«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2009-11-05 | #202, 2009-11-06 | #203, 2009-11-07


ՆԱՏՕ-Ն ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ԿՈՂՄԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ

«ՆԱՏՕ-ն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Այն դրական կանդրադառնա տարածաշրջանի կայունության վրա: Հարաբերությունների կարգավորումը երկու ասպեկտ ունի` տնտեսական եւ քաղաքական: Անկախ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունից, ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մեծ ծավալների է հասնում: Հարաբերությունների կարգավորման դեպքում այդ ծավալները կավելանան, եւ Հայաստանը եւս հնարավորություն կունենա արտահանելու իր ապրանքները Թուրքիայի տարածքով», երեկ կայացած հանդիպման ժամանակ գնահատելով հայ-թուրքական հարաբերություների կարգավորումըՙ ասաց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը :

Քաղաքական տեսակետից հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կայունացման նշան կլինի տարածաշրջանի համար, որը «լի է հակամարտություններով` ղարաբաղյան, ռուս-վրացական»: Սիմոնսը շեշտեց, որ ՆԱՏՕ-ն չի կարող դառնալ հայ-թուրքական մերձեցման մասնակից կամ պաշտպանել կողմերից որեւէ մեկին: «Հույս ունեմ, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն, քանի որ դրանք շաղկապված չեն մյուս հարցերի հետ: Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, այն լուծվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», հայտարարեց Սիմոնսը` ընդգծելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է շեշտը դնեն ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորման վրա:

Անդրադառալով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններինՙ դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նշեց, որ համագործակցությունը հաջող է ընթանում: Ծրագրի շրջանակներում իրականացվող նոր միջոցառումները համահունչ են Հայաստան-ՆԱՏՕ անհատական համագործակցության գործողությունների ծրագրին: Սիմոնսը հավելեց, որ ՆԱՏՕ-ն իր աջակցությունն է առաջարկել ՀՀ կառավարության պաշտպանության ոլորտում բարեփոխուներ իրականացնելուն: «ՆԱՏՕ-ն նաեւ նպաստում է ՊՆ-ին երկրի կարեւորագույն ռազմավարական փաստաթղթերի մշակման եւ ընդունման գործում», ասաց նա` հավելելով, որ Հայաստանը համաձայնել է հաջորդ տարի ընդունել արտակարգ իրավիճակների պլանավորման ու գործողությունների մշակման զորավարժությունները:

Սիմոնսը նշեց, որ ՆԱՏՕ-ն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հետ սահմանամերձ անվտանգության ապահովման եւ աջակցություն ցուցաբերելու հարցում: Հայաստանը դիմել է դաշինքին հայ-վրացական սահմանում տեխնիկական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: «Խոսքը վերաբերում է միայն տեխնիկական աջակցությանը, ինչը կօգնի Հայաստանին պայքարելու մաքսանենգության եւ ահաբեկչության դեմ»:

ՀՍՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4