Վերոնշյալ վերնագրով Տորոնտոյում (Կանադա) գործող «Զորյան» ինստիտուտից հրատարակման խնդրանքով ստացել ենք ամբիոնի վարիչ Ռոջեր Սմիթի հոդվածը, որի ամփոփ թարգմանությունը ներկայացնում ենք ստորեւ` զանց առնելով նախկինում քանիցս հրապարակված մեջբերումները:
Ցեղասպանական բոլոր դեպքերին մենք պետք է մոտենանք որպես համաշխարհային պատմության բաղկացուցիչ մասի: Եթե մենք հավատարիմ ենք մնալու «այլեւս երբեք» կարգախոսին եւ փորձելու ենք կանխել հետագա ցեղասպանությունները, ապա պարտավոր ենք նման կարեւոր իրադարձություններին վերաբերվել որպես համընդհանուր մտահոգության առարկան դարձած փորձառությունների:
«Նյու Յորք թայմսի» հոկտեմբերի 18-ի համարում, գրախոսելով Դանիել Գոլդհագենի նորՙ «Ավելի վատ, քան պատերազմը: Ցեղասպանություն, ոչնչացման դիտավորություն եւ շարունակական գրոհ մարդկության վրա» (Worse than War: Genocide, Eliminationism, and the Ongoing Assault on Humanity) վերնագրով գիրքը, Ջեյմս Տրոբը գրում է. «Բայց գիտակցված գործողությունների ոլորտից զանգվածային սպանությունների դուրս մղումն ինքնին բոլոր կողմերիՙ ինչպես գործադրողի, այնպես էլ մեզ համար վերականգնողական նշանակություն ունի, քանի որ ինչպե՞ս կարող է սովորական մարդը, որ կյանքն է փայփայում, հայտնվել նման խելագար վիճակում: Զանգվածային սպանությունների այս կոթողային եւ խորապես վրդովեցուցիչ իրական պատմության մեջ Դանիել Ջոնա Գոլդհագենը կոչ է անում վերջ դնել նման կանխամտածված կուրությանը: Նա պնդում է, որ ամենավատ դաժանությունները ծնունդ են առնում եւ հետագայում առաջ են մղվում ղեկավարների, ինչպես նաեւ նրանց հետեւորդների մշակած մի շարք գիտակցված հաշվարկների միջոցով: «Մենք պետք է դադարենք մեր քաղաքականության հասկացողության մեջ առանձնացնել միմյանցից զանգվածային ոչնչացում եւ զանգվածային սպանություն տարբերակները», գրում է Գոլդհագենը: Դաժանությունները մեկը մյուսի նման են: Նրանց տարբերությունները գուցե այն են, թե ինչպես են ձեւավորված ի կատար ածողների գաղափարախոսությունները, նրանց երեւակայությունները զտարյուն աշխարհի հանդեպ եւ պատկերացումներըՙ ոչնչացման ենթակա զոհերի նկատմամբ...»:
Գոլդհագենը իրավացիորեն քննադատում է ՄԱԿ-ին` ասելով, որ նրա ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ երկրների ներքին գործերին չմիջամտելու հիմնարար սկզբունքները որպես «զենք» են օգտագործում Սուդանի եւ այլ երկրների ղեկավարներըՙ իրենց իսկ ժողովուրդների մի մասին բնաջնջելու քաղաքականությունը իրագործելիս:
Այս բոլորը հետաքրքրական են թուրք-հայկական արձանագրությունների ստորագրման լույսի ներքո, երբ աշխարհի տարբեր կողմերից (հատկապես նրանցից, ովքեր դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը) հնչում են հայտարարություններ, թե Ցեղասպանության վերաբերյալ բանավեճը բացարձակապես Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ է եւ խառնվել պետք չէ: Հոկտեմբերի 10-ին, օրինակ, արձանագրությունների մասին հաղորդելիս BBC-ի լրագրողը նշեց. «Հայերը պնդում են, որ Ցեղասպանություն է, իսկ թուրքերը ասում ենՙ ոչ»: Ունկնդիրը չգիտի` ո՞ւմ հավատա: Անցյալ ապրիլին, Թուրքիա այցելելու օրերին, նախագահ Օբաման խուսափեց անմիջապես առնչություն ունենալուց եւ օգտագործեց «Մեծ եղեռն» բառերը:
Տպավորությունն այն է, որ կարծես այս խնդիրը միայն Հայաստանին եւ Թուրքիային է վերաբերում եւ ուրիշ ոչ ոքի:
Հետաքրքրական է իմանալ, թե արդյո՞ք Ռուանդայի պարագայում հարցը միայն հութուներին եւ թութսիներին էր վերաբերում: Չէ՞ որ դրանում ներառվեցին Բելգիան, Ֆրանսիան, Բուրունդին, Ուգանդան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Մ. Նահանգները եւ ՄԱԿ-ը: Ութ հարյուր հազար զոհերի փաստը ցնցեց բոլորիս, որովհետեւ դա միջազգային բոլոր օրենքների եւ իրավունքների ակնհայտ խախտում էր: Իրադարձությունները հեռասփռվեցին բոլոր հեռուստատեսային կայաններով, եւ ոչ ոքի մտքով չանցավ ասել, որ այդ ողբերգությունը միայն հութուներին եւ թութսիներին է վերաբերում:
Նույնը պետք է արվի նաեւ Հոլոքոսթի եւ Հայոց ցեղասպանության պարագաներում: Ի դեպ, Հայոց ցեղասպանությունն ակադեմիական շրջանակներում ընդունված է կոչել «արդի ցեղասպանությունների նախատիպը»: Դրա դասերը միջազգային հնչեղություն ունեն: Դրանցից մեկն այն է, թե ինչպես նման ոճրագործության ժխտումը կամ անտեսումը կարող է առաջացնել ուրիշ ոճրագործություններ: Լավագույն օրինակները տվել են Ադոլֆ Հիտլերը եւ Ալբերտ Սպիրը:
Ցեղասպանության հետագա գործադրումները կանխելու համար մենք պարտավոր ենք մարդկանց իարզեկել, որ դա համայն մարդկության համար անասելի պատուհաս է: Բոլորը պետք է իմանան այս մասին: Համընդհանուր գիտակցությունից հրաժարվելը նշանակում է նսեմացնել Ցեղասպանության կանխարգելումը:
«Զորյան» ինստիտուտը հետամուտ է իրազեկման այս գործընթացին եւ բազմիցս ապացուցել է իր պարտավորվածությունը դրան:
Հայ-թուրքական արձանագրությունների ներկա փուլում մեր նպատակն է բոլոր շահագրգիռ կողմերին (Հայաստան, Թուրքիա, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրներըՙ Մ. Նահանգներ, Ռուսաստան, Ֆրանսիա, ինչպես նաեւ ԵՄ ներկայացուցիչ Շվեյցարիան) ուշադրությանը հանձնել այն, որ Հայոց ցեղասպանությունը պատմական անհերքելի փաստ է, բաղկացուցիչ մաս է կազմում համամարդկային, համընդհանուր փորձառությանը եւ երբեք չի կարող փոխզիջման առարկա կամ նյութ դառնալ: Ավելին, այն ժխտելու, նսեմացնելու կամ միայն հայերին ու թուրքերին վերաբերող հարց ներկայացնելու ամեն փորձ հանդիպելու է տվյալ բնագավառի միջազգային ճանաչման արժանացած մասնագետ-գիտնականների, իրավաբանների եւ մարդու իրավունքների պաշտպան-ակտիվիստների վճռական դիմադրությանը: Այս մասին պրոֆ. Ուիլյամ Ա. Շաբասը բաց նամակ է հղել նախագահ Սարգսյանին եւ վարչապետ Էրդողանին, որտեղ նշված է, որ Հայոց ցեղասպանության փաստը հիմք պետք է ծառայի (եւ ոչ թե եզրակացության մաս դառնա) հետագա ուսումնասիրությունների: «Աշխարհը չի ընդունելու որեւէ հետաքննություն, որ հարցականի տակ կդնի նացիստական Հոլոքոսթի, Ռուանդայում թութսիների բնաջնջման եւ Հայոց ցեղասպանության ճշմարտությունները», ասված է ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի պրեզիդենտի նամակում:
Ընդունելով հանդերձ, որ ժամանակակից թուրքերը մեղավոր չեն Ցեղասպանությունը գործելու մեջ, նրանք, այդուհանդերձ, մեր կարծիքով պատասխանատու են ժխտման քաղաքականությունը որդեգրելու եւ առաջ տանելու համար: Ժխտումը համարվում է Ցեղասպանության վերջնական փուլը, որը շարունակվելով չի թողնում, որ վերապրողների եւ նրանց ժառանգների բաց վերքը սպիանա:
«Հայոց ցեղասպանությունը համաշխարհային պատմության մի մասն է կազմում, եւ եթե ցանկանում ենք կանխել հետագա ցեղասպանությունները, ապա ցեղասպանական բոլոր արարքներն ու դեպքերը մենք պետք է դիտարկենք որպես «ունիվերսալ»ՙ համամարդկային փորձառություն, որը բոլորի մտահոգության առարկան է», եզրակացնում է Ռոջեր Սմիթը:
Թարգմ. Հ. Ծ.