«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2009-11-04 | #201, 2009-11-05 | #202, 2009-11-06


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎՍ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ

Հաջորդ տարվա բյուջեի նախագծով սոցիալական ոլորտին կատարվելիք հատկացումների կրճատումը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանին այնքան էլ չի անհանգստացնում: Նախարարը ըմբռնումով է մոտենում, որ հաջորդ տարվա հատկացումը լինելու է երկու միլիարդ դրամով պակաս եւ կազմելու է 241.27 միլիարդ դրամ: Ավելացումները հիմնականում լինելու են կենսաթոշակային եւ գործազրկության ոլորտներում:

Գեւորգ Պետրոսյանի խոսքերով` «Գործազրկության նպաստ» ծրագրով որոշակի գումարներ աճել են կապված ՀՀ գործազրկության տոկոսի ավելացման հետ: Հայաստանում այս պահին գործազրկության մակարդակը 7 տոկոս է, տարեսկզբից ավելացել է ընդամենը 0.7 տոկոսով: Ավելացել են այս ծրագրի ծախսերը, քանի որ արտագնա աշխատանքի գնացողների թիվը սակավաթիվ է դարձել: Իսկ շարքային զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների թոշակի ծրագրով կա նվազում, դա պայմանավորված է կենսաթոշակառուների միջին տարեկան թվի 1293 մարդով նվազելու հանգամանքով: Ավելացումներ կան սոցիալական կենսաթոշակներ ծրագրով, մասնավորապես հիմնական չափը 8000 դրամ անփոփոխ թողնելու պայմաններում: Սոցիալական կենսաթոշակներ ծրագրով նախատեսվում է 6,5144 միլիոն դրամի չափով ծախս: Գ. Պետրոսյանի հաղորդած տվյալների համաձայն` ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը կկազմի 450 դրամ, աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը` մոտ 26 հազար դրամ: Վետերանների պատվովճարներ ծրագրով նախատեսվում է անփոփոխ թողնել պատվովճարի ամսական չափը` 20 հազար դրամ: Նախարարը նշեց նաեւ, որ ընտանեկան նպաստ եւ միանվագ դրամական օգնության ծախսը կկազմի շուրջ 31,023 միլիոն դրամ:

Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ծրագրով կպահպանվի նպաստի ամսական չափը` 18 հազար դրամը, երեխայի ծննդյան միանվագ նպաստ ծրագրով նախատեսվում է պահպանել 2009-ին նախատեսված նպաստի չափերը` առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում 50 հազար դրամ, երրորդ եւ ավելի երեխա ունենալու դեպքում` 430 հազար դրամ:

Նախարարը հայտնեց նաեւ, որ վարձատրվող հասարակական աշխատանքներ ծրագրով նախատեսվում է 689,5 միլիոն դրամի չափով ծախս` մեկ օրվա գումարը կկազմի 2400 դրամ: Գործազրկության նպաստ ծրագրով նախատեսվում է հատկացնել 4,536 միլիոն դրամի չափով ծախս, որի վճարման միջին տարեկան տեւողությունը 10 ամիս կլինի, իսկ նպաստի ամսական չափը կկազմի 18 հազար դրամ:

«Բժշկասոցիալական վերականգման, անաշխատունակության փորձաքննության ծառայություններ եւ հոգեկան առողջության վերականգնման ծառայություններ ծրագրով նախատեսվում է համապատասխանաբար 102,5 եւ 64,8 միլիոն դրամի չափով ծախս», նշեց սոցապ նախարարն ու հավելեց, որ պահպանվել է նաեւ մեկ հիվանդի օրվա բուժման միջին գինը` 11500 դրամ:

Այսպիսով` հաշմանդամների պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, վերականգման տեխնիկական միջոցներով ապահովում եւ դրանց վերանորոգում ծրագրով նախատեսվում է 857,5 միլիոն դրամի ծախս, անհրաժեշտ պարագաների թիվը կկազմի 13.631: Հաշմանդամներին սայլակներով եւ լսողական սարքավորումներով ապահովում ծրագրով նախատեսվում է 119,2 միլիոն դրամի ծախս, ձեռք կբերվեն 450 սայլակ, 1100 ռուսական արտադրության լսողական սարք եւ 218 եվրոպական արտադրության լսողական սարք:

Տարեցների շուրջօրյա ծառայություններ ծրագրով նախատեսվում է 1,359 միլիոն դրամի ծախս: Չորս ծերանոցներում խնամվող 1 տարեցի 1 օրվա խնամքի միջին գինը կկազմի այս տարի 3664 դրամ, իսկ սննդի մեկ օրվա միջին գինըՙ 1244 դրամ: Միայնակ տարեցների սոցիալական սպասարկում ծրագրով նախատեսվում է 91 միլիոն դրամի չափով ծախս, եւ սպասարկվելու են 1500 միայնակ տարեցներ ու հաշմանդամներ:

Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ ծրագրով նախատեսվում է 1,681 միլիոն դրամի չափով ծախս, երեխաների գիշերօթիկ խնամքի եւ պաշտպանության ծառայություններ ծրագրով նախատեսվում է 879,3 միլիոն դրամի չափով ծախս: Հաստատություններում խնամվող մեկ երեխայի մեկ օրվա միջին գինը կկազմի 4851 դրամ, իսկ սննդի մեկ օրվա միջին գինը կկազմի 1161 դրամ:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4