«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2009-11-05 | #202, 2009-11-06 | #203, 2009-11-07


«Ո՞Վ ԵՄ ԵՍ»

Քրդացած հայի ինքնության խառնաշփոթը

Ս. Բ. ստորագրությամբ թուրքերեն այս նամակը հրապարակվել է Կ. Պոլսո «Հայթերթ» կայքէջում: Թարգմանաբար ներկայացնում ենք.

«Որպես քրդացած հայՙ ուզում եմ ձեզ փոխանցել իմ մտահոգությունները: 28 տարեկան եմ, վերջին մեկ տարում ուսումնասիրում եմ, որ բացահայտեմ ծագումս: Գիտեմ, որ ուշացել եմ, սակայն վերջին մեկ տարում սկսեցի հաշտվել իմ հայկական ինքնության հետ, որից ձերբազատվելը եղել էր իմ գլխավոր ցանկությունը, որովհետեւ այդ ինքնության պատճառով ընտանիքիս մյուս անդամների պես ինձ էլ անարգեցին:

Մանուկ հասակում ինձ ոչ մի հայհոյանք այդքան չէր զայրացնում ու վիրավորում, որքան հայությանս առնչվող խոսքերը: Այսինքն, ինձ համար մեծագույն հայհոյանքը հայ կոչվելն էր: Չէի կարողանում ընդունել դա, ամաչում էի: Թեեւ ապացուցելու համար, որ հայ չեմ, բոլորից հաճախ մզկիթ էի գնում, Ղուրանը բոլորից ջանասիրաբար էի ընթերցում, սակայն ոչ մեկին չէի կարողանում համոզելՙ ինձ նորից հայ էին ասում: Նույն կերպ են վարվել նաեւ մեր մեծերը: Պապիկիս հայրը թունդ հավատացյալ էր, նույնիսկ իմամ է եղել: Իսկ պապս, ապացուցելու համար, որ մահմեդական է, նույնիսկ Մեքքա ուխտագնացություն է կատարելՙ ունեցած-չունեցածը ծախելու, երեխաներին սոված թողնելու գնով, բայցՙ ապարդյուն: Մեր ընտանիքին հայ են անվանում, Մուշում մեզ այդպես էլ ճանաչում են:

12-13 տարեկան էի, գյուղից ընկերոջս հետ գնացել էի գետՙ լողանալու: Հետո վիճեցինք, հանկարծ ինձ անվանեց «տըխա»: Իմաստը չգիտեի, սակայն զգում էի, որ իմ հայ լինելու հետ է կապված: Նրան այնպես ծեծեցի, որ խեղդվում էր: Երեք տարի առաջ միայն իմացա, որ հայերեն «տղա» բառն է: Մեծացել եմ մահմեդական միջավայրում, սակայն ես ինձ մահմեդական չեմ զգում: Ձեռք բերեցի Նոր կտակարանի թուրքերեն թարգմանությունը, կարդացի, առանձնապես շատ չտպավորեց: Արարչին են հավատում, բայց նրան ոչ Ղուրանում եմ գտել, ոչ էլ Նոր կտակարանում: Ծնված օրից քրդերեն եմ խոսում, թուրքերենը սովորել եմ դպրոցում, սակայն ինձ թուրք չեմ զգում, ոչ էլՙ քուրդ: Հետզհետե ծանրակշիռ է դառնում իմ հայկական ինքնությունը, սակայն հայերեն չգիտեմ: Այսինքն, չեմ կարող նաեւ հայ լինել: Բառի բուն իմաստով ինքնության խառնաշփոթի մեջ եմ: Ո՞վ եմ ես: Դպրոցում ամեն առավոտ աշակերտներին կրկնել եմ տալիսՙ «թուրք եմ», սակայն դրա համար ամենեւին էլ երջանիկ չեմ: Իմ մայրենի լեզուն քրդերենն է, բայց ես քո՞ւրդ եմ: Կարո՞ղ եմ առանց մեկ բառ հայերեն իմանալու, այն էլ ոչ քրիստոնյա լինելու պայմաններում, հայ դառնալ: Ծնողներս Մուշի Բուլանըխ գավառի Լիզ գյուղից են: Մահմեդական մի քուրդ ընտանիք կարեկցել եւ պահել է պապիս հորըՙ Խոսրովին եւ նրա մորըՙ փրկելով կոտորածից: Մեր գերդաստանի անդամների մի մասը սպանվել են, մյուսներըՙ փախել: Չգիտենք, թե ուր: Ես մեր գերդաստանից երեք հոգու անունը գիտեմ: Դա էլ մեծ դժվարությամբ իմացա. պապս չէր ասումՙ կարծելով, որ այդ անունների հետ կմոռացվի նաեւ մեր հայ լինելը: Բուլանըխի Լիզ գյուղից Տիգրան, Գրիգոր եւ Խոսրով... Ո՞վ եմ ես: Հա՞յ, թո՞ւրք, թե՞ քուրդ: Գուցե հարցի պատասխանը ընթերցողները տան»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4