Երեկ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը կազմակերպել էր «Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում» թեմայով քննարկում: Հանդիպումը նախագահում էր կազմակերպիչը` Ադրբեջանի դեսպան Մեհդիեւը: Վերջինս քաղվածքներ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններից, սովորության համաձայն աղավաղել դրանց էությունն ու բողոքել ՄԱԿ-ում Հայաստանի տարածած հուշագրի առթիվՙ այն որակելով «ապակողմնորոշող»: Քննարկմանը որպես հիմնական բանախոս Լոնդոնից հրավիրել էին Ադրբեջանի իրավական հարցերով խորհրդատու պրոֆեսոր Մայքլ Շոուին, որը ներկայացրեց Ադրբեջանի դիրքորոշումը պաշտպանող զեկույց: Սակայն քննարկման ընթացքում, մեղմ ասած, ադրբեջանական պատվիրակությունը խայտառակ եղավ:
News.am-ի հաղորդմամբ, զեկույցից հետո մեկնաբանություններով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը : Նա անդրադարձավ Ադրբեջանի դեսպանի ելույթի դրույթներին, արձանագրեց միջազգային իրավունքի տեսակետից դրանց անհիմն լինելու փաստը: Հայկական կողմը ներկայացրեց Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումերի եւ Արցախին պարտադրված լայնածավալ պատերազմի իրական պատմությունը, Ադրբեջանից Արցախի անջատման իրավական հիմքերը: Նազարյանը քննադատեց Շոուի զեկույցում տեղ գտած խեղաթյուրումները, անընդունելի ձեւակերպումներն ու իրավացիորեն տարակուսանք հայտնեց, որ միջազգային իրավունքի պրոֆեսորի կոչում ունեցող մարդը կարող է հայտարարել, որ ազգերի ինքնորոշման իրավունքը կիրառելի է պատմության միայն որոշակի ժամանակահատվածի` ապագաղութացման գործընթացների դեպքում, կամ որ այդ իրավունքը ստորադասվում է տարածքային ամբողջականությանը: Այս հայտարարությունը խուճապի մատնեց Շոուին: Անհարմար դրությունից դուրս գալու համար նա հայտարարեց, թե չլինելով դիվանագետ` չի կարող այդ մակարդակով բանավիճել Հայաստանի դեսպանի հետ: Հանդիպմանը կարճատեւ ելույթ ունեցան նաեւ Ուկրաինայի, Վրաստանի, Ռուսաստանի ներկայացուցիչները, որոնց ելույթները պրոֆեսորը հրաժարվել է մեկնաբանել:
Հ. Հ.