Ադրբեջանական լրատվամիջոցները կասկածի տակ են առել երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի վերջին երկու հանդիպումների արդյունքները: Mail.am կայքէջը հղում անելով ադրբեջանական musavat.com-ին, տեղեկացնում է, որ Լիխտենշտեյնի (2-0) եւ Ռուսաստանի (1-1) հավաքականների հետ ընտրական վերջին երկու հանդիպումները պայմանավորված են եղել: Նախկինում անվանի ադրբեջանցի ֆուտբոլիստներից մեկը, որ ներկայումս մարզիչ է աշխատում, չցանկանալով բացահայտվել, musavat.com-ի թղթակցին հայտնել է, որ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաեւը հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի 40 հազար մանաթ էր խոստացել Լիխտենշտեյնի ընտրանուն հաղթելու համար: Սակայն ֆուտբոլիստները միայն 5 հազարական մանաթ ստացան, իսկ մնացած 35 հազարական մանաթը պարտության դիմաց որպես փոխհատուցում տրվեց Լիխտենշտեյնի հավաքականին, ինչպես որ նախապես պայմանավորվել էին: Ընդ որում, այդ 40 հազարական մանաթը որպես պարգեւավճար Աբդուլաեւը դուրս էր գրել պետբյուջեից:
Նույն կայքէջի վկայությամբ, ռուսների հետ ոչ-ոքի արդյունքի համար մրցակցին միլիոնավոր դոլարներ են վճարվել: Իսկ Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ, գերմանացի Բերտի Ֆոգտսը պայմանագրով իրեն հասանելիք տարեկան 2 մլն եվրոյի միայն մի մասն է ստացել: Մնացածը յուրացրել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը:
Ոմանք կարող են տարակուսել, թե ի՞նչ իմաստ կար խոշոր գումարներ ծախսել: Միեւնույն է, Ադրբեջանի հավաքականը չէր կարող հավակնել եզրափակիչի ուղեգրին: Պարզվում է, որ պատճառն այլ է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դժգոհ էր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի գործունեությունից, որի օրոք հավաքականն անհաջող մրցելույթներ էր ունենում: Ինչ-որ չափով դժգոհությունը մեղմելու նպատակով էլ Աբդուլաեւը դիմել էր վերջին խաղերում անհրաժեշտ արդյունք ապահովելու անազնիվ քայլին:
Ի դեպ, Աբդուլաեւն իր որդու խնդրանքով Բաքու էր հրավիրել Իսպանիայի հավաքականին, որն ընկերական խաղում 6-0 հաշվով ջախջախել էր ադրբեջանցիներին: Նրա որդին Ֆեռնանդո Տորեսի ջերմ երկրպագուն է եւ խաղից հետո լուսանկարվել էր իր կուռքի հետ: Բաքու կատարած այցի համար իսպանացիներն Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայից 7 մլն դոլար էին ստացել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ