Այդ մասին գրել էր «Հյուրիեթը», նշելով, որ Կեսարիայի Սբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու օծման արարողությունը Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից մեկ ամիս հետո միավորելու է թուրքահայերին: Օծումից հետո եկեղեցում կկատարվի առաջին պատարագը:
Օծումը, ըստ թուրքական թերթի, Հայ առաքելական եկեղեցու ավանդույթի համաձայն, կատարելու է Կ. Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի նախագահ Արամ արք. Աթեշյանը: Արարողությանը ներկա կգտնվեն Կեսարիայի նահանգապետ Մեւլութ Բիլիջին եւ քաղաքապետ Մեհմեդ Օզհասեքին:
Ի դեպ, Կեսարիայի քաղաքապետը եկեղեցու օծման առնչությամբ իրազեկել եւ բացատրություններ է տվել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: Իսկ Կեսարիայի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադրամը հաղորդագրությամբ տարածել է հետեւյալ կոչը. «Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման արարողությանը մասնակցելու ենք հրավիրում թուրքահայ համայնքի ներկայացուցիչներին, հավատացյալներին եւ բոլոր կեսարացիներին»:
Ստամբուլից դուրս հայ համայնքի իրավասության տակ գտնվող յոթ եկեղեցիներից Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումը, «Հյուրիեթի» վկայությամբ, սկսվել է 1991-ին: Նրա վերականգնումը նախաձեռնել է թուրքահայ համայնքը, վերականգնման աշխատանքները տեւել են 3 տարի: «Հյուրիեթը» գրում է, որ նախագահ Գյուլի ծննդավայրում գտնվող Սբ Գրիգոր Լուսավորիչը «Կենտրոնական Անատոլիայի գործող միակ եկեղեցին էր»: Վերականգնումից առաջ այստեղ տարեկան մեկ ժամերգություն էր կատարվում: Այսինքնՙ եկեղեցին բացվում էր միայն ժամերգության օրը, տարին մեկ անգամ, իսկ վերականգնումից հետո կկատարվի երկու ժամերգություն, եւ եկեղեցին մշտապես բաց կլինի:
Հ. Չ.