Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցությունը հավատարիմ իր հայտարարության (հոկտեմբերի 10, «Ազգ» օրաթերթ) Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեական արարք որակելու մասին, հանրության դատին է ներկայացնում համապատասխան օրենքի եւ Քրեական օրենսգրքի հոդվածներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հայտնի է, որ նմանատիպ նախաձեռնությամբ հանդես են եկել ՀՅԴ-ն եւ Կառավարությունը, որոնք Քրեական օրենսգրքում փոփոխությունների իրենց տարբերակներն են առաջարկել: Արմենական-ՌԱԿ-ի առաջարկի տարբերությունը կայանում է նրանում, որ առաջարկվում է նախ համապատասխան օրենք ընդունել, որով Ցեղասպանության փաստը կհայտարարվի «հանրահայտ եւ ապացուցման կարիք չունեցող», ինչը հնարավորություն չի տա որեւէ մեկին փորձել Ցեղասպանության փաստը վիճարկել դատական կարգով: Բացի դրանից, ըստ առաջարկվող օրենքի նախագծի, արգելվում է միջազգային փաստաթղթերում Ցեղասպանության վերաբերյալ «տարընթերցման տեղիք տվող պնդումներ ներառելը կամ նման պնդումներ ներառող փաստաթղթեր ստորագրելը կամ վավերացնելը» մեր պաշտոնատար անձանց կողմից: Սա նույնպես կարեւոր լրացում է, ինչը կարգելի իշխանություններին միջազգային փաստաթղթեր ստորագրել կամ վավերացնել, որոնցում Ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու փորձեր են կատարվում: Նշված օրենքից բացի առաջարկվում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքի 226 հոդվածում եւ լրացում կատարել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքի» 9-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում: Նման փոփոխություններով, ոչ միայն քրեորեն պատժելի կլինի Ցեղասպանության փաստի ժխտումը, այլեւ այն արդարացնելու փորձերը: Արմենական-ՌԱԿ-ը իր այս նախաձեռնությամբ ցանկանում է լրացնել այս օրերին շրջանառության մեջ դրված համապատասխան փոփոխությունների առաջարկները, դրանք ամբողջական դարձնելու նպատակով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Հայերի ցեղասպանության փաստի մասին
Սույն օրենքն ընդունվում է` հիմք ընդունելով ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից 22.11.1988 թվականին ընդունված «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը եւ նպատակ ունի փարատել Հայաստանի Հանրապետության ներսում եւ սփյուռքում ծագած մտահոգությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման շրջանակներում հայերի ցեղասպանության փաստի ճանաչման հարցում Հայաստանի Հանրապետության պաշտոնական քաղաքականության հետեւողականության վերաբերյալ:
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է Օսմանյան Թուրքիայի տարածքում 1915 թվականին ազգությամբ հայերի նկատմամբ գործադրված բռնությունները որպես հայերի ցեղասպանություն (այսուհետ` հայերի ցեղասպանություն) ճանաչելը:
Հոդված 2.
1. Սույն օրենքի 1-ին հոդվածում հիշատակված հայերի ցեղասպանության փաստը հանրահայտ է եւ ապացուցման կարիք չունի:
Հոդված 3.
1. Հայաստանի Հանրապետության բոլոր պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են աջակցել եւ նպաստել հայերի ցեղասպանության փաստի ճանաչմանը բոլոր միջազգային կազմակերությունների եւ պետությունների կողմից:
2. ՀՀ արտաքին գործերի նախարարը պարտավոր է մինչեւ յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել հաղորդում` հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումների եւ դրանց արդյունքների մասին: Հաղորդումն Ազգային ժողովում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ ընդունվում է ի գիտություն:
Հոդված 4.
Հայաստանի Հանրապետության բոլոր պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են աներկբա հաստատել կամ պնդել ցեղասպանության փաստը բոլոր միջազգային պայմանագրերում, հայտարարություններում ու այլ փաստաթղթերում, ուր այդ փաստը վերաբերելի է: Արգելվում է նման փաստաթղթերում տարընթերցման տեղիք տվող պնդումներ ներառելը կամ նման պնդումներ ներառող փաստաթղթեր ստորագրելը կամ վավերացնելը:
Հոդված 5.
Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված բոլոր իրավաբական անձինք եւ օտարերկրյա իրավաբանական անձանց ներկայացուցչություններն ու մասնաճյուղերը պարտավոր են թույլատրել իրենց աշխատակիցների մասնակցությունը ապրիլի 24-ին ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներին եւ նպաստել դրան:
Հոդված 7.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության օրենքը
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) լրացնել 226.1. հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ
«Հոդված 226.1. 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը ժխտելը
1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը հրապարակայնորեն` հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի, էլեկտրոնային լրատվության կամ հրապարակային միջոցառումների միջոցով ժխտելը, այն կասկածի տակ դնելը կամ դրա չափերի կամ ողբերգականության աստիճանը նվազեցնելը, ինչպես նաեւ այն արդարացնելը` պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հինգ հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ` մինչեւ երկու տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է կրկին անգամ` պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի տաս հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ` երկուսից մինչեւ հինգ տարի ժամկետով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության օրենքը
Հայաստանի Հանրապետության ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքում լրացում կատարելու մասին
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը փոփոխել` «քարոզելու» բառից հետո դնել ստորակետ եւ լրացնել հետեւյալ բառերով «հայերի ցեղասպանության փաստը ժխտելու, այն կասկածի տակ դնելու կամ դրա չափերի կամ ողբերգականության աստիճանը նվազեցնելու, ինչպես նաեւ այն արդարացնելու»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: