Հռոմի սրբազան քահանայապետ Բենեդիկտոս ԺԶ պապը գահակալության տասնամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին. «Փառք ենք տալիս Աստծուն այն օրհնության համար, որ Նա տվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցուն` Ձերդ Սրբության ծառայության միջոցով: Մեզ հայտնի է նաեւ Ձեր անձնական նվիրումը Հայ առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցիների միջեւ երկխոսության, համագործակցության եւ բարեկամության հանդեպ... Աղոթում ենք, որ մեր միջեւ հաստատված բարի հարաբերությունները շարունակեն աճել գալիք տարիներին: Անցած դարավերջում Հայոց եկեղեցին վերագտավ անկախությունը, ինչն ուրախություն պատճառեց համայն աշխարհի քրիստոնյաներին: Եկեղեցական կյանքը վերակառուցելու հսկայական աշխատանքը ընկավ Ձեր ուսերին: Նման կարճ ժամանակահատվածում ձեռք բերվածն իրապես նշանակալի է. նոր նախաձեռնություններ երիտասարդների քրիստոնեական դաստիարակության, եկեղեցականների պատրաստության, նոր համայնքների հաստատման, նոր եկեղեցիների եւ համայնքային կենտրոնների կառուցման, ինչպես նաեւ ազգի հասարակական եւ մշակութային կյանքում քրիստոնեական արժեքների հաստատման ուղղությամբ»:
Գարեգին Երկրորդին շնորհավորել է նաեւ Ռուսատանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը. «Ռուսաստանում մեծ հարգանքով են վերաբերվում հայ հնագույն եկեղեցուն, որը հարյուրամյակներ պահպանել է քրիստոնեական հավատը: Բարձր ենք գնահատում Ռուս ուղղափառ եւ Հայ առաքելական եկեղեցիների միջեւ ձեւավորված բարի հարաբերությունները, որոնք միշտ խաղացել եւ շարունակում են հատուկ դեր խաղալ մեր երկրների միջեւ բարեկամության եւ փոխվստահության ամրապնդման գործում: Դրա վառ վկայությունն է Մոսկվայում կառուցվող հայկական տաճարը եւ ռուս ուղղափառ եկեղեցինՙ Հայաստանի տարածքում», ասվում է Մեդվեդեւի ուղերձում` հատուկ նշելով Ամենայն հայոց կաթողիկոսի ներդրումը ռուս-հայկական հումանիտար շփումներում. «Դուք հատուկ ներդրում ունեք նաեւ միջկրոնական երկխոսության ամրապնդման գործում: Վստահ ենք, որ Ձեր ջանքերը ԱՊՀ Միջկրոնական խորհրդի շրջանակներում, որի համահիմնադիրն է Հայ Առաքելական Եկեղեցին, կնպաստեն կայունության եւ խաղաղության ապահովմանը Հարավային Կովկասում», ասված է Դ. Մեդվեդեւի ուղերձում: