«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2009-11-07 | #204, 2009-11-10 | #205, 2009-11-11


ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆԸ ՃԵՂՔՎԱԾՔ Է ՏԱԼԻՍ

Երբ կիրակի օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, թե չի կարող Դարֆուրում տեղի ունեցածը որակել իբրեւ ցեղասպանություն, շատերը կարծեցին, թե նման հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան կրոնական համերաշխության դրսեւորում: Սակայն, եթե վերոնշյալ հայտարարությունը դիտարկենք նոյեմբերի 6-ին Հայկական կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ նույն Էրդողանի հանդիպման համատեքստում, ապա կպարզենք, որ թուրքական արտաքին քաղաքականության հենասյունը ճեղքվածք է տալիս: Ըստ էության, թուրքական դիվանագիտության հիմքում ընկած գաղափարախոսությունը` թե «փիլիսոփայությունը իրենից ներկայացնում է հարցեր, որոնց չես կարող երբեք պատասխանել, իսկ կրոնը ներկայացնում է պատասխաններ, որոնք չի կարելի երբեք հարցականի տակ դնել», մի քանի դար անց աստիճանաբար իմաստազրկվում է: Իսլամական աշխարհում իշխող դիրքին ձգտող մեր հարեւանին, ամենայն հավանակությամբ, լավ ժամանակներ չեն սպասվում: Ու դրա «մեղավորը» Հայաստանն է, որ ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում կարողացավ ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների բաղկացուցիչը հանդիսացող կրոնական գործոնը տեղափոխել փիլիսոփայության հարթություն, այլեւ ցույց տալ այդ գաղափարախոսության սնանկությունը:

Ասվածի հավելյալ վկայությունն է Էրդողանի ցանկությունը` այցելել Հայոց պատրիարքարան եւ հանդիպել Մեսրոպ պատրիարքի հետ, ինչպես նաեւ լսել Աթեշյան սրբազանի շնորհակալական խոսքը, համաձայն որի Թուրքիայում համայնքային սեփականության մի շարք հարցեր արդեն իսկ լուծվել են եւ համայնքին պատկանող սեփականության մի մասը օրենքի սահմաններում վերադարձվել է հայերին: Նախագահ Սարգսյանի նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտության հաջողության արգասիքն է նաեւ վարչապետ Էրդողանի արած մեկ այլ` առավել ընդարձակ հայտարարությունը, որի բովանդակությունը ընդամենը 2 տարի առաջ զարմանք կառաջացներ, այն է` «Թուրքիան ձգտում է կարգավորել հարաբերությունները համայն հայության հետ»: Ընդ որում, այս եւ վերը ներկայացված հայտարարություններն արվում են Թուրքիայում վերջին օրերին ծայր առած ներքին ընդվզման ֆոնին, երբ իշխանություններին մեղադրում են երկրի շահերն անտեսելու` մասնավորապես, հայերի հետ համագործակցելու մեջ: Ու մինչ պաշտոնական Անկարան նման հայտարարություններ է անում, նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով մեկնում է Հունգարիա եւ ծաղկեպսակ դնում Հայոց եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, հանդիպում Հունգարիայում բնակվող հայերին եւ նրանց միասնության կոչ անում:

Ի դեպ, ֆուտբոլային դիվանագիտության նախաձեռնողի` «Հայաստանը մի պետություն է առանց Սփյուռքի, մեկ այլ` Սփյուռքով» աքսիոմը իսկապես կարեւորվում է Հունգարիայում տեղի ունեցած ոճրագործության համատեքստում, երբ Թուրքիային Հյուսիսատլանտյան դաշինքի առաջ խայտառակեց նրա կրտսեր ռազմավարական դաշնակիցը` Ադրբեջանը, ավելի ստույգ, այդ երկրի զինված ուժերի «սպա» Ռամիլ Սաֆարովը , ում կատարած զազրելի ոճրագործությունը, նախագահի բնորոշմամբ, ցնցել էր յուրաքանչյուր նորմալ մարդու: Եվ եթե չլիներ Հունգարիայի հայ համայնքի եւ հատկապես այդ երկրի ղեկավարության` սպանության արդարադատության գործում ցուցաբերած «աներկբա եւ արդարացի կեցվածքը», ապա նախագահի խոսքերով, այդօրինակ զազրելի ոճրագործությունը շարունակություն կգտներ նաեւ այլ պետություններում: Սահմռկեցուցիչ այս արարքն, հիրավի, ծանր նստեց Ադրբեջանի վրա, քանի որ Գուրգեն Մարգարյանի անունը միջազգային ռազմական բառապաշարում նույնացվեց անմեղ զոհի հետ, իսկ Սաֆարովին դիվանագիտական եւ իրավական տարատեսակ խողովակներով էքստրադիցիայի փորձերը մնացին անարդյունք: Ադրբեջանին ոչինչ չի մնում, քան համակերպվել ամոթալի այն իրողության հետ, որ իր «սպան» ցմահ պատիժ է կրելու օտար երկրում` 30 տարի անց միայն ներման խնդրագիր ներկայացնելու իրավունքով:

Ինչեւէ, ամփոփելով մեր արտաքին քաղաքական ասպարեզում տեղի ունեցած վերջին իրադարձությունները` կարելի է եզրահանգել, որ «հայկական դիվանագիտությունը կաղում է» արտահայտությունն այսօր, մեղմ ասած, համոզիչ չի թվում:

ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4