Ուրբաթ եւ շաբաթ, 30 եւ 31 հոկտեմբեր 2009-ին Գերմանիայի Հանաու եւ Գէօփփինգէն քաղաքների մէջ, կազմակերպութեամբ տեղի եկեղեցական հայ համայնքների եւ աջակցութեամբ Գերմանիայում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչութեան, տեղի ունեցան «Արցախի ձայներ» համոյթի համերգները: Մինչ այդ խումբը համերգներով հանդես էր եկել նաեւ Ֆրանսիայի հայաշատ մի քանի քաղաքներում:
Այս համերգների կազմակերպմանն իր կազմակերպչական աջակցութիւնն էր բերել նաեւ Ֆրանսիայում ապրող եւ ստեղծագործող հայ դերասան Նարեկ Դուրեանը: Համոյթի հիւրախաղերի անցկացումը հնարաւոր էր դարձել մոսկովաբնակ արցախցի բարերար Էդուարդ Ղուլեանի, ինչպէս նաեւ «Արմավիա» օդանաւային ընկերութեան նիւթական աջակցութեամբ ու հովանաւորութեամբ:
Թէ՛ Հանաու, եւ թէ՛ Գէօփինգէն քաղաքներում համերգներն անցան խանդավառ մթոլորտի մէջ: Երիտասարդ երգիչ-երգչուհիները համոյթի ղեկավար Տիկ. Լիրա Քոչարեանի ղեկավարութեամբ ներկայացրեցին հայկական, մանաւանդ արցախեան երգերի մի սքանչելի շարք, համեմուած թատերական բեմականացումներով: Երգերի զգալի մասը հանդիսատեսին ներկայացուեցին նոր, ժամանակակից ու իւրովի մեկնաբանումներով եւ բեմական հաճելի արտիստիկութեամբ: Ժամանակակից կոմպոզիտորների երգերի կողքին հնչեցին նաեւ արցախի աւանդական երգեր, որոնք հանդիսատեսին մատուցուեցին հարազատ բան ու բարբառով:
Հարիւրաւոր ներկաները յաճախ յոտնկայս ծափահարութիւններով էին յայտնում իրենց գոհունակութիւնն ու ուրախութիւնը այն հաճելի եւ հոգեհարազատ պահերի համար, որ նրանց պարգեւեցին համոյթի երիտասարդ երգիչ-երգչուհիներ` Թամարա Պետրոսեանը, Օկսանա Բաբուրեանը, Արմինե Բալասանովան, Արամ Մուսաէլեանը, Սասուն Պօղոսեանն ու Արտյոմ Յակոբեանը:
Ինչպէս նշեց Գերմանիայի Հայոց Առաջնորդարանի ներկայացուցիչ եւ շրջանի հոգեւոր հովիւ Սերովբէ վարդապետ Իսախանեանը, համերգներին ներկայ գտնուողների համար, որոնք շատ յաճախ, մանաւանդ վերջին ամիսներին, Արցախի մասին տեղեկութիւններ են ստանում հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական յարաբերութիւնների կոնտեքստում եւ այն էլ միայն բանակցութիւնների կամ արձանագրութիւնների մասին դիւանագիտական չոր ու ցամաք լեզուով, հաճելի էր Արցախն ընկալել ու հասկանալ այնտեղ ապրող ու պայքարող, Արցախի ներկան ու ապագան կերտող մի խումբ երիտասարդների միջոցով, որոնք իրապէս ներկաների սրտում ու հոգում մէկ անգամ եւս թարմացրեցին այն գաղափարը, որ Արցախը հայադրոշմ է ու հայաշունչ` իր երգ ու բանով, իր ախորժալուր բարբառով, իր ազատատենչ ու յուսառատ նոր սերնդով:
ՀԵՍԵՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՐԱՏՈՒ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆ, 31 հոկտեմբեր 2009