Վլադիմիր Պետրոսյանի «Գրիգոր Հարությունյանի ժամանակը», ինչպես հեղինակի նախկին, այս ժանրի պատմակագրական աշխատություններըՙ «Կոմս Լորիս-Մելիքով», «Անտոն Քոչինյան» եւ այլն, այս եռահատորը ավելի ծավալուն, քրտնաջան աշխատանքի արդյունք է: Նրանք ընդգրկում են Խ. Հայաստանի պատմության երկու տասնամյակների ամենածանր, դրամատիզմով լի տարիներըՙ 1937-1938 թվականները, 1941-1945 թթ. Հայրենական պատերազմ, 1949ՙ հայության մի հատվածի աքսոր, անհատի պաշտամունքի զոհեր եւ վերջապես ծաղկուն տարիներ, որոնց այդպես էլ չհասավ գրքի հերոսը: Նա վախճանվեց 57 տարեկան հասակում, իսկ ամիսներ անց մահացավ նրա 52-ամյա կինը: Սա գրքի ողբերգական, հուզումնալից վերջաբանն էՙ «Գնա մեռի, արի սիրեմ» կարգախոսով:
Եռահատորը մոնումենտալ աշխատություն է, այդ տարիների յուրաքանչյուր քաղաքացի, որը գեթ մեկ կաթիլ քրտինք է թափել հայրենիքի բարգավաճման ճանապարհին, կարող է իրեն գտնել գրքի էջերում: Այստեղ անուն առ անուն նշված են կոմկուսի այն 50 երիտասարդ անդամները, որոնք հունիսի 22-ին կամավոր մեկնեցին ռազմաճակատ եւ այլեւս չվերադարձան: Նշված են գիտության, տեխնիկայի, արվեստի բնագավառի բոլոր մրցանակակիրները, շքանշանակիր բանվորները, սոցիալիստական աշխատանքի հերոս, գյուղի աշխատավորությունը, այստեղ ոչ ոք եւ ոչինչ չի մոռացվել: Դրականն այն է, որ հեղինակն այս բոլորին բավականին նուրբ գրական վարպետությամբ կապել է հանրապետության առաջին դեմքիՙ Գրիգոր Հարությունյանի ղեկավարությանը, վերակենդանացրել, անմահացրել նրան եւ նրա շրջապատը: Թերեւս սա է գրքի ամենամեծ արժանիքը:
Այս եռահատորում կան խոր մտքեր. նկարագրվում են դեմքեր, դեպքեր, հիմնավորված են փաստեր, որոնք մտորելու, վերլուծելու, գնահատելու առիթ են տալիս: Իմ կարծիքովՙ Վլադիմիր Պետրոսյանի այս եւ մյուս աշխատությունները որակյալ դասագրքեր են այսօրվա երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակման հարցում:
Գրիգոր Հարությունյանի ժամանակի ութ տարիները (1945-1953 թթ.) եւ հետագա հիսունը ես աշխատել եմ Պետական անվտանգության մարմիններում, բավականին տեղեկացված եմ եղել, օգտվել ոչ միայն բաց, այլեւ փակ, հույժ գաղտնի լրատվական աղբյուրներից եւ կարող եմ հաստատել գրքում նշված մի շարք դրվագներ, քանզի եղել եմ դրանց շատերի լուռ վկան: Օրինակՙ գրքի 2-րդ հատորում «Գեներալ Կռուգլով» վերնագրի տակ հեղինակը նկարագրում է 1949 թ. հուլիսի 14-ի Հայաստանի բնակչության որոշ հատվածի աքսորը Ալթայի երկրամաս: Այդ ժամանակ ես 23 տարեկան լեյտենանտ էի եւ մասնակից եմ եղել այդ ծանր միջոցառմանը:
Գեներալ Կռուգլովն ինձ հայտնի էր Ռոգով ազգանունով: Ես այժմ էլ համոզված չեմ Կռուգլով կամ Ռոգով ազգանունների իսկության մեջ: Նշեմ, որ հատուկ ծառայությունների գործունեությունում ընդունված է ներկայանալը ծածկանունների, մականունների, կեղծ անվանումների շղարշի ներքո: 1937-1939 թ.. Հայաստանի ներքին գործերի ժողկոմն էր Խվորոստյանը: Նա կենտկոմի բյուրոյի անդամ էր եւ, ինչպես նշում է գրքի հեղինակը, գտնվում էր լարված հարաբերությունների մեջ առաջին քարտուղարի հետ: Այն տարիներին Գրիգոր Արտեմիչին մեծ դժվարությամբ էր հաջողվում փրկել ձերբակալումներից եւ նույնիսկ գնդակահարումներից մի շարք անվանի մարդկանց: Վերջապես 1939 թ. վերջերին Հարությունյանին հաջողվում է ազատվել Խվորոստյանից, սակայն նրան փոխարինում է Կրեմլի մի այլ դրածոՙ ժողկոմ Ալեքսեյ Կորոտկովը:
Խվորոստյանը ազգությամբ նույնպես ռուս էր, իրականում Վիկտոր Վասիլեւիչ Խվորոստով, իսկ հայ ներկայանալն ուներ հեռու նայող քաղաքական նպատակներ: Հանրության մեջ անհրաժեշտ էր ստեղծել տպավորություն, թե 1937-1938 թթ. հայերն իրենք էին իրենց ձերբակալում, գնդակահարում, այդ հարցում Մոսկվան իբր նույնիսկ իրազեկ չէր:
Սակայն վերադառնանք գեներալ Կռուգլովին: Հայերի աքսորը կազմակերպելու նպատակով նա Մոսկվայից Երեւան էր ժամանել մեծ անձնակազմով: Միջոցառումը իրագործվում էր խիստ գաղտնապահության պայմաններում: Ինչպես նշում է հեղինակը, նույնիսկ հանրապետության առաջին դեմքը տեղյակ չէր դրա մանրամասնություններին: Նրան պարզապես ներկայացրել էին աքսորի ենթակա անձանց մի մեծ ցուցակ, որոնցից քչերին, հատկապես գիտության եւ արվեստի, այսպես ասած, այլախոհներին, Հարությունյանին հաջողվեց փրկել այդ արհավիրքից: Ինձ, որպես միջոցառման մասնակցի, հանձնվել էր փակ ծրար, ամրացվել երկու կոմունիստ-ակտիվիստ եւ ներքին զորքերի երեք շարքայիններ, որոնցից մեկը բեռնատար ավտոմեքենայի վարորդն էր: Համաձայն հրամանիՙ ծրարը բացվեց առավոտյան ժամը 4-ին, եւ մենք մեկնեցինք Սարի թաղի հասցեով: Մասիս կայարանում, որտեղ կանգնած էր Բառնաուլ մեկնող բեռնատար գնացքը, ժխոր էր, աքսորյալների թիվը բավականին մեծ էր: Այնտեղ հանդիպեցի մի քանի ծանոթ դեմքերի, նույնիսկ ընկերների, որոնք 1937-1938 թթ. զրկվել էին ծնողներից: Ուղեղումս մի կայծակնային միտք առաջացավՙ աքսորյալների գնացքում կարող էին լինել նաեւ կնոջս մայրը, քույրը եւ, ինչու ոչՙ նաեւ կինս: Ընտանիքի հայրըՙ Նահապետ Կուրղինյանը 1938 թ. ձերբակալվել եւ գնդակահարվել էր:
Վերադարձա տուն, բախտս ինձ հետ էր, կնոջս ոչինչ չասացի: Ես նրան չէի կարող իրազեկ պահել, որ գիշերը աքսորում էի մի հայ ընտանիք, իսկ այդ նույն պահին մեկ ուրիշը կարող է աքսորել իմ հարազատին: Այդպիսին էին Գրիգոր Հարությունյանի ժամանակները...
Գրքի հատորների շատ էջերում կան դրվատանքի ջերմ խոսքեր Հարությունյանի հայրենասիրության, անվիճելի իմաստության, կազմակերպչական ձիրքի, մարդկային հատկանիշների, պարզամտության եւ ծայրահեղ ազնվության մասին: Հեղինակի կողմից բերված է մի օրինակ, որի իսկությանը ես լավատեղյակ եմ:
Գրիգոր Հարությունյանի աղջկաՙ Նամիի ծննդյան 20-ամյակը նշվում է բավականին համեստ, տան պայմաններում: Հրավիրվածների թվում լինում է նաեւ Լենինականի տեքստիլ կոմբինատի հանգուցյալ տնօրեն Գառնիկ Դարբինյանը: Այն ժամանակ նա 27 տարեկան էր եւ Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ամենաերիտասարդ ժողկոմն էր: Արարողությունը ավարտվելուց հետո դուստրը ցուցադրում է հորը երիտասարդ ժողկոմի նվերըՙ ադամանդյա ոսկե մատանի: Հաջորդ օրն առավոտյան Հարությունյանը հրավիրում է Դարբինյանին կենտկոմ, վերադարձնում նվերը, պատճառաբանելով, որ դրա արժեքը ժողկոմի աշխատավարձից մի քանի անգամ բարձր է, ազատում է Դարբինյանին պաշտոնից եւ ուղարկում Լենինական, ասելով. «Գնա եւ համոզվիր, թե ինչպիսի դժվարությամբ են տեքստիլ կոմբինատի բանվորները աշխատավարձ վաստակում»:
Այժմ եկեք միասին այս նույն առասպել-իրականությունը տեղադրենք մեր ժամանակներում: Ո՞ւմ հայտնի չէ, թե ինչպիսի ճոխությամբ են նշվում մեր նախարարների, օլիգարխների զավակների ծննդյան օրերը, առավել եւս հարսանյաց հանդեսները:
Եվ վերջինը, որ, իմ կարծիքով, հեղինակի հետաքրքրական վերլուծումներից մեկն է, շարադրված «Հանդիպում նախկին ռազմագերիների հետ» վերնագրի տակ: Այսօրվա պատմագրական աշխատությունների սեւ եւ սպիտակ էջերի հենքի վրա տալ ճիշտ եւ օբյեկտիվ գնահատական Հայրենական պատերազմի տարիների Դաշնակցություն կուսակցության որոշ գործիչներիՙ Դրաստամատ Կանայանի, Գարեգին Նժդեհի եւ այլոց վարքագծին, կարող էր համարձակություն ունենալ միայն լուրջ, բանիմաց եւ ազնիվ պատմաբանըՙ հանձին Վլադիմիր Պետրոսյանի:
Գաղտնիք չէ, որ Դրոն ուներ գերմանական բանակի բարձրաստիճան սպայի կոչում եւ համագործակցում էր զինվորական հետախուզությանՙ «Աբվերի» հետ: Նա անձամբ էր հավաքագրում հայ ռազմագերիներին եւ ուղարկում Հայաստան դիվերսիոն եւ ահաբեկչական հանձնարարություններով, եւ դա արվում էր այն պահին, երբ օսմանյան բանակը պատրաստ էր ներխուժելու Հայաստանի տարածքը:
Համամիտ եմ, որ նոր ժամանակներում գուցե եւ անհրաժեշտ է փաստերին նայել այլ աչքերով, վարդագույն ակնոցներով, ասել մեր խոսքը վերապահումներով, բայց չի կարելի խեղաթյուրել իրողությունը, պատմությունը, չէ՞ որ իսկապես եղել են նաեւ Գրիգոր Հարությունյանի ժամանակները: Հավանաբար այդպիսի մոտեցումներն են եղել պատճառներից մեկը, որ մեր պետության համարյա բոլոր ղեկավարների ճակատագրերըՙ սկսած Աղասի Խանջյանից, վերջացրած Կարեն Դեմիրճյանով, անավարտ են մնացել:
Չեմ կարծում, որ այսօր ներկաներից որեւիցե մեկը կառաջարկի կառուցել Երեւանում Գրիգոր Հարությունյանի հուշարձանը կամ տեղադրել նրա քարե կիսանդրին: Դրա կարիքը հիրավի չկա, այն արդեն իրագործել է դոկտոր Վլադիմիր Պետրոսյանը, նրա «կառուցած» եռահատորները խոսուն են, նրանք պատմում են Հայաստանի պատմության մի ողջ ժամանակաշրջանի մասին:
ՀԵՆՐԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Ազգային անվտանգության ծառայության պաշտոնաթող, գնդապետ