Փասադենայում ՀԲԸՄ-ն պատվում է արվեստագետին
Մեծապես գնահատելով արվեստագետի բացառիկ տաղանդն ու անառարկելի ավանդն օտար շրջանակներում հայ մշակույթի տարածման գործումՙ ՀԲԸ Միության հարավային Կալիֆոռնիայի շրջանային վարչությունը հատուկ միջոցառմամբ նոյեմբերի 6-ին պատվում է Էմիլ Գազազինՙ Փասադենայի Ալեք Մանուկյան կենտրոնում: Ըստ Ալին Խանջյանի («Արմինյն Միրոր-Սփեքթեյթր»), միջոցառմանը ներկա են գտնվելու Հայաստանից այդ առթիվ հատուկ հրավիրված արվեստի անխոնջ մշակ եւ արվեստագիտական բազմում հատորների հեղինակ Շահեն Խաչատրյանը եւ Նյու Յորքից ճանաչված արվեստաբան-գրող Ջո Լյուիսը: Տեղի է ունենալու գեղարվեստական ծրագիր, որին մասնակցելու են Վաչե Մանկերյանը (դաշնամուր) եւ տենորՙ Բակուր Քալանթարյանը:
Միջոցառման առթիվ բացվել է նաեւ Գազազի գործերի ցուցահանդեսըՙ երեք օրով: «Գեղարվեստի Հայրյան Հովանու» հիմնադիր տնօրեն Մանե Հայրյանը հանրությանը ներկայացնելու է արվեստագետի գործերը, որոնք մատչելի գներով վաճառվելու ենՙ ապահովելու որոշակի գումար հարավային Կալիֆոռնիայում ՀԲԸՄ-ի կրթական-մշակութային երիտասարդական ծրագրերի համար:
Բուն անունով Էմանուել Գազազյանը բազմակողմանի տաղանդի տեր արվեստագետ է եւ մեծ դեր ունի նրա ծագումը: Ծնվել է Հայաստանում, Գյումրիում, 1953 թվին: Հայրըՙ Արամ Գազազյանը հնակարկատ է եղել, մայրըՙ Սաթիկը աշխատել է տեղի թատրոնում եւ երաժշտական դպրոցում: Ունի երկու քույրՙ Ասիան եւ Էլբիսը: Ամուսնացած է եղել եւ ունի մեկ դուստրՙ Սաթե անունով, ծնված 1979-ին: Տասներկու տարեկանից Էմիլը հաճախել է Լենինականի Մերկուրովի անվան Գեղարվեստի դպրոցը, որից հետո 1968-ին ընդունվել է Երեւանի Թերլեմեզյանի անվան ուսումնարան, որն ավարտել է 1972-ին: Ապա հաջողությամբ ավարտել է նաեւ (1979-ին) Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1980-ին Էմիլը տեղափոխվել է Լոս Անջելես, Կալիֆոռնիա, որտեղ էլ ապրում եւ ստեղծագործում է այժմ: Մասնակցել է ցուցահանդեսներիՙ եվրոպական եւ ասիական մի շարք երկրներում, Ռուսաստանում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում եւ Կանադայում: 2003-ին Ֆլորենցիայի բիենալեի կողմից արժանացել է հեղինակավոր «Լորենցիո Մեդիչի» շքանշանին եւ 2007-ին դարձյալ Ֆլորենցիայի բիենալեի կողմից առավել նշանակալից «Լորենցիո իլ Մագնիֆիկո» (Մեդիչի) առաջին կարգի մրցանակինՙ քանդակագործության ասպարեզում ունեցած մեծ նվաճումների համար:
Որպես արվեստագետ նա անառարկելիորեն պահպանում է Հայաստանի ամենահին քաղաքներից մեկիՙ Գյումրու հարազատ մթնոլորտն ու կոլորիտը, որը նա մեծ վարպետությամբ կարողանում է միահյուսել Լոս Անջելեսի ժամանակակից բազմաբնույթ միջավայրի հետ: Նրա խոստովանությամբ արվեստի բնագավառում շատ բան է պարտական իր մորը, ով մոտիկից հետեւել է նրա առաջին քայլերին: Էմիլը սկսել է քանդակել յոթ տարեկանից: Նրա ստեղծագործ երեւակայության արդյունքում ծնվել են բրոնզե քանդակներ, յուղաներկ կտավներ եւ խառը արվեստի գործեր, որոնց շնորհիվ նա կարողացել է խորը կապեր հաստատել աշխարհի մեծագույն պատկերասրահների եւ թանգարանների հետ: Դրանց շնորհիվ էլ իր ստեղծագործությունները ճանապարհ են հարթել դեպի համաշխարհային շուկա:
Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր, վաստակավոր արվեստաբան, լուսահոգի Հենրիկ Իգիթյանը մի առիթով ասել է. «Հաճախ են հարցնում Էմիլին, թե ի վերջո ո՞վ է նա, արվեստի ո՞ր տեսակն է նախընտրում, եւ նա շատ հանգիստ ու բնական ձեւով պատասխանում է. «Ես հավասարապես ըմբոշխնում եմ տեսողական արվեստի բոլոր տեսակները: Դա նման է, որ մարդուն հարցնենՙ նա օ՞դը, ջո՞ւրը, թե՞ հողն է նախընտրում: Ես նկարիչ եմ, երբ նկարում եմ, գծանկարիչ, երբ գծում եմ, եւ քանդակագործ, երբ քանդակում եմ»: Նա մի անգամ ինձ ասել է, որ Աստծուց այլեւս ոչինչ չի խնդրում: «Աստված ինձ տվել է այն ամենն, ինչ երազում էի», ասել է: Ես իմ կողմից ոչինչ չունեմ ավելացնելու»:
Ընդամենը երկու ամիս առաջ Երեւանի «Ակադեմիա» պատկերասրահում բացվեց Էմիլ Գազազի նոր շրջանի քանդակների եւ կտավների ցուցահանդեսը, որը փայլուն հաջողություն արձանագրեց:
Գազազը չափազանց վառ երեւակայության տեր անձնավորություն է, լի դրամատիզմով եւ գունեղ պատկերայնությամբ: Բայց նրա ստեղծագործություններում գրեթե միշտ մի տեսակ մութ ու առեղծվածային, թաքնված մի երեւույթ կա, որը համառորեն հետապնդում է դիտողին: Վերջինս անտարբեր չի կարող մնալ, նա կցանկանա խորանալ ու բացահայտել նրա գործերը, անմիջական կապ հաստատել ներկայացված խորհրդանշանների հետ:
Վաստակաշատ արվեստաբան Շահեն Խաչատրյանն առաջին հերթին առանձնացնում է նրա քանդակները, որոնք խիստ զգացական են եւ հիշեցնելով անցյալի պատմական դրվագներն ու դեմքերը, նոր խոսք են ասում եւ կապվում ժամանակակից մտահոգությունների հետ: «Դրանք ծայր աստիճան արտահայտիչ են, ինքնատիպ ու խորիմաստ, ասում է նա, ավելացնելովՙ այնուհետեւ գալիս են նրա գրաֆիկական գործերը, որոնք չափազանց հետաքրքրական են եւ ապաՙ գեղանկարները: Իսկ այդ բոլորը, անշուշտ, սնվում է Շիրակի տաղանդներ ծնող հողից», եզրակացնում է նա:
Նյու Յորքի կերամիկայի քոլեջի «Արվեստի եւ դիզայնի» ֆակուլտետի դեկան Ջո Լյուիսը խոսելով նրա մասինՙ նշել է. «Նրա թեմաները զուգորդումն են զգայական խորհրդապաշտության եւ գրգռիչ ինքնադիտողական վերլուծության: Նրա գործերում գերակայում են գեղեցկությունը, սերը եւ արիությունը: Նա երկու աշխարհներիՙ Արեւելքի եւ Արեւմուտքի մշակույթների ստեղծագործ փիլիսոփայությունների անզուգական համակարգողն է»:
«Գեղարվեստի Հայրյան Հովանու» տնօրեն Մանե Հայրյանը, ով հանձն է առել ներկայացնել Էմիլի գործերը համաշխարհային շուկայում, գրել է. «Էմիլը մտածում է զգայարաններով, զգում է մտքով եւ իր տեսլականը վրձնի, բառերի կամ հատիչի բանաստեղծության է վերածում իր բազմաբնույթ ստեղծագործություններում: Նրա տեսլականը միջազգային արվեստի ընդունված սահմաններից այն կողմն է անցնում, ավելի հեռուն գնում: Այն ոչ միայն հետՙ դեպի վերածննդյան դարաշրջան է գնում կամ փորձում արագորեն փոփոխվող արվեստի «լեզուներին» տիրապետել, այլեւ բացահայտել ներկա մարդկային համընդհանուր թերություններն ու պայքարել դրանց դեմ»:
Հոր ցուցահանդեսի առթիվ հրատարակված ալբոմում արվեստագետի դուստրըՙ Սաթեն , փորձել է պարզաբանել, թե որտեղի՞ց են գալիս, ինչպե՞ս են ծնվում նրա կերպարները: «Դրանք ստիպում են Ձեզ դիտել եւ հավատալ այնպիսի բաների գոյությանը, որոնց մասին երբեք չեք էլ մտածել կամ երեւակայել: Դրանք իրենց ներսում գտնվող փոքրիկ թռչունի ձայնին են արձագանքում, հետեւում: Նրանք պատրաստ են իրենց աշխարհիկ կյանքը զոհաբերելու հանուն ճշմարտության: Ես չգիտեմ, թե ինչու Պիկասոն, օրինակ, պարում էր իր ներքնազգեստներով, կամ ի՞նչն էր որ, ի վերջո, կոտրեց Վան Գոգի սիրտը, բայց հաստատ գիտեմ, թե ինչու է հայրսՙ Էմիլ Գազազը, ներքուստ այրվում եւ չի հանգստանում:
Ինչքան հիշում եմ, նա ոչ մի օր ցած չի դրել իր վրձինը, հատիչը կամ ներկապնակը: Երբեմն մտածում եմ, թե արդյո՞ք ինչ-որ բան նրան անընդհատ հետեւում է: Նրա ներսում գտնվող փոքրիկ թռչունը մշտապե՞ս է արթուն, թե՞ դա ինչ-որ խելագարության նման մի բան է: Եվ եթե այդ խելագարությունը ճշմարտությունը բացահայտելուն է ծառայում, ապա մենք, կարծում եմ, պետք է թույլատրենք, որ այդ խելագարը պարի: Այստեղ ներողություն հայցելու կամ վիրավորված զգալու հարց չպետք է լինի: ...Այս խելագարը ապստամբություն է որոնում, ցանկանում է կրակի տալ եւ թողնել-հեռանալ: Նաեւ պահանջել քո ուշադրությունը: ... Իր գործերը Աստծո գոյությունն են փառաբանում: Նա պայքարում է կեղծ արվեստի, անփառունակ սիրո դեմ: Պատերազմը չի ավարտված, եւ եթե մենք վարագույրի ետեւից կամացուկ նայենք, ապա կտեսնենք Էմիլինՙ խոնարհորեն աշխատելիս եւ իր պատգամը քանդակելիս կամ նկարելիս: Պատգամ, որ իր հոգու ճյուղերի վրա թառած փոքրիկ թռչունն է հուշում, եւ դա սիրո ճշմարտությունն է: Խորը նայեք նրա այլանդակ, ծիծաղելի դեմքերին, գրոտեսկային բարեմասնություններով օժտված կանանց մարմիններին, պարող խեղկատակներին եւ թռչող ձկներին, եւ դուք անպայման այնտեղ կտեսնեք ճշմարտություն:
Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» եւ համակարգչային նյութերի պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ