Իր մոր հետ Լոս Անջելեսում ապրող 26-ամյա Անժելա Սարաֆյանն իր վաղամեռիկ դերասան հոր հետքերով է գնում եւ հետզհետե ավելի հաստատում իր տեղը Հոլիվուդում: Այս մասին Կանադայում լույս տեսնող «Ապագայ» թերթի ֆրանսերեն ներդիրն է տեղեկացնում, հավելելով, որ հոկտեմբերի 2-ին միաժամանակ չորս քաղաքներումՙ Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում եւ Սիեթլում, մեկնարկել է նրա վերջինՙ «Գեղեցիկ կյանք» (A Beatiful Life) ֆիլմի ցուցադրումը, որտեղ նա առաջին անգամ հանդես է գալիս գլխավոր դերում: Նա մարմնավորում է դեռահաս աղջնակիՙ Մեգիի դերը, որը փախչելով տնից գիշերվա կեսին հայտնվում է մեծ քաղաքի կենտրոնական մասումՙ այլեւս չվերադառնալու վճռականությամբ: Երկար թափառումներից հետո իրեն գտնում է գիշերային ակումբի տարածքում: Ֆիլմը սեփական երազանքները իրականացնելու եւ կյանքում իր տեղը գտնելու մասին է, ընդհանուր առմամբ, բայց առավել խոր գնալով հասկացնում է, որ մարդու կյանքն իր սեփական պատմությունը չէ միայն, այլ իր հետ առնչվող մարդկանց պատմությունը նաեւ, որ գալիս է միահյուսվելու եւ հարստացնելու իր սեփականը:
Ֆիլմի մյուս դերակատարներն են Ջեսսի Գարսիան, Բայ Լինգը, Դեբի Մազարը եւ Դանա Դելանին: Այս ֆիլմից առաջ Անժելան հանդես է եկել Բրետ Իսթոն Էլլիի վեպի հիման վրա նկարահանված «Իրազեկիչները» ֆիլմում Ուայնոնա Ռայդերի եւ Քիմ Բեսինջերի կողքին, ինչպես նաեւ «Նպաստառուն» եւ «Քեբլուեյ» կինոնկարներումՙ համապատասխանաբար Բրիտանի Անոուի եւ Լայզա Կուդրոուի ու Տերի Գարրի կողքին:
Հ. Ծ.