Երեկ Ազգային ժողովում բյուջետային քննարկումները շարունակվում էին: Սովորաբար բյուջետային հոսքերը ներկայացնելուց հետո պատգամավորները հարցեր են ուղղում զեկուցողին: Երեկ ԲՀԿ-ից Վարդան Բոստանջյանն ու ՀՀԿ-ից Հերմինե Նաղդալյանը խոսակցություն բացեցին արտաբյուջետային միջոցների վերաբերյալ, որոնք նախարարություններում եւ այլ հիմնարկներում ծառայում են որպես վճարամիջոց` լրացնելով ոչ բարձր աշխատավարձերը: Հերմինե Նաղդալյանն «Ազգի» հետ զրույցում նկատեց, թե մի քանի տարի առաջ սկզբունքային որոշում եղավ, եւ բոլոր ֆոնդերը բերվեցին բյուջե` արտաբյուջետային ֆոնդ հասկացությունը վերացնելով որպես այդպիսին. «Հետո տարբեր ոլորտներում կամաց ինքներս նահանջելով` եկանք հասանք նրան, որ տարբեր ոլորտներում նորից ունենք արտաբյուջետային ֆոնդեր: Խոսքն ընդհանրապես արտաբյուջետային միջոցների, աշխատավարձի չափերի եւ աշխատավարձի ռեֆորմի անհրաժեշտության մասին է»: Ահա այս ֆոնդերը նկատի ունենալով` Վ. Բոստանջյանը ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարց ուղղելով` նկատեց, թե նախարարություններ կան, որտեղ հսկայական պարգեւավճար են ստանում, նույնիսկ պարգեւավճարները գերազանցում են աշխատավարձի ֆոնդը, որտեղի՞ց են գոյանում այդ պարգեւավճարները, որոնք բյուջեում չեն պլանավորվում: Ֆինանսների նախարարը բացատրեց, թե բյուջեում պետությունը պարգեւավճար չի նախատեսում, դրանք առաջանում են նախարարություններում տնտեսման հետեւանքով` նախարարություններն այդպիսի հնարավորություն ունեն տնտեսելու եւ այդ գումարները հարկավոր ուղղությամբ տանելու: Բայց կարծես բացատրությունն այնքան էլ չգոհացրեց Հերմինե Նաղդալյանին, որ հարցրեց, թե ինչի՞ հաշվին է տնտեսումը` որակի՞, աշխատողների թվի՞: Սաֆարյանը պատասխանեց, թե հաստիքացուցակները եւ դրույքաչափերը հստակ սահմանված են: Վ. Բոստանջյանն այն կարծիքի էր, որ եթե նվազագույն թվով աշխատողներով կարող ես աշխատանքն անել, էլ ինչո՞ւ առավելագույն թվով հաստիքներ ունենալ` ավելորդ մարդկանց վճարելով:
Օրինակ բերելով ասենք, որ ճանապարհային ոստիկանությունը ճանապարհատրանսպորտային տույժն ու տուգանքները արտաբյուջեով է վերցնում, որը հետո օգտագործվում է ոստիկանության հայեցողությամբ: Այս իմաստով մի փոքր վիրավորական է մտածելը, որ խախտում անելիս ու վճարելիս ոչ թե պետբյուջեն ես լցնում, այլ մեր իրավապահների պարգեւավճարային ֆոնդը, թեեւ դա գուցե օգնի, որ նրանք աչք չտնկեն ձախ գումարների: Արտաբյուջետային միջոցները, ինչպե նաեւ դրանց վերաբերյալ հարցադրումները, թեեւ ըստ Պ. Սաֆարյանի, որեւէ կապ չունեն պետբյուջեի նախագծի հետ, ու նա բարի կամք դրսեւորեց` պատասխանելով պատգամավորներին, սակայն հարցի հրատապությունը դրանից չի նվազում: Ըստ Հ. Նաղդալյանի` այսօր մենք կարիք ունենք աշխատավարձի ռեֆորմի, աշխատավարձի համակարգի կատարելագործման: Աշխատավարձը որպես տնտեսական կատեգորիա ունի շատ բարձր տնտեսական նշանակություն` նախ որպես աշխատանքի որակի ապահովման խթանիչ, երկրորդՙ որպես մարդու ապագայի կենսաթոշակային միջոցների աղբյուր: Իսկ որ ավելի կարեւոր է` բյուջետային միջոցների թափանցիկ բաշխվածության խնդիրն է նախ հարկավոր ապահովել` բարեփոխելով ոլորտը. «Պարգեւատրումները ոչ թե բյուջեի միջոցներ են, այլ, փոխնախարարը բացատրում էր, առաջանում են տնտեսման արդյունքում, մենք պետք է հասկանանք` ինչի՞ հաշվին է տնտեսումը», նկատեց Հ. Նաղդալյանը: «Այդ գումարների անվերահսկելիությո՞ւնը նկատի ունեք», հարցրինք: «Անվերահսկելի չասեմ` որովհետեւ գործադիրն, այնուամենայնիվ, իր վերահսկողության ոլորտում է պահում դրանք, բայց որ բոլոր միջոցները պետք է բյուջեի եկամուտներ դառնան եւ բյուջեից բաշխվեն, կառավարությունն ընդհանուր քաղաքականություն վարի ընդհանուր խնդիրների լուծման համար` դա սկզբունք է»:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ