Արգենտինայի Պուերտո Մադրին քաղաքում վերջնագիծը հատեց շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Չեմպիոնը որոշվեց ավարտական տուրում: Երիտասարդների մրցաշարում չեմպիոնի տիտղոսին հավակնում էին ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը եւ բելառուսցի Սերգեյ Ժիգալկոն: 13-րդ տուրում Ժիգալկոն ոչ-ոքի խաղաց Իվան Պոպովի հետ, իսկ Վաշիե-Լագրավը հաղթեց Դմիտրի Անդրեյկինին: Արդյունքում երկու շախմատիստներն էլ վաստակեցին հավասարՙ 10,5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Սերգեյ Ժիգալկոն արժանացավ արծաթե մեդալի: Բրոնզե մեդալի հարցը եւս վճռեցին լրացուցիչ գործակիցները: Երեք շախմատիստՙ լեհ Միխայ Օլշեւսկին, ռուսաստանցի Իվան Պոպովն ու ԱՄՆ-ը ներկայացնող Ալեքս Լենդերմանը վաստակել էին 9-ական միավոր: Բրոնզե մեդալը բաժին հասավ Օլշեւսկուն:
Մինչեւ նախավերջին տուրը մեդալի հավակնորդ էր նաեւ Հայաստանի միակ ներկայացուցիչ Ավետիք Գրիգորյանը: Սակայն 12-րդ տուրում Սերգեյ Ժիգալկոյից կրած պարտությունը ճակատագրական եղավ նրա համար: Ավարտական տուրում հայ շախմատիստը ոչ-ոքի ավարտեց պարտիան չինացի Յույ Յանիի հետ եւ 8,5 միավորով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը:
Կանանց մրցաշարում եւս չեմպիոնուհուն որոշեց լրացուցիչ գործակիցների աղյուսակը: Այստեղ միանգամից երեք շախմատիստուհիներՙ հնդիկ գրոսմայստեր Սվամինաթան Սոուման, պերուացի Դեյսի Կորին եւ թուրք Բեթյուլ Յիլդիզը վաստակել էին հավասարՙ 9,5-ական միավոր: Սոուման եւ Կորին 13-րդ տուրում պարտության մատնեցին համապատասխանաբար Օզթուրկ Կուբրային եւ Ժոզեֆինա Պաուլետին, իսկ Յիլդիզը ոչ-ոքի խաղաց Մանիշա Կիրանի հետ: Լրացուցիչ գործակիցներով աշխարհի չեմպիոնուհի հռչակվեց հնդիկ շախմատիստուհի Սվամինաթան Սոուման, 2-րդ տեղը գրավեց Դեյսի Կորին, իսկ բրոնզե մեդալը նվաճեց Բեթյուլ Յիլդիզը:
Հայաստանը ներկայացնող Աննա Հայրապետյանը ոչ-ոքի ավարտելով պարտիան արգենտինուհի Մարիա Ֆեռնանդեսի հետ, 6 միավորով գրավեց 28-րդ տեղը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Նկար 1. Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Վաշիե-Լագրավ