի մեծ արդյունք ստանալ, քան վատնելով միլիոններ: Ադրբեջանում ծավալվող հակահայ քարոզչությունը հենց այդպիսին է», նկատում է Սաղաթելյանը: Որպեսզի հայկական կայքէջերի մակարդակն էլ բարձրանա, փորձագետները ծրագրել են տեղեկատվության լուսաբանման վերաբերյալ միջոցառումներ անցկացնել: Շուտով պետական կայքերի համար կհրապարակվեն միջազգային փորձի վրա հիմնված տեխնիկական ստանդարտներ, որպեսզի բացառվեն գոնե տարրական թերություններն, ու հայկական կայքէջերը չդառնան խոցելի:
Հայ-թուրքական հարաբերություններում Սաղաթելյանը հայկական կողմի գործունեությունը ոչ թե պասիվ, այլ լուռ գնահատեց` հավելելով, որ երբեմն լռությունն ավելի մեծ հաղթանակներ է բերում: Թուրքական կողմի տրամադրած հսկայական տեղեկատվության մեջ Սաղաթելյանը նկատել է նաեւ հայկական կողմի մեկնաբանությունը: «Այն չի կարելի կոչել լիարժեք, սակայն որակել ակնհայտ պասիվություն նույնպես սխալ է»: Փորձագետը նշում է, որ օպերատիվության եւ տեղեկատվության տրամադրման առումով կան խնդիրներ (հոկտեմբերի 9-ին, երբ ողջ աշխարհը խոսում էր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մասին, մի քանի օր շարունակ թուրքական կայքերն ու թերթերըՙ հղում կատարելով համապատասխան թուրքական գերատեսչություններին, գրում էին Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման համար ընտրված վայրի մասին ու անգամ հրավիրյալ անձանց ցուցակն էին ներկայացնում, հայկական կողմի համապատասխան գերատեչությունները լռություն էին պահպանում-Հ.Հ.), բայց դաշտը լճացած չէ, եւ նկատվում են միտումներ, որ դաշտը կարող է փոփոխվել:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ.Գ. Երեկ երեկոյան պարզ դարձավ, որ ադրբեջանցի հակերների լկտիությունը սահմաններ չի ճանաչում: Այս անգամ էլ ադրբեջանցի հակերների «զոհն» է դարձել մանկական www.mankutianmolorak.com կայքը: Ադրբեջանցի հակերը կայքում ադրբեջանական դրոշ եւ քարտեզ է թողել, որտեղ Լեռնային Ղարաբաղն ընդգրկված է Ադրբեջանի կազմում, եւ մակագրություն «AZERBAYJAN SAYS: HEY Armenian NE DASHNAQI, A DASSHAQI ARA KARABAX NASH» բովանդակությամբ: