«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2009-11-05 | #202, 2009-11-06 | #203, 2009-11-07


ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԵՆ ՄԻ ՆՈՐ ՖԻԼՄ ԿԻՆՈՔՆՆԱԴԱՏՆԵՐԸ ՄԱՏՆՈՒՄ ԵՆ ԼՌՈՒԹՅԱՆ

«Կինոն մի ծես է, որին այժմ լայն զանգվածները ենթարկվում են միանգամայն հնազանդորեն, հետեւաբար, նա ով ֆիլմ է ստեղծում լայն սպառողի համար, կանխատեսում է ամբողջ ժողովուրդների մտածելակերպի ուղղվածությունը, բարոյական եւ հոգեբանական վիճակը, ժողովուրդներ, որոնց վրա ամեն օր էկրաններից պատկերների հեղեղ է թափվում»:

Ֆեդերիկո Ֆելինի

Վիգեն Չալդրանյանի «Մաեստրո» ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 31-ին` «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում, որը նմանվել էր ֆիլհարմոնիայի փոքր դահլիճին, որտեղ ուր որ է պիտի կայանար Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը: Գաղափարը յուրօրինակ էր, ունկնդրումը` հաճելի, հետո ցուցադրվեց ֆիլհարմոնիկի Ճապոնիա կատարած համերգային շրջագայության մասին ֆիլմը` բավականին դիտարժան: Դժվար էր աչք կտրել էկրանից, որովհետեւ ֆիլմի ամեն մի կադրը մի նոր բան էր ասում այդ զարմանալի երկրի արտասովոր ժողովրդի մասին: Դժվար թե որեւէ մեկի մտապատկերից երբեւէ չքվեն այն կադրերը, որոնցում դասական երաժշտություն ունկնդրող ճապոնացիների դեմքերն էին: «Այնպիսի լռություն էր դահլիճում, որ երբեմն ինձ թվում էր, թե իմ թիկունքում ոչ ոք չկար: Այդպիսի զգացողություն չեմ ունեցել աշխարհի ոչ մի երկրում», ֆիլմում ասում է նվագախմբի դիրիժոր Էդվարդ Թոփչյանը: Ֆիլմը նկարահանել է Վիգեն Չալդրանյանը. իսկապես, հոյակապ աշխատանք է կատարել: Այդ ֆիլմից հետո այլեւս ոչինչ չարժեր դիտել` տպավորությունը անեղծ պահելու համար, բայց սկսվեց Չալդրանյանի նոր` «Մաեստրո» գեղարվեստական ֆիլմը, որտեղ նորից տեսնում ենք ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորին եւ երաժիշտներին, բայց արդեն հայաստանյան իրականության մեջ: Այստեղ «Մաեստրոն» ոչ թե Էդվարդ Թոփչյանն է, այլ ֆիլմի հերոս Արմեն Տիգրանյանը, որի դերում հանդես է գալիս Միքայել Պողոսյանը: Ռեժիսոր Վիգեն Չալդրանյանն իր նոր ֆիլմում դարձյալ չի անտեսել դերասան Վիգեն Չալդրանյանին` նրան դարձնելով էպիզոդիկ դեմք, որը հանդիսատեսին եւ անցորդներին անընդհատ հարցնում է` «Հիմա աշո՞ւն է, թե՞ գարուն»:

Ցավում եմ, որ չկարողացա ֆիլմը մինչեւ վերջ դիտել. պատճառը միայն երկարաձգված պրեմիերան չէր` համերգային մասով եւ վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ, այլեւ հայկական ֆիլմում դարձյալ խեղճ ու կրակ հայ մարդու, առավել եւս արվեստագետի կերպար տեսնելու իրողությունը: Հայկական կինոյում նույնադեմ կերպարներ տեսնելն ինձ անկեղծորեն զայրացնում է, չգիտես ինչ մտածողությամբ եւ երեւակայությամբ, հայ մարդը մեր ֆիլմերում կամ չոբան է, կամ խենթ ու խելառ, հայ կինը` կամ գեղջկուհի է, կամ պոռնիկ: Չալդրանյանի հերոսը քեզ չի ներշնչում, որովհետեւ հայ ազնվական մարդու փոխարեն քո առջեւ առաջացած տարիքի պատճառով շուտ-շուտ միզելու հիվանդությամբ տառապող, բամբասանքի ականջ դնող, թուլակամ ու կասկածամիտ, փողոցային պոռնիկին իր առջեւ հետույքը բացել թույլատրող ու նրա շուրթերն համբուրող խելացնոր կերպար ես տեսնում: Կինոբեմադրիչի մեծագույն ձգտումը, ըստ ամենայնի, հայաստանյան իրականությունը խտացրած գույներով ներկայացնելն է` չանտեսելով անգամ դասի ժամանակ ոտքերը լայն բացող կոնսերվատորիայի ուսանողուհուն, ագրեսիվ լրագրողին, բամբասող եւ ցինիկ մտավորականին եւ այլն, եւ այլն: Ֆիլմի հերոսին խելացնոր վիճակի մեջ են դնում ոչ միայն Թատերական հրապարակում անցկացվող միտինգները, նվագախմբի երաժիշտների բամբասանքները, այլեւ կնոջ հանդեպ ունեցած կասկածները: Ամուսնուց բավականին երիտասարդ «ազնվական» տիկինը խոսում է մեկ հայերեն, մեկ ռուսերեն, տառապում է սեռական անբավարարվածությամբ, կասկածելի հեռախոսազրույցներ է ունենում, թվում է, թե դավաճանում է ամուսնուն, բայց ոչ` ննջարանից լսվող սեքսուալ տնքոցները էրոտիկ ֆիլմից են կամ ինքնաբավարարումից...

Ֆիլմի բովանդակությունը պատմելու կամ ֆիլմը քննադատելու մտադրություն բնավ չունեմ, թող դրանով զբաղվեն մեր կինոքննադատները, որոնց խոսքը, ցավոք, չի հնչում վերջին շրջանում նկարահանված հայկական եւ ոչ մի ֆիլմի արժանիքների եւ թերությունների մասին: Անաչառ կինոքննադատության բացակայության պայմաններում ֆիլմերի մասին սկսել են գրել լրագրողները, որոնք հասկանալի պատճառներով բովանդակությունը պատմելուց այն կողմ չեն անցնում: Կինոքննադատությունը բարդ գործ է, միայն գրել կարողանալը քիչ է, դրա համար ամենից առաջ մասնագիտական խոր գիտելիքներ են պետք:

Հուսադրող է, որ անվանի կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը վերջերս տված ասուլիսում անդրադարձել է այս հարցին, նշելով, որ հայկական ֆիլմերը չեն քննարկվում պրոֆեսիոնալ մակարդակով, գրախոսականներ չեն գրվում, իսկ կինոռեժիսորներն ակնկալում են լսել միայն գովեստի խոսքեր` առանց որեւէ քննադատության: Գրախոսություններ չեն գրվում նույնիսկ փառատոներում մրցանակներ շահած ֆիլմերի մասին: «Այդ վիճակն ինձ զարմացնում եւ զայրացնում է: Ես ուզում եմ, որ դուրս գանք այդ վակուումից, նորից սկսենք խոսել, իրար լսել եւ ընդդիմախոսների տեսակետներ ընդունել: Եվ չվախենանք լինել խոցելի եւ էմոցիոնալ», ասել է Հասմիկյանը, հավելելով, որ մեր կինոն այժմ երկու բեւեռ ունի: Մեկում «էլիտար կամ դժվարընկալելի» ֆիլմերն են, մյուսում` «մեյնստրիմը»` Հրաչ Քեշիշյանի ֆիլմերի եւ «Տաքսի «Էլի լավա» ֆիլմի պես: «Մարդու, նրա ճակատագրի մասին պատմող կինո այսօր չունենք: Նույնիսկ եթե նայենք կինոկադրերի կառուցվածքին, կտեսնենք, որ հիմնականում օգտագործվում են խոշոր կամ ընդհանուր պլանները: Միջին պլանը մեր կինոյից վերացել է: Իսկ միջին պլանը իրականում շատ խորը իմաստ ունի, ենթադրում է, որ կադրում 2 մարդ կա եւ երկխոսություն է տեղի ունենում: Հիմա մեր կինոյում ոչ երկխոսություն կա, ոչ մարդկային հարաբերություն, սյուժեն էլ չի զարգանում: Լավագույն դեպքում մոնոլոգներ են, որոնց միջոցով արտահայտվում են կամ հերոսը, կամ էլ ռեժիսորը: Ժամանակին բոլորս կարեւորում էինք «ինչպեսը», հետո այնքան տարվեցինք «ինչպեսով», որ մոռացանք «ինչի» մասինը: «Ասելիք» բառը գուցե ծեծված շտամպ է, բայց հիմա շատ կարեւոր ու թանկ է հենց ասելիքը: Իսկ մեր ֆիլմերի 70 տոկոսում ասելիք, բովանդակություն չկա: Բոլորն ասում են, որ դրամատուրգիայի խնդիր կա: Բայց իրականում ոչ թե լավ գրականություն չկա, այլ մենք սովոր չենք ուրիշի գրածը կարդալ: Ստեղծագործողների 90 տոկոսն ապրում ու ստեղծագործում է դատարկության մեջ: Բացակայում է նաեւ խմբագրական աշխատանքը: Ռեժիսորները մոռանում են, որ խմբագիրը գրաքննիչ կամ սրբագրիչ չէ, դա իր սպեցիֆիկան ունեցող կինոմասնագիտություն է: Սցենարիստն ու խմբագիրը նրա համար են, որ ռեժիսորը մենակ չմնա», ասել է Հասմիկյանը:

Մեր կինոքննադատները երեւի թե երկար կլռեն, իսկ «Ազգը» ամբիոն է տրամադրում բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են համարձակ եւ անկեղծ խոսք ասել նոր ֆիլմերի մասին: Կրկնում ենք` անկեղծ, այլ ոչ հակադրվելու ոգով եւ միտումնավոր: Հայկական կինոն ավելի քան երբեւէ կարիք ունի ազնիվ եւ պրոֆեսիոնալ քննադատության, այլապես ֆիլմ նկարահանելը կդառնա մոդայիկ եւ անցողիկ մի բան (արդեն իսկ դարձել է), կստեղծվեն խոտան ֆիլմեր` անբովանդակ ու տարտամ, եւ տարեցտարի իսպառ կկորցնենք մեր տեղն ու դերը կինոարվեստում:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4