Իրացման գոտիների եւ դրանց բնակիչների ճակատագրի վերաբերյալ մեր հարցումին
Մեր նախորդ հրապարակմամբ («Իրացման գոտիների բնակիչները պատանդների կարգավիճակում», «Ազգ», 29 հոկտեմբերի 2009) հրապարակման մեջ նշել էինք, որ իրացման գոտիների եւ դրանցում բնակվողների ապագայի անորոշությունը հստակեցնելու նպատակով հարցեր էինք ուղղել Երեւանի քաղաքապետին եւ Հայաստանի կառավարությանը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր հարցերի պատասխաններն արդեն ստացել ենք:
1. Խնդրում ենք հայտնել, թե մայրաքաղաքի գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում իրացման աշխատանքները սկսելու վերջնաժամկետները Երեւանի քաղաքապետարանն առաջարկելո՞ւ է հերթական անգամ երկարացնել, թե՞ դրանք ի վերջո կսկսվեն կառավարության սահմանած ժամկետներում:
- Հասարակության եւ պետության կարիքների համար օտարվող սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ, եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` իրավական ակտերում փոփոխությունները կամ լրացումները կատարում են միայն իրավական ակտն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը: Իրավաuտեղծ մարմինն իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կարող է կատարել միայն նույն տեuակի իրավական ակտով: Եթե նույնիսկ, Երեւանի քաղաքապետարանը ներկայացնի նման առաջարկություն, ապա այն կլինի հիմնավորված, օբյեկտիվ պատճառներով եւ կբխի Երեւանի քաղաքի զարգացման ծրագրերից:
2. Որքանո՞վ է արդարացի տարիներ շարունակ իրացման գոտիների բնակիչներին պահել իրենց սեփականության իրավունքը ազատորեն տնօրինելու սահմանափակումների մեջ, միաժամանակ չպարտադրելով կառուցապատողներին կատարել իրենց վրա դրված ժամկետային պահանջները կամ չվերացնելով հանրային գերակա շահը այդ տարածքներում:
- Գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում օտարվող սեփականության սեփականատերերը ազատորեն կարող են տնօրինել իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքը, իրենց հայեցողությամբ, կատարել oրենքին չհակաuող եւ այլ անձանց իրավունքներն ու oրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իրենց գույքը որպեu uեփականություն oտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի oգտագործման, տիրապետման եւ տնoրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնoրինել այլ եղանակով:
Նույնությամբ հրապարակելով քաղաքապետարանից ստացված պատասխանները, այնուամենայնիվ, ստիպված ենք որոշ դիտարկումներ կատարել դրանց վերաբերյալ:
Առաջին տպավորությունն այն է, որ հարցերն ու պատասխանները միմյանց հետ կապ չունեն: Մասնավորապես, առաջին հարցն այն է, թե քաղաքապետարանն առաջարկելո՞ւ է հերթական անգամ երկարացնել իրացման աշխատանքները սկսելու վերջնաժամկետները, թե՞ դրանք կսկսվեն կառավարության սահմանած ժամկետներում: Կարծում ենք, որ հարցն այնքան էլ բարդ չէ եւ արդիական է այն առումով, որ մի շարք տարածքներում իրացման աշխատանքները վերսկսելու վերջնաժամկետ է սահմանված 2010-ի հունվարի 1-ը, որին մնացել է մոտ 2 ամիս:
Վերոնշյալ պարզ հարցին տրամաբանական կլիներ ստանալ պատասխան, որ Երեւանի քաղաքապետարանը կա՛մ հանդես է գալու ժամկետները երկարացնելու առաջարկով, կա՛մ հանդես չի գալու նման առաջարկով, կա՛մ դեռեւս որոշված չէ, թե հանդես գալո՞ւ է առաջարկով, թե՞ հանդես չի գալու: Փոխարենը, ասես իմանալով, որ ժամկետները երկարացնելու առաջարկի հիմնավորվածության կամ օբյեկտիվության վերաբերյալ լուրջ կասկածներ կարող են լինել, քաղաքապետարանը շտապել է նշել, որ եթե նման առաջարկ լինի, ապա «այն կլինի հիմնավորված, օբյեկտիվ պատճառներով եւ կբխի Երեւան քաղաքի զարգացման ծրագրերից»: Սրանից, թերեւս, կարելի է ենթադրություններ անել Երեւանի քաղաքապետարանի մտադրությունների մասին, բայց քանի դեռ դրանք ենթադրություններ են, առայժմ զերծ մնանք մեկնաբանություններից:
Երկրորդ հարցի պատասխանի վերաբերյալ: Ո՞ւմ համար գաղտնիք չէ, որ իրացման գոտիներում թեեւ օրենքը թույլ է տալիս առուվաճառք կատարել որոշ ընթացակարգեր անցնելուց հետո, գործնականում դա անհնար է, քանի որ իրացման գոտիներում գույք ձեռք բերել ցանկացողներ չեն լինում: Բացի այդ, մի՞թե Երեւանի քաղաքապետը կամ մյուս պաշտոնյաները չգիտեն, որ, օրինակ, նույն իրացման գոտիներում շինարարություն իրականացնել արգելվում է: Հենց քաղաքապետարանից են նման պատասխան ստացել իրենց տնամերձում շինարարություն սկսելու ցանկություն ունեցողները: Կամ քաղաքապետարանում տեղյակ չե՞ն, որ իրացման գոտում գտնվող տունը նորոգելու դեպքում գույքի գնահատման ժամանակ այդ ծախսը չի փոխհատուցվում: Տեղյակ են անշուշտ: Իսկ եթե այս ամենին տեղյակ են, բայց նման պատասխան են տալիս, ապա ավելի լավ է` իրենք որոշեն, թե ինչ են ձեւանում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ