Սեւանա լճի հիմնահարցերով զբաղվող ՀՀ նախագահին առընթեր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ՙ անդրադառնալով Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, կարեւորեց Արփա-Սեւան թունելը: «Այդ թունելը ամենակարեւոր գործոնն է: Եթե Կեչուտից մինչեւ Սեւան ջուր չի տեղափոխվում, ապա լճի մակարդակի բարձրացման մասին խոսելն անիմաստ է դառնում»:
Թունելն ունի 48.2 կմ երկարություն: Եթե 10 տարի առաջ վթարային էր համարվում թունելի 2 կմ 100 մ հատվածը, այժմ վթարային վիճակում է 3 կմ 664 մ տարածք: Շուտով մրցույթի կդրվի այդ հատվածի վերականգնման նախագիծը: Սակայն կառավարությունը թույլատրել է կատարել 522 գծամետր վերականգնողական աշխատանքներ, ինչի շնորհիվ այս տարի Կեչուտից Սեւան է տեղափոխվել 171 մլն խմ ջուր` նախորդ տարվա 168-ի դիմաց: Թունելում կիրառվել է աշխատանքային գրաֆիկ, համաձայն որի 6 ամիս բանվորներն են աշխատել, մնացած 6 ամիսը` ջուր տեղափոխել:
Մովսիսյանը նշեց, որ սրանով աշխատանքները չեն ավարտվում: Ցանկալի արդյունքի հասնելու համար եկող տարվա բյուջեի նախագծով Սեւանա լճի հիմնահարցերը լուծելու համար տրամադրված է 2 մլրդ դրամ:
Ջրի մակարդակի բարձրացման համար կարեւոր գործոն է նաեւ քիչ ջրառը: Այս տարի ոռոգման նպատակով 142 մլն հաստատված լիմիտի դիմաց բաց է թողնվել 126 մլն խմ, որն անցած 5 տարիներին միջինից պակաս է 65 մլն-ով: Մովսիսյանը փաստում է, որ այս ցուցանիշին նպաստել են նաեւ եղանակային պայմանները. հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամսիներին տեղումների նորման եղել է 3 անգամ բարձր:
Մովսիսյանի ներկայացրած տվյալների համաձայնՙ 2009 հունվարի 1-ի դրությամբ Սեւանի մակարդակը բարձրացել է 45 սմ-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ` 38 սմ-ով. «Գոլորշիացումը հաշվի առնելով, կարելի է ասել, որ 2010-ի հունվարի 1-ի դրությամբ Սեւանի մակարդակը 2009-ի համեմատությամբ բարձր կլինի 31 սմ-ով»:
Հ. Հ.