Երեկ Երեւանում մեկնարկեց ԱՊՀ երկրների մշակույթի բնագավառի ներկայացուցիչների ու փորձագետների «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակութային քաղաքականության նոր ուղիները» տարածաշրջանային գիտաժողովը: Այն նպատակ ունի մտքերի փոխանակման ու համատեղ առաջարկների մշակմամբ կարեւորել մշակութային բազմազանության կարեւորությունը երկրների փոխհարաբերությունների կայունացման ու խաղաղության հաստատման գործում:
Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ մշակույթի նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակի, ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի «Ինտերլինգվա» լեզվաբանական համալսարանի եւ Ռուսաստանի մշակութաբանության ինստիտուտի համագործակցությամբ:
Համաժողովը բացելովՙ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը, որում վարչապետը կարեւորել էր գիտաժողովի դերակատարությունն արդիական խնդրի մշակութային քաղաքականություն մշակելու հարցում: Նա նաեւ ընդգծել է. «Պետության դերը մշակութային քաղաքականության առաջնահերթությունների եւ ռազմավարության նպատակների սահմանումն է: Մշակույթի նշանակության ըմբռնման մակարդակը հասարակության մեջ կախված է մշակույթի ոլորտի եւ մշակութային քաղաքականության ընդհանուր կոնցեպտուալ սահմանումից»:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր հերթին կարեւորեց. «Ժամանակն է բացառելու որեւէ երկրի մշակութային ոլորտում առանձնաշնորհյալ լինելը եւ հարկ է այդ նպատակով մշակել ազգային մշակութային ավանդույթներից բխող մշակութային քաղաքականություն, որը հիմնված կլինի մշակութային բազմազանության կարեւորման սկզբունքի վրա»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության եւ միջազգային երկխոսության դեպարտամենտի տնօրեն Կատերինա Ստենուն իր ելույթը սկսեց հիացմունքի փաստումից. «Երեկ եղանք Մատենադարանում, եւ չեմ կարող չբարձրաձայնել հիացմունքս տեսածս մշակութային ժառանգության ինքնատիպությամբ ու հարստությամբ, որի պահպանությունը պետք է բոլորս կարեւորենք ու աշխատենք մշակութային բազմազանությունը հենց գլոբալիզացիայի վտանգներից խուսափելու նպատակով պահպանելու եւ զարգացնելու ուղղությամբ, խուսափենք մշակույթը զբոսաշրջիկին ընկալելի դարձնելու սկզբունքով զարգացման փորձեր անելուց»:
Համաժողովի մասնակիցներն աշխատելու են երկու լիագումար նիստերի, կլոր-սեղան քննարկումների շրջանակում:
Ն. ՊԵՏՐՈՍՅԱՆ