«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2009-11-04 | #201, 2009-11-05 | #202, 2009-11-06


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՍԿՍԵՑ ՈՉ-ՈՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ

Լեւոն Արոնյանը Պյոտր Սվիդլերի հետ ոչ-ոքի արդյունքով սկսեց երեկ Մոսկվայում մեկնարկած Միխայիլ Տալի հուշամրցաշարը: Սպիտակներով խաղացող հայ շախմատիստը մրցակցի հետ հաշտություն կնքեց 37-րդ քայլին: Մեկնարկային տուրի կենտրոնական պարտիան Մագնուս Կառլսենի եւ Վլադիմիր Կրամնիկի մրցավեճն էր, որը վեցժամյա պայքարից հետո ավարտվեց խաղաղ ելքով: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաեւ Մորոզեւիչ - Լեկո, Գելֆանդ - Պոնոմարյով, Իվանչուկ - Անանդ պարտիաներում:

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարն այս տարի անցկացվում է 4-րդ անգամ: Այն շախմատի պատմության մեջ ամենաուժեղ կազմն ունի: Մրցաշարը ՖԻԴԵ-ի 21-րդ կարգի է, մասնակիցների միջին վարկանիշը 2764 է: Այս ցուցանիշը ռեկորդային է: Մինչ այդ մասնակիցների միջին վարկանիշով (2756) ամենաուժեղ մրցաշարը կայացել է 1996-ին իսպանական Լաս Պալմաս քաղաքում: Մրցաշարին մասնակցել են Գարի Կասպարովը, Անատոլի Կարպովը, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Թոփալովը, Վիշվանաթան Անանդն ու Վասիլի Իվանչուկը: Հաղթող էր ճանաչվել Գարի Կասպարովը:

Միխայիլ Տալի հուշամրցաշարի 10 մասնակիցներից 8-ըՙ Մագնուս Կառլսենը (2801), Վիշվանաթան Անանդը (2788), Լեւոն Արոնյանը (2786), Վլադիմիր Կրամնիկը (2772), Բորիս Գելֆանդը (2758), Պյոտր Սվիդլերը (2754), Պետեր Լեկոն (2752) եւ Ալեքսանդր Մորոզեւիչը (2750) տեղ են զբաղեցնում ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակի առաջին տասնյակում: Ռուսլան Պոնոմարյովն (2739) այդ ցուցակում 12-րդն է, Վասիլի Իվանչուկը (2739)ՙ 13-րդը:

Վիճակահանությամբ Լեւոն Արոնյանին բաժին է ընկել 4-րդ համարը: Առաջինը նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենն է, որի հետ ներկայումս պարապում է Գարի Կասպարովը: Կառլսենի վերջին ելույթը շախմատի «Մեծ սաղավարտի» մրցաշարում պարզապես շշմեցուցիչ էր: Նա մեծ առավելության հասավ մրցակիցների նկատմամբ: Հիշեցնենք, որ Տալի հուշամրցաշարին պատշաճ մակարդակով նախապատրաստվելու նպատակով Կասպարովի խորհրդով Կառլսենը նույնիսկ հրաժարվել էր Եվրոպայի թիմային առաջնությունից: Մասնագետները Կառլսենին համարում են հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը:

Առաջին 4 տուրերը կանցկացվեն Մոսկվայի «Նացիոնալ» հյուրանոցում, մնացած 5 տուրերի հանդիպումները կկայանան ԳՈւՄ-ի ցուցադրական դահլիճում: Շրջանային մրցակարգով անցկացվող Տալի հուշամրցաշարի ավարտից հետո, նոյեմբերի 16-18-ը ԳՈւՄ-ի դահլիճում կանցկացվի կայծակնային շախմատի աշխարհի հերթական առաջնությունը: Բացի հուշամրցաշարի մասնակիցներից, կայծակնային մրցաշարում հանդես կգան նաեւ Անատոլի Կարպովը, Ալեքսանդրա Կոստենյուկը, Լեյներ Դոմինգեսը, Ալեքսանդր Գրիշչուկը, Դմիտրի Յակովենկոն, Հուդիթ Պոլգարը, Սերգեյ Կարյակինը, Վուգար Հաշիմովը, Շահրիյար Մամեդյարովը, Եվգենի Բարեեւը, Վլադիսլավ Տկաչովն ու Չժոու Ցզյանչաոն:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը 2006-ին կայացած Միխայիլ Տալի առաջին հուշամրցաշարի հաղթողներից մեկն է: Նա Պետեր Լեկոյի եւ Ռուսլան Պոնոմարյովի հետ 9 հնարավորից վաստակել էր 5,5 միավոր: 2007-ին 6,5 միավորով հաղթող էր ճանաչվել Վլադիմիր Կրամնիկը: 2008-ին Արոնյանը հուշամրցաշարին չի մասնակցել, իսկ լավագույն արդյունքը ցույց է տվել Վասիլի Իվանչուկը (6 միավոր):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4