Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում տեղի ունեցած ֆորումի ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գործընթացին` նկատելով, որ իր երկիրը դրական է գնահատում հակամարտության լուծմանն ուղղված Ռուսաստանի ջանքերը: Ազիմովը կարծում է, որ ԱՄՆ-ն չպետք է հետ մնա այդ գործընթացից, քանի որ Ադրբեջանը վարում է հավասարակշռված բազմավեկտոր արտաքին քաղաքականություն: Նա կոչ է արել ԱՄՆ-ինՙ զգուշորեն վերաբերվել հայ-թուրքական հարաբերություններին, քանի որ այդ հարաբերությունները պարունակում են աշխարհաքաղաքական հզոր լիցք: Փոխարտգործնախարարը միտքը պարզաբանել է, որ ԱՄՆ-ն չափազանց եռանդուն է Թուրքիային մղել Հայաստանի հետ հարաբերությունների լավացմանը, ենթատեքստից դուրս մղելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: «Ընդ որում, նրանց հետաքրքրել է միայն սահմանի բացումը, ինչն էլ խնդիր է առաջացրել Ադրբեջանի հետ, ինչն ի վիճակի է ապակայունացնել վիճակը տարածաշրջանում: Գտնում եմ, որ ԱՄՆ-ը, որ շատ դրական բան է քաղել հենց ադրբեջանա-թուրքական հարաբերությունից, պետք է զգուշորեն վերաբերվի այդ հարաբերությանը», ասել է Ազիմովը: Ազիմովը ամերիկյան կողմի բացթողում է համարել այն, որ այդ երկրի պետքարտուղարը 1994-ից հետո չի ժամանել Բաքու, իսկ այս տարվա հուլիսից Բաքվում ԱՄն դեսպանի պաշտոնը թափուր է:
Հ. Հ.