«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2009-11-04 | #201, 2009-11-05 | #202, 2009-11-06


ԼՂՀ. ՀԱՑԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ

Հացի խնդիրը կրկին հայտնվել է ԼՂՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է հաց արտադրող ձեռնարկությունների պատասխանատուների հետ եւ քննարկել ոլորտում առկա վիճակը:

Մինչ այդ տեսչական ստուգումներ են անցկացվել շուրջ երկու տասնյակ հացաթխման արտադրամասերում, որտեղ խախտումների մի շարք դեպքեր են արձանագրվել: Մասնավորապես, չեն պահպանվում սանիտարա-հիգիենիկ նորմերը, բացակայում են հացաթխման անհրաժեշտ պայմանները, վատ է կազմակերպվում մատակարարումը: Խախտումներով աշխատող ձեռնարկությունները տուգանվել են, իսկ 5 օբյեկտում նույնիսկ որոշակի ժամկետով դադարեցվել է արտադրությունը:

Ինչպես տեղեկացնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, շեշտելով հացարտադրությունում նորմալ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը, Արա Հարությունյանը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այդ հարցում պետությունը պատրաստ է օժանդակել գործարարներին: Այսպես, հացարտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները վերակառուցելու եւ բարեփոխելու համար դրանց տերերը կարող են արտոնյալ վարկեր ստանալ Արցախի ներդրումային հիմնադրամից: Դրա համար սահմանվել է մեկամյա ժամկետ, որն, ըստ վարչապետի, բավական է ձեռնարկությունում առկա խնդիրները լուծելու համար: Այդ ժամկետը լրանալուց հետո, դարձյալ խախտումներ ի հայտ բերելու դեպքում, կկիրառվեն խիստ միջոցներ:

Իրենց հերթին հացարտադրողներն ընդգծել են հացի գինը շուկայական տրամաբանության շրջանակում պահպանելու խնդիրը:

Տեղեկացնենք, որ վերջին օրերին մեկ ստանդարտ հացի գինը Ստեփանակերտում դարձել է 100 դրամ` նախկին 110 դրամի փոխարեն:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4