Զոհին ամաչեցնում են ու ստիպում սուտ խոսել
Երեւանի թիվ 11 հատուկ դպրոցի հայոց լեզվի ուսուցչի սեռական ոտնձգությունների մասին տեղեկությունների տրամադրման համար զրպարտության մեջ մեղադրվող ակտիվիստ, կամավորական Մարիամ Սուխուդյանի գործով անցնող վկաները դիմում-նամակ են ուղարկել գլխավոր դատախազություն` փաստելով, որ դեպքերի միակ վկաներն են, մինչդեռ իրավապահ մարմինները խեղաթյուրված կերպով մեղադրանք են ներկայացնում: Վկաների փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ նախաքննչական մարմինը գործով բազմակողմանի քննություն անցկացնելու եւ մեղավորներին պատժելու ցանկություն չունի: «Փոխարենը մեղադրյալի աթոռին հայտնվեցին մարդիկ, ովքեր փորձում են բարձրաձայնել խնդիրը», ասաց Հայրապետյանը:
Ակտիվիստները դպրոցում կամավորական գործունեություն ծավալելու ժամանակ եղել են միասին եւ փաստում են, որ Մարիամ Սուխուդյանը աշակերտների հետ առանձնազրույց չի ունեցել: Հայրապետյանի խոսքերով` ակտիվիստները դիմումով պահանջում են պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ ճնշում են գործադրում վկաների վրա, որոնց հիման վրա Սուխուդյանի դեմ մեղադրանք է ներկայացվել:
Սուխուդյանի փաստաբան Նոնա Գալստյանն ասաց, որ նախաքննության ժամանակ տեղի են ունեցել մի շարք ակնհայտ խախտումներ: «Նախաքննական մարմինը 5 աշակերտուհու ցուցմունքը, որ մեղադրում են ուսուցչին սեռական ոտնձգությունների մեջ, արժանահավատ չի համարել, մինչդեռ մեկ այլ աշակերտուհու վկայության համաձայն Սուխուդյանին ձերբակալել են»:
Կամավորական Արման Ղարիբյանը Հանրային հեռուստաընկերությամբ առաջին տեսանյութի հեռարձակումից հետո հեռախոսազրույց է ունեցել առաջին տեսանյութի աշակերտուհու հետ: Խնդիրն այն է, որ Հ1-ը խոստացել էր տեսանյութում աղջկա ձայնը փոխել, բայց եթեր է հեռարձակվել չաղավաղված տարբերակով, ու աղջկա ընտանիքի անդամներն ու բարեկամներն իմացել են այդ մասին: Արման Ղարիբյանը «Ուրբաթ» մամուլի ակումբում հավաքված լրագրողներին ներկայացրեց աղջկա հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը: Ակտիվիստը նրան հորդորում էր, որ իրավապահ մարմիններին ճշմարտությունը պատմի, սակայն աղջիկը հրաժարվում էր` ասելով, որ եթե գնա դատարան` սուտ վկայություն կտա: Աշակերտուհին պատմում է, որ տեսանյութի հեռարձակվելուց հետո իրեն մատով են ցույց տալիս, ամաչեցնում, մայրն էլ անընդհատ նախատում է, թե խայտառակ եղանք: Աղջիկը պատմում է, որ տեսանյութի հեռարձակվելուց հետո դպրոցից մի քանի հոգի են իրենց տուն են եկել, խոսել մոր հետ, ինչից հետո մայրն աղջկան ստիպել է սուտ ցուցմունք տալ:
Նոնա Գալստյանն ասաց, որ ձայնագրությունը կցված է գործին, սակայն քննիչն այն ապացույցի որեւէ տեսակ չի ճանաչել: «Ձայնագրության մեջ աղջիկը երկու անգամ ասում է, որ սուտ ցուցմունք է տալու: Այս աղջկա ցուցմունքով Սուխուդյանին մեղադրում են զրպարտության մեջ, սակայն ձայնագրությունը ապացույց չեն ճանաչում: Տեղի է ունեցել քննչական կանոնների բացահայտ խախտում, սակայն մեր բողոքները մերժվեցին, ինչը խոսում է վերոնշյալ մարմնի կողմնակալության մասին»: Գալստյանը փաստեց, որ քննիչն առաջին տեսանյութը ճանաչել է ապացույց, իսկ երկրորդ տեսանյութը` ոչ: Երկրորդ աշակերտուհուց բացատրություն չեն վերցրել: Հետագայում դպրոցի տարբեր տարիների մի քանի սաներ հայտարարել են, որ տնօրենն իրենց հանդեպ բռնություն է կիրառել, իսկ ուսուցիչը` սեռական բռնություններ, սակայն իրավապահները դա էլ հաշվի չեն առել: Նոնա Գալստյանն ասաց, որ նախաքննությունն արդեն ավարտվել է: Երկուշաբթի հանդես կգան համապատասխան միջնորդությամբ: Եթե միջնորդությունը բավարարվի, գործը կկարճվի, եթե ոչ` կուղարկվի դատարան: