Երեկ Մամուլի ազգային ակումբում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը դժգոհություն հայտնեց ԳԱԱ ֆինանսավորումից. «Հայաստանում գիտության ֆինանսավորման ծավալները հասնում են 8 մլրդ դրամի, ինչը կազմում է պետական բյուջեի ծախսային մասի 1 %-ից էլ քիչ», նկատեց ակադեմիկոսը:
Ըստ նրաՙ ամբողջ աշխարհում գիտության ֆինանսավորման ծավալները գնահատվում են ոչ թե պետական բյուջեի ծախսային մասով, այլ ՀՆԱ-ի տոկոսով: Գիտության տեղական ֆինանսավորումը համաշխարհայինի հետ համեմատելու համար Մարտիրոսյանը մի քանի տվյալ է ներկայացրել. «Աշխարհի զարգացած երկրներում գիտության ֆինանսավորման ծավալները կազմում են ՀՆԱ-ի 4 %-ը, իսկ Հայաստանումՙ 0,2 %-ը: Հարեւան երկրներում, մասնավորապեսՙ Վրաստանում եւ Ադրբեջանում, այդ ցուցանիշը կազմում է ՀՆԱ-ի 0,5 %-ը»:
Ակադեմիայի նախագահը նաեւ հավելել է, որ համաշխարհային չափանիշներով մեկ գիտնականի վրա հատկացվող ամենամյա ծախսերը, այդ թվում նաեւՙ աշխատավարձը, կազմում են 120-130 հազ. եվրո. «Իսկ հայ գիտնականինըՙ 3 հազ. եվրո»:
Մարտիրոսյանի տեղեկացմամբՙ այդ հարցը տեղ է գտել նաեւ մինչեւ 2020 թ. գիտության զարգացման ռազմավարությունում: Այդ փաստաթղթում, որը, ըստ ԳԱԱ-ի նախագահի, կրում է ավելի շատ դեկլարատիվ բնույթ, ներկայացված են ցանկալի ֆինանսավորման նախնական հաշվարկները: «2020 թ. գիտության ֆինանսավորումը պետք է ավելանա մինչեւ ՀՆԱ-ի 2 %-ը, ինչը նշանակում է, որ ֆինանսավորման ներկա ծավալը պետք է ավելանա 10 անգամ», ասել է պարոն Մարտիրոսյանը` տեղեկացնելով նաեւ, որ դեկտեմբեր ամսին կանցկացվի գիտության զարգացման ռազմավարության ընդհանուր քննարկումը:
Ն. Մ.