«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2009-11-04 | #201, 2009-11-05 | #202, 2009-11-06


ԳԵՐՄԱՆԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ՀՈԴՎԱԾ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ

«Բեռլիներ ցայթունգ» թերթի գլխավոր խմբագրին նամակ է հղել ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը` թերթի լրագրողին մեղադրելով Ղարաբաղի մասին խեղաթյուրված տեղեկատվություն տրամադրելու մեջ: Լրագրող Թոբիաս Ասմութը ընթերցողներին է ներկայացրել մակերերսային եւ աղճատված հոդվածՙ առանց խորամուխ լինելու ղարաբաղյան խնդրի դրդապատճառների եւ էության մեջ: «Եթե «Բեռլիներ ցայթունգի» համար խոսքի ու մամուլի ազատությունը հավասարազոր է ճշմարտության դեմ մեղանչելուն` դա միանգամայն այլ խնդիր է», ասված է «Ազգ» օրաթերթին ուղարկված հաղորդագրության մեջ:

ԼՂՀ ԱԳՆ-ից նշել են, որ Թոբիաս Ասմութըՙ լինելով ԼՂՀ-ում, ցանկության դեպքում անգամ չէր կարող չնկատել, թե անհավասար գոտեմարտում ահավոր զրկանքներ, ավերածություններ ու ցավ տեսած ժողովուրդն ինչպես է կարողացել իրականացնել ինքնորոշման իր իրավունքը, հերոսաբար հաղթահարել պատերազմի արհավիրքները, վերականգնել պետական ենթակառույցները, իրականացրել արմատական բարեփոխումներ ու կառուցել պետություն: «Երկրորդ աշխարհամարտից հետո գերմանացիները երազում էին միասնական պետության մասին, ապրում այդ գաղափարով: Չենք կարծում, որ գերմանական ժողովրդի այս ձգտումը մեկ այլ ժողովրդի կողմից կարող էր կասկածի տակ առնվել: 20 տարի առաջ գերտերությունների կամոք փլուզվեց Բեռլինի պատն, ու գերմանական ժողովուրդը ձեռք բերեց լիարժեք անկախություն», ասված է նամակում:

Մամուլի ծառայությունից փաստել են, որ ԼՂ-ում անկախությունը նվաճեցին առաջին հերթին չեզոքացնելով ադրբեջանական ագրեսիան, պաշտպանելով երեխաների, կանանց, ծերերի կյանքը: «Այդ պատճառով ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու կամքն ու իրավունքը: Անկախությունն ու ազատ ապրելու իրավունքը սկուտեղի վրա ինչ-որ մեկը չի մատուցել ԼՂ-ին: Եթե այսօր մեր հանրապետության բնակչությունը կազմում է ընդամենը 140.000 մարդ, դա Խորհրդային Ադրբեջանի ընդգծված հակահայկական քաղաքականության ցայտուն դրսեւորումներից է, այլապես այսօր ավելի քան 1.5 միլիոն ղարաբաղցի հայեր այլ պետությունների քաղաքացիներ չէին լինի: Ինչպես գերմանացիները ոչ վաղ անցալում, այսօր մենք ձգտում ենք ինքնիշխանության: 20 տարի էՙ գերմանացիները Բեռլինի պատի քարերն ու բեկորներն են փայփայում որպես սուրբ նշխարներ: Միանգամայն այլ իրողություն է Ղարաբաղում: Այստեղ սրբություն են դարձել հանուն անկախության, ազատ ապրելու իրավունքի ղարաբաղյան պատերազմում նահատակված զինվորների մարմարե հուշաքարերը: Ձեր թերթի թղթակիցը ոչ մի կերպ չէր կարող չնկատել դա», ասված է նամակում:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4