Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Մինսկի խմբի համանախագահների երեկվա հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվությունն առանձնապես լուր չի պարունակում: Ասվում է, որ Յուրի Մերզլյակովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) հետ հանդիպմանը ներկա են նաեւ եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Քննարկվել են ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին առնչվող մի շարք հարցեր, համանախագահներն իրազեկել են նախագահ Սարգսյանին Բաքվում ունեցած հանդիպումների մասին:
Ավելի վաղ` առավոտյան համանախագահները հանդիպել էին Է. Նալբանդյանի հետ: Նախագահի հետ հանդիպումից հետո համանախագահներից երկուսն, այնուամենայնիվ, մի քանի միտք լրատվամիջոցներին («Ազատություն») ասել են. Ֆասիե. «Մենք գտնվում ենք գետի (այցի) մեջտեղում. Մերզլյակով. «Քանի որ վերադառնալու ենք Բաքու, «գետի մեջտեղում» ասելով` պարոն Ֆասիեն նկատի ունի ոչ թե բանակցային գործընթացը, այլ մեր այցելությունը տարածաշրջան»: Մերզլյակովը հաստատել է լուրը, թե համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հասցրել են ներկայացնել իրենց առաջարկը` Սարգսյան-Ալիեւ նոր հանդիպման ժամկետի ու վայրի վերաբերյալ, բայց հստակություն չկա այդ հարցում, քանի դեռ Բաքվից չեն վերադարձել: