Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը երեկ հանդիպում է ունեցել Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ: Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով 2009-ին իրականացվող միջոցառումները: Ա. Բաղդասարյանն իրազեկել է Ռ. Սիմոնսին, որ ծրագրի համաձայն` բարեփոխումներ են կատարվում պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, իրավապահ մարմինների գործունեության ոլորտներում: Ռ. Սիմոնսն ասել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ ԼՂ խնդրի կարգավորման գործում Մինսկի խմբի գործունեությունը:
Ռ. Սիմոնսին եւ նրա գլխավորած պատվիրակությանն ընդունել են նաեւ արտակարգ իրավիճակների նախարարությունում, հանդիպմանը ներկա են եղել նախարար Մհեր Շահգելդյանն ու Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Էդիկ Բարսեղյանը , խոսք է գնացել ոլորտի հիմնախնդիրների եւ համագործակցության մասին: Սիմոնսը նշել է, որ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում աղետների կառավարման հիմնախնդիրները զգալի տեղ են զբաղեցնում, այնպես որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության առումով արտակարգ իրավիճակների նախարարությունը լուրջ դերակատարում ունի, եւ արդեն լավ նախապայմաններ կան հարաբերությունների հետագա զարգացման առումով` ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծումը Հայաստանում արդեն իսկ մեր երկրի ակտիվ մասնակցությունը Եվրատլանտյան աղետների նվազեցման եւ կառավարման ծրագրերում ավելի կամրապնդի եւ լուրջ հիմքերի վրա կդնի: Մ. Շահգելդյանը կարեւորեց Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում նախատեսված «Արմենիա-2010» ուսումնավարժանքների անցկացումը, որին, նախնական տվյալներով, կմասնակցի ավելի քան 20 պետությունների 1500 ներկայացուցիչ: