ՀՀ-ԵՄ համագործակցության ծրագրով լայնածավալ բարեփոխումներ են նախատեսվում նաեւ Հայաստանի կրթական համակարգում: ԵՄ կրթական համակարգի` Հայաստանի կրթական համակարգում ընդլայնման ծրագրի հաստատման եւ իրականացման աշխատանքային խումբը 4 ամսվա ընթացքում մշակելու է բարեփոխումների ծրագիր:
Աշխատանքային խմբի երեկվա նիստը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը : Նա նշել է, որ բարեփոխումների նպատակը Հայաստանի միջին մասնագիտական, բուհական, հետբուհական կրթական համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելն է. «Կրթության ոլորտում պետք է իրականացվեն բովականդակային բարեփոխումներ, կրթական ծրագրերը եւ չափորոշիչները պետք է համապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին: Հայաստանի եւ ԵՄ անդամ երկրների միջեւ անհրաժեշտ է ստեղծել միջբուհական համագործակցության մեխանիզմներ, զարգացնել վերապատրաստման եւ որակավորման հնարավորությունները, ապահովել կրթություն-տնտեսություն կապի սերտացումը»:
Բարեփոխումները ենթադրում են նաեւ գիտական համագործակցության խթանում, ընդհանուր ռազմավարական գործունեության մշակում, ԵՄ շրջանակային ծրագրերին Հայաստանի գիտական կազմակերպությունների եւ անհատ գիտնականների` առավել ակտիվ մասնակցություն, եվրոպական ուղղվածության կրթական հաստատությունների զարգացում: