«Առաջինը Ադրբեջանն է, որ կզգա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արդյունքները: Բաքվի քաղաքական ճակատագիրը կախված է Թուրքիայի որոշումից: Թվում էր, թե Ղարաբաղի խնդիրը միանշանակ է Անկարայի համար: Պետք է հաշվի առնել, որ այդ հարցը չի ներառվել արձանագրություններում», ՌԱՀՀԿ կազմակերպած «Հայ-թուրքական դիվանագիտություն եւ Լեռնային Ղարաբաղը. համաձայնեցո՞ւմ, թե՞ ոչ» սեմինար-քննարկման ժամանակ ասաց փարձագետ Մանվել Սարգսյանը : Նա համոզված է, որ Անկարայի որոշումը` վավերացնել, թե ոչ արձանագրությունները, չափազանց կարեւոր է, հենց այդ որոշումը կազդի տարածաշրջանում նոր քաղաքական կոնֆիգուրացիաների ստեղծման վրա: «Թուրքիայի որոշումից է նաեւ կախված, թե ինչ իրավիճակ կստեղծվի Ղարաբաղի խնդրում: Եթե Մեջլիսը վավերացնի արձանագրությունները, կստեղծվեն այլ կոնֆիգուրացիաներ, մինչդեռ եթե Թուրքիան առաջ քաշի ղարաբաղյան հիմնախնդիրը որպես առանցքային պայման արձանագրությունների վավերացման համար, ապա տարածաշրջանում բոլորովին այլ կոնֆիգուրացիա կստեղծվի: Ամեն դեպքում Թուրքիան պետք է բարդ ընտրություն կատարի»:
ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն էլ ներկա փուլում արձանագրությունների վավերացումն ավելի կարեւոր համարեց, քան «ֆուտբոլային դիվանագիտությունը»: Հետո էլ դիվանագիտությունն ավելի շատ նման է ամերիկյան ֆուտբոլի, օրենքներն են տարբեր ու ավելի կոպիտ: Թուրքական կողմի նորությունը Հայաստանին ուղարկվող մարտահրավերներն են, որը կարծես նմանվում են հայկական կողմի վճռականության վերաբերյալ թեստերի քննության: Սակայն դա թեստ է նաեւ միջազգային հանրության համար: Կիրակոսյանը համոզված է, որ Հայաստանն այդ թեստը լավ է հանձնում: «ԼՂՀ հարցը արձանագրություններում չկա: Թուրքիայի համար դա նշանակում է, որ այնքան էլ հնարավոր չէ Ղարաբաղի հարցը կրկին բերել քննարկման: ԱՄՆ-ն ընդունում է, որ ղարաբաղյան բանակցությունները երկրորդ գծով ու ավելի դանդաղ են ընթանում: Ղարաբաղյան հարցը հայ-թուրքական հարաբերությունների հետ անմիջական կապ չունի ու նախապայման չէ», ասաց Կիրակոսյանը:
Փորձագետը գործընթացում տեղեկատվության թափանցիկության եւ քաղաքացիական մասնակցության անհրաժեշտություն է նկատում: Երկու երկրներն էլ այս հարցին թերի են մոտենում, ինչը հանգեցնում է ապատեղեկատվության: Կիրակոսյանը նոր օրացույց է նկատում հայ-թուրքական հարաբերություններում: Ըստ նրաՙ Թուրքիան մինչեւ փետրվար-մարտ ամիսը չի վավերացնի արձանագրությունները: «Դա պայմանավորված է նրանով, որ մոտենում է ցեղասպանության 95-ամյակը: Իհարկե, Անկարան մեծ ռիսկի է դիմում, քանի որ Հայաստանի համբերությունն անսպառ չէ»: Կիրակոսյանի խոսքերովՙ Թուրքիայից շատ բան են ակնկալում, Բրյուսելից եւ Վաշինգտոնից եկած մեսիջներն էլ, որ արձանագրությունները պետք է ողջամիտ ժամկետներում վավերացվեն, դա են փաստում: Կիրակոսյանի մատուցմամբՙ ղարաբաղյան խաղաղ գործընթացի վրա ազդող միակ կարեւոր գործոնը կարող է դառնալ Ռուսաստանի քաղաքականության մեջ տեղի ունեցող հնարավոր փոփոխությունը: Այդ փոփոխությունը կարող է կայանալ հայամետ ուղղվածությունից ավելի չեզոք դիրք անցնելու մեջ, ինչի հիմքում կարող է ընկած լինել Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների բարելավումը: Փորձագետը կարծում է, որ այդ կերպ Ռուսաստանը ԱՄՆ-ին եւ Եվրոպային կցուցադրի, թե պատրաստ է եւ կարող է ավելի կառուցողական համագործակցություն վարել: Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ նման փոփոխությանը Հայաստանը պատրաստ չէ: «Եթե Ռուսաստանը փոխի իր քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում, չեմ կարծում, որ Հայաստանը որեւէ պատասխան կամ դրան հակակշիռ կունենա»:
Կիրակոսյանը վստահ է, որ Ադրբեջանի հնչեցրած ռազմական սպառնալիքը ազդում է ոչ միայն տարածաշրջանի կայունության վրա, այլեւՙ որպես գործոն, ադրբեջանցի զինվորների վրա: Փորձագետը հավաստիացնում է, որ հայկական բանակն ավելի պրոֆեսիոնալ եւ պատրաստված է, քան ադրբեջանականը: «Հայկական բանակը տարածաշրջանում ամենաուժեղն է: Սա օբյեկտիվորեն ճիշտ է: Սակայն մեր բանակը տարածաշրջանում իրեն դիրքորոշում է որպես բացառապես պաշտպանական ուժ»: Նա չբացառեց, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսում, սակայն հավելեց, որ դա կարող է տեղի ունենալ 10-12 տարուց ոչ շուտ, քանի որ «Ադրբեջանը հասկանում է, որ եթե պատերազմ սկսվի, ապա տանուլ է տալու»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ