Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը զուգահեռ հաճախակի են դարձել խոսակցությունները երկու երկրների սահմանի բացման մասին: Բազմաթիվ քաղաքական գործիչներՙ վերլուծելով ներկա հարաբերությունները, եզրակացնում են, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումն ու սահմանի բացումը դրական ազդեցություն կունենան տարածաշրջանում եւ կնպաստեն կայունության ու խաղաղության ամրապնդմանը: Այս կապակցությամբ տարածաշրջանում մեր հարեւանների հայտարարություններն ու մոտեցումները տարբեր են: Հայ-իրանական հարաբերությունների ներկա փուլի, հայ-թուրքական հարաբերությունների ու տարածաշրջանային փոփոխությունների վերաբերյալ «Ազգ»-ի հարցերին է պատասխանում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանին:
- Իրանը Հայաստանի համար տարածաշրջանում կարեւորագույն քաղաքական-տնտեսական գործընկեր ու բարեկամ պետություն է: Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա փուլը:
- Երկու երկրների քաղաքական եւ տնտեսական փոխհարաբերությունները շարունակվում են փոխադարձ բարեկամական համագործակցության շրջանակներում, տնտեսական բնագավառում եւս, քաղաքական ոլորտի նման, աշխատանքները դինամիկ ընթացք ունեն, եւ աննշան խնդիրներն ու դժվարությունները կարելի է լուծել դրանց նկատմամբ ուշադրություն ցուցաբերելով, հետամուտ լինելով ու վերահսկելով:
Որպես օրինակՙ էլէկտրաէներգիայի ու գազի բարտերի խնդիրը, որը երկու երկրների միջեւ իրականացվող առանցքային եւ սկզբունքային նշանակություն ունեցող նախագծերից է, եւ մոտ վեց ամիս` Իրանի Իսլամական հանրապետությունից գազ է առաքվում Հայաստան: Անհրաժեշտ է ամենակարճ ժամկետում լուծել երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գծի շինարարության հարցը, քանզի էլեկտրաէներգիայի եւ գազի փոխանակումը եւ ներկա գործընթացի շարունակությունը պայմանավորված է երրորդ գծի շինարարությամբ, խնդիր, որի նկատմամբ իրանական կողմը հաստատակամ է, սակայն հայկական կողմը դեռեւս լուրջ քայլ չի կատարել:
- Ինչպե՞ս եք վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացին եւ ինչպե՞ս եք գնահատում հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները:
- Մենք ողջունում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը եւ հոկտեմբերի 10-ին արձանագրությունների ստորագրումը գնահատում քայլ առաջ անվստահությունը վերացնելու եւ երկու հարեւան երկրների` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:
- Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կամ սահմանի բացումը ինչպիսի զարգացումներ եւ փոփոխություններ կմտցնի տարածաշրջանում:
- Կարծում ենք, որ տարածաշրջանային մարտահրավերների չեզոքացումը կնպաստի խաղաղության եւ կայունության հաստատմանը, ինչպես նաեւ ժողովուրդների բարեկեցությանը: Հենց այդ տարածաշրջանային ներազդեցության պատճառով է մենք հավատացած ենք, որ տարածաշրջանային մտահոգությունների վերացման համար պետք է օգտագործել տարածաշրջանի հնարավորությունները:
- Հայ-թուրքական սահմանի բացումը կարո՞ղ է ինչ-որ կերպ ազդել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման վրա:
- Երկու երկրները միմյանց կապող երկաթգիծ կառուցելու ու շահագործելու հնարավորությունների քննարկումները ներկա պահին շարունակվում են երկկողմ ցանկությունների շրջանակներում: Եթե քննարկումներն ավարտվեն նախագծի իրականացման մասին որոշման կայացմամբ, Թուրքիան եւս կարող է դիտարկվել որպես մասնակիցներից մեկը:
- Արդյոք հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարո՞ղ է առավել նպաստել Իրան-Հայաստան առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:
- Այդ առնչությամբ կարեւոր դեր են խաղում շուկայի հնարավորություններն ու պահանջարկը: Եթե տարածաշրջանում ի հայտ գան նոր շուկաներ եւ տարանցիկ ուղղություններ, կարելի կլինի մտածել տնտեսական զարգացման եւ նոր հնարավորությունների մասին:
- Վերջերս Սարբազում տեղի ունեցավ ահաբեկչություն, եւ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ահաբեկչության մեղսակից համարեց ԱՄՆ-ի եւ մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններին: Այս կերպ չի՞ այրվում Թեհրան-Վաշինգտոն կամուրջը, որ փորձում էր ստեղծել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
- Երկրների միջեւ կապ հաստատելու եւ հատկապես գոյություն ունեցող դառնությունները վերացնելու համար միայն ցանկությունների վրա հենվելը բավարար չէ, անհրաժեշտ է, որ ակներեւ լինեն երկու երկրների պաշտոնյաների լուրջ կամքը եւ բարյացակամությունը խոսքի եւ գործի մեջ: Ներկա ժամանակահատվածում մենք ամերիկացի պաշտոնյաների կողմից չենք նկատում նման իրական մոտեցում:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ