Այս օրերին աչքիս քուն չի գալիս: Գեշ երազներ եմ տեսնում: Մեկ երազիս տեսնում եմ հայ-թուրքական սահմանը բաց: Թուրքերը եկել, լցվել են Հայաստան, սուպերմարկետները, հարսանյաց սրահները, կազինոները, նույնիսկ ատոմակայանը իրենցով են արել: Շնչահեղձ վեր եմ թռչում`«ոչ» գոռալով: Առավոտյան գնում եմ դաշնակցության «Ոչ»-ի տակ ստորագրելու:
Հաջորդ օրը հենց աչքս փակում եմ, հիմա էլ տեսնում եմ բոլոր ճանապարհները փակ, վրացիները, պարսիկները (ադրբեջանցիների մասին անգամ երազում հնարավոր չէ մտածել), փակել են իրենց երկրների դռներն ու լուսամուտները: Ուտելու հաց չկա, շաքար ու կարագ չկա, ճրագի նավթ չկա, մեր ծիրանն ու խաղողը չորանում են ծառերի վրա, ծառերի տակ, մարդիկ միայն լոլիկ ու վարունգ են ուտում, շատերն էլ դարդից իրենց տվել են խմիչքին, պարզվում էՙ խմելու օղին էլ է քչություն անում: Նորից քնից վեր եմ թռչում: Առավոտյան գնում եմ հանրապետականների «Այո»-ին միանում:
«Հայլուր»-ից տեղեկանում եմ, որ ֆուտբոլային դիվանագիտությունը շարունակում է իր հաղթարշավը: Երկրի նախագահը դարձել է «Եվրոպայի մարդ», դրանից հետո Եվրոմիություն մտնելը մեզ համար խաղուպար կդառնա: Էդ «ոչ» ասողները հիմա էլ նախագահի ֆուտբոլային հրճվանքն ու ժպիտն են խոսելու թեմա դարձրել: Նալբանդյանը Ցյուրիխում չէր ժպտում, ասում են` ինչո՞ւ չէր ժպտում, նախագահը Բուրսայում ժպտում էր, ասում են` ինչո՞ւ էր ժպտում: Պապիս էշ ջրելու պատմությունը դարձավ, ջուրը տաք էի տալիս, ասում էր` էշիս բերանը վառել ես, սառն էի տալիս, ասում էր` էշիս բերանը սառեցրել ես: Շատ էի տալիս, ասում էր` էշս տրաքցրել ես, քիչ էի տալիս, ասում էր` էշս ծարավ ես թողել: Ստիպված էշ ջրելու գործը թողի իրեն:
Նախագահն ասում է`
- Նախապայմաններ չկան արձանագրություններում:
Ընդդիմությունն ասում է`
- Բա Հայոց ցեղասպանությունը, բա Ղարաբաղը նախապայման չեն ի՞նչ են, էդ որ մի թուրքը առանց նախապայմանի սահման կբացի, եթե փակել է նախապայմանով, ուրեմն բացելն առանց դրա չի լինի: Էդ մասին թուրքի նախագահն ու վարչապետն են ամեն օր ասում:
- Դուք ինչո՞ւ նրանց ասածին եք հավատում, իմ ասածին չեք հավատում, ե՞ս եմ ձեր նախագահը, թե՞ նրանք:
- Սահման բացողն էլ, փակողն էլ նրանք են, դուք չեք,- ասում է ընդդիմությունը:
- Արձանագրություններում նման բան չկա գրված, դուք խոսքի՞ն եք հավատում, թե՞ գրված տեքստին,- ասում է նախագահը:
- Տեքստի տակ ենթատեքստ կա,- ասում է ընդդիմությունը:
- Եզան տակ հորթ չկա,- ասում է ԱԳ նախարարը:- Տեսեք, Ադրբեջանում ինչ վայնասուն են դրել, իրենց թուրք եղբայրների դրոշներն են վառում:
- Էդ թամաշան մեր աչքին թոզ փչելու համար է, մենք չենք հավատում դրան,- ասում է ընդդիմությունը:
- Լավ, դուք ուզո՞ւմ եք մեր սահմանները բացվեն:
- Այո:
- Ձեր այո-ն ընդունե՞նք:
- Ոչ:
ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հրազդան