Ըստ Ստեփան Սաֆարյանի
Նկատելով, որ հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը տանում է փակուղի, երեկ «Հայացք» մամուլի ակումբում ԱԺ «Ժառանգության» խմբակցության նախագահ Ստեփան Սաֆարյանը ներկայացրեց հայկական եւ թուրքական կողմերի նպատակները` արձանագրությունների հետ կապված: Ընդ որում հայկական կողմը, ըստ Սաֆարյանի, ունի երկու նպատակ` առավելագույն եւ նվազագույն. «Հայաստանի նվազագույն նպատակն է, որ արձանագրությունները երկու երկրներում էլ վավերացվեն մինչեւ ապրիլի 24-ը, որպեսզի Թուրքիան շատ «չմեջբերի» Ղարաբաղի թեման: Իսկ առավելագույն նպատակ համարում եմ այն դեպքը, երբ Թուրքիան չի վավերացնում արձանագրությունները մինչեւ ապրիլ 24-ը, եւ այդ ժամանակ ԱՄՆ-ի Կոնգրեսում կարող են հնչել Հայոց ցեղասպանության ճանաչման կոչեր, որն էլ կստիպի Թուրքիային զիջողական քայլեր անել», նկատեց բանախոսը` փաստորեն ընդունելով, որ թուրքական Մեջլիսում արձանագրությունները մինչեւ ապրիլի 24-ը վավերացնելու կամ չվավերացնելու դեպքում էլ կիրականանան Հայաստանի նպատակները, պարզապես մի դեպքում առավելագույն, մյուսում` նվազագույն: «Թուրքիայի նպատակն է, որ արձանագրությունները վավերացվեն մինչեւ ապրիլի 24-ը, որպեսզի խուսափեն ԱՄՆ` ցեղասպանության թեմայով ճնշումներից, սակայն այդ ընթացքում պետք է Ադրբեջանի օգտին տեղաշարժեր գրանցվեն Ղարաբաղի հարցում», ասաց Սաֆարյանը:
Ներկայացնելով հոկտեմբերի 18-30-ը Եվրոխորհրդի տարբեր հանձնաժողովներում իր ունեցած հանդիպումները` բանախոսը նկատեց, որ Եվրոպան չունի հստակ վերաբերմունք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ. «Ես կարծում եմ, որ հայ-թուրքական ասիմետրիկ հարաբերությունների պարագայում Հայաստանի համար շատ կարեւոր է, որ Եվրոպան հստակեցնի իր դիրքորոշումները, եւ այս հարցը մտնի եվրոպական օրակարգ», նշեց Սաֆարյանը: Ըստ նրա` Թուրքիան Եվրոպային արդեն տվել է իր պարզաբանումները, թե Մեջլիսում ինչու է ձգձգվում արձանագրությունների վավերացումը: Առաջին պարզաբանումը, բանախոսի ներկայացմամբ, կապված է թուրքական ընդդիմության կտրուկ քննադատության հետ. «Հաջորդ դժվարությունն առաջանում է Ղարաբաղի «պատճառով». Թուրքիան բացատրել է եվրոպացիներին, որ եթե ինքը «զոհաբերի» Ադրբեջանին, ապա վերջինս «կնետվի Ռուսաստանի գիրկը», իսկ դա ձեռնտու չէ ոչ Թուրքիային, ոչ Եվրոպային», նկատեց Սաֆարյանը, որը նաեւ շեշտեց, որ այս ամենից ելնելով Եվրոպայում կա ըմբռնում` Մեջլիսում արձանագրությունների վավերացման ձգձգման վերաբերյալ:
Ըստ «Ժառանգության» ներկայացուցչի, հայ-թուրքական հարաբերությունները փակուղի տանող հարցերից մեկի` Ղարաբաղի հարցի վերաբերյալ վերջերս Լյուքսեմբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հստակ «բացատրվել» է, որ հայկական կողմը պետք է Ադրբեջանին վերադարձնի 5 շրջանները, այնուհետեւ, ըստ Սաֆարյանի մեկնաբանման, այդ շրջաններ կվերադառնան ադրբեջանցի փախստականները, կտեղակայվեն խաղաղապահ ուժեր, այնուհետեւ. «Հայաստանը կվերադարձնի եւս երկու շրջան ու միայն դրանից հետո կանցկացվի հանրաքվե` որոշելու ԼՂՀ կարգավիճակը», հավելեց բանախոսը:
Այս վտանգների կանխումը Սաֆարյանը տեսնում է իրենց խմբակցության կողմից ԱԺ ներկայացրած ԼՂՀ անկախության ճանաչման օրինագիծը: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ «Տոների եւ հիշատակի» օրենքում «Ժառանգության» ներկայացրած լրացմանը (ըստ որի առաջարկվում է ապրիլի 24-ը հարգել ոչ միայն որպես Հայոց ցեղասպանության, այլեւ Հայրենազրկման դատապարտման օր), ապա. «Դա ոչ թե ընդամենը մեկ բառ է, այլ շատ կարեւոր գործընթաց», եզրափակեց պարոն Սաֆարյանը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ