ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Բջջային կապի նոր օպերատոր ֆրանսիական «Օրանժը» նոյեմբերի 5-ից սկսեց իր գործունեությունը Հայաստանի շուկայում, ինչի կապակցությամբ երեկ հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ընկերության նախագահ Դիդիե Լոմբարը , փոխնախագահ Օլաֆ Սուանտին , «Օրանժ Արմենիա» ընկերության տնօրեն Բրունո Դյութուան եւ մարկետինգի մենեջեր Արամ Մկրտչյանը :
Դիդիե Լոմբարը նախ հայտնեց, որ «Օրանժը» գործում է 30 երկրներում, ունի 183 հազար աշխատակիցներ, միլիոնավոր հաճախորդներ եւ «Եվրոպայում երրորդ օպերատորն» է: Հայաստանում ընկերության գործունեությունը, ըստ ընկերության նախագահի, հատուկ նշանակություն է ստանում, նկատի ունենալով Հայաստանի եւ Ֆրանսիայի սերտ հարաբերությունները եւ հայ համայնքի ներկայությունը Ֆրանսիայում:
Օլաֆ Սուանտին շարունակեց աշխարհում «Օրանժի» գործունեության մյուս մանրամասների ներկայացումը եւ անդրադարձավ Հայաստանում իրենց ծրագրերին: Ըստ «Օրանժի» փոխնախագահի, բացի բջջային կապից, ընկերությունը ձգտելու է ինտերնետը հասանելի դարձնել բոլորին եւ ստեղծել անձնական բջջային ինտերնետ: Օլաֆ Սուանտին հայտնեց, որ Հայաստանում ստեղծվել է ուժեղ ցանց, ներմուծվել են նորագույն սարքավորումներ, իսկ աշխատակիցների թիվը հասել է 300-ի:
Բրունո Դյութուան ասվածին ավելացրեց, որ այս ընթացքում ընկերությունը կատարել է 90 մլն դոլարի ներդրումներ, բացի 300 աշխատակիցներից, ընկերության հետ անուղղակի աշխատում է եւս 800 մարդ: Նա ներկայացրեց «Օրանժի» Հայաստանում գործելու 5 կարեւոր սկզբունքներըՙ բոլորի համար հասանելի բջջային եւ ինտերնետ ծառայություններ, նորարարական ծառայությունների պորտֆել, լավագույն սակագներ, գերարագ ինտերնետ եւ ամենալավ սպասարկումը: Ընկերությունն ունի 2G եւ 3G տեխնոլոգիաներ, առաջիկա օրերին բացվելու են բազմաթիվ խանութներ, վաճառքի կետեր: Վճարումները հնարավոր կլինի կատարել առցանց, բանկով, փոխանցումով, կանխիկացման կետերում եւ այլ ձեւերով: Զանգերի սպասարկման կենտրոնը գործելու է շուրջօրյա: Բրունո Դյութուայի տեղեկացմամբ` արդեն 70 հազար հաճախորդներ են գրանցվել:
Արամ Մկրտչյանը ներկայացրեց ընկերության 4 հիմնական ծառայություններըՙ կանխավճարային քարտ, ամսավճարով քարտ, բիզնես քարտ եւ արագ ինտերնետ: Կանխավճարային ծառայությունում գործելու են 4 սակագնային պլաններՙ «Իմ ընկերները», «Իմ ժամանակը», «Իմ նամակները» եւ «Ստարտ»: Կան տարբերակներ, երբ ցանցի ներսում խոսակցության 1 րոպեն արժե 5 դրամ (Երեւանից, Գյումրիից եւ Վանաձորից դուրս): «Ստարտ» սակագնային պլանի դեպքում միանմանՙ 35 դրամ/րոպե սակագինն է ցանցի ներսում եւ դեպի այլ բջջային ցանցեր հեռախոսազանգի համար: Ինտերնետին միանալու համար 2 սարքավորումներ են առաջարկվումՙ «Ինտերնետ հիմա» մինչեւ 7,2 Մբիթՙ 9 հազար դրամ ամսական եւ «Ֆլայբոքսը»ՙ 16 հազար դրամ ամսական: Ընկերության մարկետինգի մենեջերը ներկայացրեց նաեւ «Օրանժի» մի շարք այլ առաջարկներ, որոնք նորություն կլինեն բջջային կապի շուկայումՙ անձնական եւ գործնական զանգեր 1 հեռախոսից, ռոումինգ 130 երկրներում առանց դեպոզիտի, հատուկ սակագներ միջազգային զանգերի համար, հեռախոսների զեղչային վաճառքՙ ընկերության ծառայությունների հաճախորդը դառնալիս եւ այլն:
Ընկերության ղեկավարները ընդգծեցին, որ նպատակ ունեն «Օրանժը» դարձնել թիվ 1 բրենդը Հայաստանում: Նրանք նաեւ այն կարծիքը հայտնեցին, որ «Վիվասել-ՄՏՍ»-ն ու «Բիլայնը» լուրջ մրցակիցներ են: