«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2009-11-04 | #201, 2009-11-05 | #202, 2009-11-06


ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՆԱԵՎ ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՍԲ ԿԻՐԱԿՈՍ ԵԿԵՂԵՑԻՆ

Իհարկե, թուրքահայ համայնքի միջոցներով, ինչպես Կեսարիայի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

Առաջիկա կիրակի Կեսարիայում կատարվելու է վերանորոգված Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծումը: Եկեղեցին Կ. Պոլսո հայոց պատրիարքարանի հովանավորությանը ենթակա այն 7 եկեղեցիներից է, որոնք Փոքր Ասիայի եւ երկրի հարավարեւելյան շրջանների երբեմնի հայաբնակ քաղաքներում են գտնվում: Այդպիսի եկեղեցիների շարքին է դասվում նաեւ Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցին, որի վերանորոգման մասին պաշտոնապես հայտարարվել է հոկտեմբերի 30-ին: Հայտարարությունը հենց Դիարբեքիրում անձամբ արել է Կ. Պոլսո հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Գերշ. Տ. Արամ արք. Աթեշյանը:

Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման մասին նշված է հայոց պատրիարքարանի պաշտոնաթերթ «Լրաբեր» կայքէջում: Ըստ տեղեկության, հոկտեմբերի 29-ին Թուրքիայի Հանրապետության հիմնադրման տարեդարձի հանդիսություններին մասնակցելու համար Անկարա հրավիրված Արամ արք. Աթեշյանը հաջորդ օրն այնտեղից ուղեւորվել է Դիարբեքիր, որտեղ նա այցելել է նորանշանակ նահանգապետ Հուսեյին Մութլույին: Նորին սրբազնությունը նոր պաշտոնում հաջողություններ է մաղթել նահանգապետին, ստանալով փոխարենը տեղեկություններ Սբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքների մասին:

Այնուհետեւ Արամ սրբազանը այցելել է Դիարբեքիրի «Սուրիչի» քաղաքամասի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշին, որի վարչական տարածքում է Սբ Կիրակոս եկեղեցին: Նրանք միասին մեկնել են եկեղեցիՙ տեղում ծանոթանալու իրավիճակին: Այնտեղ նրանց դիմավորել են թաղային խորհրդի եւ համայնքի անդամներն ու տարբեր հեռուստակայանների թղթակիցները: Արամ արք. Աթեշյանը հակիրճ անդրադարձել է եկեղեցու պատմությանըՙ ասելով. «Քաղաքում կա նաեւ Սբ Սարգիս եկեղեցին, նույնպես անխնամ վիճակում, որի նորոգման համար պակասում է անհրաժեշտ գումարը: Իսկ Սբ Կիրակոսը հարավարեւելյան Թուրքիայում մեր պատմությունը վառ պահող հայկական միակ եկեղեցին է»:

Վերջում սրբազան հայրն ավելացրել է. «Այսօր ժողովուրդ չունենք Դիարբեքիրում, սակայն կհուսանք, որ Թուրքիայում կամ արտասահմանում սփռված դիարբեքիրցիները զանազան առիթներով կգան եւ կայցելեն աղոթքի մեր այս տունը»: Ապա ներկաների միաբերան արտասանած Տերունական աղոթքով սկսվել են Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքները:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4