«Welcome PAPA կամ Բարի գնալուստ», ռեժիսոր` Վահե Խաչատրյան, դերերում` Միքայել Պողոսյան, Արա Դեղտրիկյան, Ռոբերտ Հարությունյան, պրոդյուսեր` Ռուբեն Պապյան
Հոկտեմբերի 28-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ ամերիկաբնակ ռեժիսոր Վահե Խաչատրյանի «Welcome PAPA կամ Բարի գնալուստ» ֆիլմի պրեմիերան:
Դեռ երկու տարի առաջ բեմադրված «Բարի գալուստ» ներկայացման մեջ սկիզբ առած տարբեր կենցաղի ու քաղաքակրթությունների երեք հայերի` հայաստանաբնակ Գալուստի (Միքայել Պողոսյան), իրանահայ Ազատի (Արա Դեղտրիկյան) եւ բեյրութահայ Սաքոյի (Ռոբերտ Հարությունյան) միմյանց չհասկանալու պատմությունը, որն ի վերջո պսակվում է քավորախնամիական հարաբերությամբ, շարունակվել է «Welcome PAPA կամ Բարի գնալուստ» ֆիլմում:
Եթե ներկայացման մեջ գործող կերպարներն ու խնդիրները ճիշտ էին «աշխատում», ապա ֆիլմում կերպարների գերխաղը կեղծ էր, իսկ հայոց միասնականության սրտաճմլիկ քարոզը` առավել քան անհամոզիչ: Եվ ստեղծագործ խմբի` «ծիծաղալու կինո» սարքելու բոլոր ջանքերը դատապարտվել էին անհաջողության, արդյունքում` ամենազգա էկրանին տպվել էին անհաջող ամերիկյան կինոկոմեդիաներին հատուկ կլիշեավորված տրյուկները (հերոսը չնկատելով ապակե դուռըՙ ծեփվում է դրան, փեսայի ծանր նվերը դառնում է պատճառ, որպեսզի զոքանչը մյուս սենյակում ընկնի ու պատկերում միայն ձայնն է լսվում.... ), իսկ հերոսի պատկերացումների` սփյուռքահայերին Հայաստան բերող ինքնաթիռի թողած տպավորությունը, ինձ թույլ չեմ տալիս վերլուծել` հեղինակների նվիրական զգացմունքները չվիրավորելու մտավախությամբ:
Սցենարի հեղինակ, գործադիր պրոդյուսեր, գլխավոր դերասան Միքայել Պողոսյանը դիտումից առաջ հայտարարեց, որ ֆիլմն արդեն մեկ տարի պատրաստ էր, պարզապես որոշակի խնդիրների պատճառով հիմա է ներկայացվում հանրությանը: Թե հատկապես ինչ խնդիրների մասին էր խոսքը, Պողոսյանը չմանրամասնեց, բայց ակնհայտ է, որ այդ խնդիրների շնորհիվ ֆիլմի հայաստանյան պրեմիերայի ժամանակի ընտրությունը «մաթեմատիկական» ճշգրտություն էր ստացել եւ «ֆուտբոլային» թեժ աշնան մեջ հստակեցրել էր (ոչ միայն, ավելին` ոչ այնքան մեզ համար), գուցե ապահովագրել էր մի խումբ հայտնի հայ արվեստագետների (հանձին Միքայել Պողոսյանի)` գնդակին հասցեագրված զարկի ուղղությունը, որն է` ՍՓՅՈւՌՔ:
Ինչպես վերջերս պարզեցինք, որ ֆուտբոլում ֆուտբոլն այնքան էլ կարեւոր չէ, այդպես էլ այս ֆիլմից հետո պարզեցինք, որ կինոյում էլ կարող է ԿԻՆՈՆ չկարեւորվել, կարեւորը պահն է` ճիշտ պահը: Ուստի հույս ունեմ, որ ռեժիսորի, օպերատորի, լուսավորող խմբի եւ մյուսների պրոֆեսիոնալիզմի մասին դատելու համար այս ֆիլմն այնքան էլ հարմար առիթ չէ: Եվ եթե ստեղծագործ խումբը մտադիր է շարունակել երեք սփյուռքահայերի պատմությունն արվեստի մեկ այլ ոլորտում, իբրեւ կինոսեր շատ կուզենայի, որ այդ ոլորտն իսկական կինոն լիներ:
ՐԱՖՖԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ