«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2009-11-03 | #200, 2009-11-04 | #201, 2009-11-05


Welcome papa ԿԱՄ «ԲԱՐԻ ԳՆԱԼՈՒՍՏ»

Ֆիլմ Armenian dream-ի մասին

Համանուն վերնագրով ներկայացում 2006 թ. բեմադրվեց Լոս Անջելեսում: Ներկայացման հիմքում լիբանանահայի, իրանահայի եւ հայաստանցու հանդիպումն էր օդանավակայանում: Ներկայացման իրադարձությունները մեկնարկում եւ ավարտվում են մաքսատանը` թողնելով բազմաթիվ հարցեր: Դերասան Միքայել Պողոսյանը նկատում է, որ ներկայացումը խաղացել են Սան Ֆրանցիսկոյում, եվրոպական բազմաթիվ երկրներում: Յուրաքանչյուր քաղաքում հանդիսատեսը ներկայացման ավարտին հարցնում էր, «Իսկ հետո ի՞նչ է լինելու»: Այս հարցերի պատասխանը հանդիսատեսը կարող է ստանալ նոր գեղարվեստական Welcome papa կամ «Բարի գնալուստ» ֆիլմում: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում, նրանք բախվում են հասարակարգի հետ շփման նոր դժվարություններին, խորթ բարքերին, հանդիպում հայի համար անսովոր իրավիճակներին ու փնտրում ելքեր: Ֆիլմում արտացոլված է հայ մարդու ազգային նկարագիրը, նույնիսկ ենթագիտակցորեն հայրենքին կապված լինելու ձգտումը:

«Ֆիլմը կինեմատոգրաֆիկական բարձր արժեք չի ներկայացնում: Ամեն ինչ պարզ է ու հասարակ: Հիմնական շեշտը դրված է փոքր գաղափարի եւ լավ դերախաղի, վարպետության վրա», ասում է Միքայել Պողոսյանը, որ մարմնավորում է հայաստանցուն:

Դերասանները պատմում են, որ նկարահանող խումբը փոքրաթիվ էր, հաճախ օգնության էին հասնում ընկերներն ու բարեկամները` տրամադրելով սեփական մեքենաներն ու առանձնատներըՙ դարձնելով նկարահանման հրապարակ: Ռեժիսոր Վահե Խաչատրյանը պատմում է, որ հաճախ նկարահանումներն անցկացնում էին առանց թույլտվության: Օրինակՙ օդանավակայանում փոքրիկ տեսախցիկով, հեռախոսով «մոտոր» ազդարարելով, մի քանի դուբլից նկարահանել են երեք հերոսների հանդիպումը: Իրանահայի կերպարը մարմնավորող Արա Դեղտրիկյանը հիշում է, որ օդանավակայանում ոչ ոք չէր էլ կասկածում, որ ընթանում են լուրջ նկարահանումներ: «Ամենից շատ զարմացել էին տեղի չինացիները: 3 անգամ միեւնույն մարդիկ տարօրինակ գլխարկներով, արտաքինով ու աչքի ընկնող բեղերով մոտենում են, բարեւում ու հեռանում: 3-րդ դուբլից հետո իրենց աչքերին չէին հավատում ու զարմացած մեզ էին նայում»:

Պրոդյուսեր Ռուբեն Պապյանը փաստում է, որ ֆիլմը ոչ թե American dream-ի մասին է, այլ` Armenian dream-ի, ուր պարզորոշ ուրվագծվում են հայրենիքի դերն ու նշանակությունը:

Ֆիլմով, թեեւ մասամբ, սակայն կյանքի կոչվեց Միքայել Պողոսյանի վաղեմի երազանքը: «Մի մեծ սեւ ցուցակ ունեմ, որ արտասահմանում ապրող հայերին վերադարձնեմ հայրենիք: Ֆիլմի գլխավոր գաղափարը դա է: Յուրի Վարդանյանն արդեն Հայաստանում է, Ռուբեն Պապյանն ու Վահե Խաչատրյանը նույնպես վերադարձել են: Կգա ժամանակը, երբ ֆիլմի վերջում օդանավում գտնվող բոլոր հայերը կվերադառնան հայրենիք», ասում է Պողոսյանը:

Դերասանները նշեցին, որ մտադիր են նկարահել ֆիլմի 3-րդ մասը: Իրադարձությունները կզարգանան Ղարաբաղում: Դերակատարները նույնն են, ռեժիսորը` մոսկվաբնակ Կարեն Հովհաննիսյանը: Դեռ պարզ չէ, թե գործողություններն ինչպես կընթանան ու ինչ ավարտ կունենան, բայց հստակ է, որ ֆիլմը նվիրվելու է Արցախյան հերոսամարտում զոհված տղաների հիշատակին: Դա էլ խորհրդանշական է. լիբանանահայի կերպարը մարմնավորող Ռոբերտ Հարությունյանն արցախյան հերոսամարտի ազատամարտիկ է:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4