Անդրադարձավ Հայաստանի վարչապետը հանդիպումների ընթացքում
Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Արմթեք-2009» համաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 5-ին այցելել է Ստենֆորդի համալսարան, եղել SLAC գծային արագացուցչի կենտրոնում, ինչպես նաեւ հանդիպել է Ստենֆորդի հայ ուսանողների միության ներկայացուցիչների հետ: Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Sequoia Capitals ընկերության ղեկավարների հետ, այցելել «Միացյալ Նահանգների վենչուրային գործընկերներ» հաստատություն, որտեղ քննարկել է Հայաստանում վենչուրային կապիտալի զարգացման հնարավորությունները: Ամերիկյան գործարարները հանդիպման ժամանակ նշել են, որ հատկապես վենչուրային կապիտալը Հայաստանում կարող է հաջողություններ ունենալ, որոնք ապահովելու համար անհրաժեշտ է որոշակի աշխատանք իրականացնել:
Տիգրան Սարգսյանը եղել է նաեւ Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանում, ելույթով ողջունել է «Հայաստանի մրցունակության օրակարգը» խորհրդաժողովի մասնակիցներին: Տիգրան Սարգսյանը խոսել է «Հայկական աշխարհի» հայեցակարգի կիրառության մասին: «Հայկական աշխարհն ունի հատուկ համեմատական առավելություններ, որ արտահայտվում են գլոբալ մակարդակով ինքնակազմակերպման ցանցային կառուցվածքով, ինչի շնորհիվ կարող է կարեւոր դերակատարություն ունենալ առավել բազմազան, բազմամշակութային ու բազմադիսցիպլինար ցանցերում: Մեր խնդիրն է բաց լինել այն նոր գիտելիքի նկատմամբ, որ մեզ հնարավորություն է տալիս մուտք գործել նշված համակարգեր ու դառնալ Հայաստանը հետինդուստրիալ հասարակություն դարձնելուն օժանդակողներ», ասել է վարչապետը:
Անդրադառնալով կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին, Տիգրան Սարգսյանը նշել է. «Ճգնաժամը հաղթահարելու մեր ռազմավարությունն ունի երկու հիմնական բաղկացուցիչ: Առաջինըՙ կարճաժամկետ ու միջնաժամկետ միջոցառումներն են, որոնք մեղմում են ճգնաժամն ու խթանում են տնտեսությունը, իսկ կառավարությունն ավելի թիրախավորված է կատարում բյուջետային ծախսերը: Ճգնաժամն առավել պարզ վեր հանեց Հայաստանի տնտեսության թույլ կողմերը, որոնց հաղթահարմանն ակտիվորեն անդրադառնում ենք: Բայց նաեւ ցույց տվեց մեր չօգտագործված ներուժը խթանելու հնարավորությունները: Այդպիսովՙ մեր հակաճգնաժամային ծրագրի երկրորդ բաղկացուցիչը դառնում է ապագայի մեջ ներդրումն ու համագործակցության համար հնարավորությունների ստեղծումը»:
Նշենք, որ «Արմթեք-2009» կոնգրեսի բացումը նախատեսված էր նոյեմբերի 6-ին (երեկ) Սան Խոսե քաղաքում:
Ա. Մ.