«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2009-11-07 | #204, 2009-11-10 | #205, 2009-11-11


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԽՈՒՃԱՊԻ ՉՄԱՏՆՎԵԼ

Երեկ լրագրողների հետ հանդիպեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը , որը տեղեկացրեց, թե բուժհիմնարկներում կարանտինային պայմաններ են սահմանվել եւ միայն դիմակներով են հիվանդների հետ աշխատում: Սակայն, ըստ նախարարի, խուճապի մատնվելու պատճառ եւ հակահամաճարակային խստացված միջոցառումների կարիք չկա, քանի որ Հայաստանում պատրաստ են դիմակայել խոզի գրիպին կամ H1N1 վիրուսին: Մեզ առայժմ անհրաժեշտ է 30 հազար դոզա պատվաստանյութ («Տամիֆլյու»), որից 7500-ն ունենք, 20 հազարը եւս պետք է ձեռք բերվի: Պատվաստանյութը պետք է ստացվեր հունվարին, սակայն խոզի գրիպի դեպքերի արձանագրումից հետ մեր առողջապահության նախարարությունը բանակցում է տարբեր միջազգային կազմակերպությունների հետ` պատվաստանյութի հարկավոր ամբողջ քանակն ավելի շուտ Հայաստան հասցնելու համար: Առողջապահության նախարարությունում այս վարակի դեմ պայքարի համար ավելի վաղ ստեղծվել էր միջգերատեսչական շտաբ` փոխնախարար Հայկ Դարբինյանի համակարգմամբ: Օդանավակայաններում եւ սահմանային հսկիչ կետերում եւս զգոն վիճակ է, ջերմություն չափող սարքերն անմիջապես հայտանբերում են կասկածելիներին:

Եկող շաբաթ պետական միջոցներով Հայաստանում խոզի գրիպի դեմ պատվաստումներ կսկսվեն: Սկզբում կպատվաստվեն երիտասարդները, բուժհիմնարկների եւ սպասարկման ոլորտի աշխատակիցները: Երեխաների պարագայում ոչ թե նույն, այլ ավելի մեղմ պատվաստանյութ է օգտագործվելու: Ըստ Հ. Քուշկյանի` խոզի գրիպի ընդհանուր նկարագիրը չի տարբերվում սովորական գրիպից, ուղղակի պետք է ուշադիր եւ զգույշ լինել, խուճապի չմատնվել: Համաճարակներն ունեն սկիզբ ու ավարտ, ասաց Հ. Քուշկյանը` հույս հայտնելով, որ խոզի գրիպն էլ շուտով իր ավարտը կգտնի, եւ մենք կմոռանանք նրա մասին:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4