Նախարարն ամփոփում է 2009-ի արդյունքները
Երեկ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը հակիրճ ամփոփեց մրցաշրջան-2009-ի արդյունքներն ու անդրադարձավ նախարարության 2010-ի ծրագրերին:
Ինչպես նախորդ տարիներին, 2009-ին էլ նախարարությունը մեծ ուշադրություն է դարձրել հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացմանը: Այսօրվա դրությամբ 43 մարզաձեւերից գործում են մանկապատանեկան 3889 խմբեր, որոնցում 1841 մարզիչների գլխավորությամբ մարզվում են 43715 պատանիներ ու աղջիկներ: Մարզադպրոցների սաները միջազգային մրցաշարերում նախորդ տարվա 27 մեդալի փոխարեն 2009-ին 41 մեդալ են նվաճել: Ինչպես հայտնի է, 2007-08-ին հանրապետությունում մեծ թափ էին առել մարզական կառույցների շինարարական աշխատանքները: Սակայն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով ինչպես այս տարի, այնպես էլ 2010-ին նման աշխատանքների իրականացման համար պետբյուջեով ֆինանսավորում չի նախատեսված: Չնայած դրան, նախարարի կարծիքով պետք է գտնել ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ որոշակի շինարարական աշխատանքներ իրականացնելու համար:
Մեծ սպորտի ասպարեզում նախորդ տարվա համեմատ եւս առաջընթաց կա: Եթե 2008-ին օլիմպիական խաղերում, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկները տարիքային տարբեր խմբերում ընդհանուր առմամբ 108 մեդալ էին նվաճել, ապա արդեն այժմ պարգեւների քանակը 119 է: Իսկ մինչեւ մրցաշրջանի ավարտը մեր մարզիկները դեռ պետք է մասնակցեն ծանրամարտի, ուշուի, շախմատի պատանիների աշխարհի առաջնություններին, թհեքվոնդոյի մինչեւ 26 տարեկանների եւ ձյուդոյի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնություններին: Այդ մրցաշարերից եւս մեդալների ակնկալիքներ կան:
Ըստ նախարարի, մեծ ծավալի աշխատանք է տարվել մասսայական սպորտի բնագավառում, բնակչությանը ֆիզկուլտուրային եւ սպորտին հաղորդակից դարձնելու գործում: Կազմակերպվել եւ անցկացվել են մի քանի խոշոր միջոցառումներ, որոնցից են ՀՀ նախագահի հովանու ներքո ամեն տարի անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, ազգային մարզաձեւերի փառատոնը: Տարեցտարի աճում է մարզական ընտանիքների քանակը: Եթե 2008-ին մրցույթին մասնակցել էր 126 ընտանիք, ապա այս տարի մեկնարկի էին դուրս եկել 171-ը:
Երիտասարդության հարցերի ոլորտում կատարված աշխատանքներից նախարարը կարեւորեց «Աջակցություն երիտասարդ ընտանիքներին» հիպոթեկային ծրագիրը, որը շուտով կհաստատի կառավարությունը: Խոսելով նախարարության 2010-ի ծրագրերի մասին, Արմեն Գրիգորյանը նշեց, որ աշխատում են չորս գերակայությամբ. բարձրագույն նվաճումների սպորտ, մասսայական սպորտի զարգացում, կրթություն եւ գիտություն, երիտասարդական ոլորտ:
Մեծ սպորտի մրցումների կազմակերպման եւ մասնակցության համար 2010-ի բյուջեով հատկացվել է 884 մլն 967 հազար դրամ: Այդ գումարը նախարարությունը կբաշխի 31 մարզաձեւերի ֆեդերացիաների միջեւ: Առավել մեծ գումարներ կստանան հենակետային (ծանրամարտ, ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո, շախմատ եւ այլն), այնուհետեւ լավ ավանդույթներ ունեցող մարզաձեւերի (մարմնամարզություն, սեղանի թենիս, սուսերամարտ, թեթեւ ատլետիկա եւ այլն) ֆեդերացիաները:
Միջազգային մրցասպարեզներում հաջողության հասած մարզիկներին եւ նրանց մարզիչներին պարգեւատրելու համար 2010-ին հատկացվելու է 50 մլն դրամ: Հավաքական թիմերի ավագ մարզիչներն ու աշխարհի չեմպիոնները կառավարությունից թոշակ են ստանում: 150 մլն դրամ է հատկացվել նվաճումների հասած մարզիկներին, նրանց մարզիչներին ու սպասարկող անձնակազմին ՀՀ նախագահի հովանու ներքո այս տարվանից տրվող անհատական թոշակների վճարման համար: 66 մլն դրամ հատկացվել է բժշկական կենտրոնին, որտեղ մեր հավաքականների անդամները տարեկան 2-3 անգամ բժշկական խորը հետազոտության են ենթարկվում: Առանձին հոդվածներով ֆինանսավորում է նախատեսված 2010-ի խոշորագույն մրցումներին մեր մարզիկների մասնակցությունն ապահովելու համար: Դրանք են 2010-ին Վանկուվերում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը, Սեւծովյան երկրների առաջնությունը, Սինգապուրում կայանալիք առաջին պատանեկան օլիմպիական խաղերը: Հաջորդ տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի նետաձգության Գրան պրիի խաղարկությունը, որի կազմակերպման համար եւս առանձին ֆինանսավորում է նախատեսված: Ընդհանուր առմամբ մեծ սպորտին 2010-ին հատկացվելու է 1 մլրդ 317 մլն 667 հազար դրամ:
Մասսայական սպորտի միջոցառումների անցկացման համար հատկացվել է 50 մլն դրամ: 2 մլրդ 200 մլն դրամ կհատկացվի սպորտի եւ երիտասարդության հարցերի ենթակայությամբ գործող 25 մարզադպրոցների, հասարակական կազմակերպությունների 29 մարզադպրոցների գործունեությունն ապահովելու համար: Երիտասարդական ծրագրերի իրականացման համար հատկացվել է 284 մլն դրամ, այդ թվում համահայկական միջազգային կենտրոնինՙ 35 մլն, երիտասարդական միջոցառումներին («Բազե» եւ այլն)ՙ 45 մլն դրամ: Այս տարվա համեմատ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության 2010-ի բյուջեն որոշ չափով նվազել է: 2009-ի 4 մլրդ 187 մլն դրամի փոխարեն 2010-ին կհատկացվի 3 մլրդ 894 մլն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ