Առաջին մրցակիցը հունական «Աթինաիկոսն» է
Տեւական ընդմիջումից հետո հայ մարզասերները կրկին հնարավորություն են ստացել «Հատիսի» մասնակցությամբ մեծ բասկետբոլի հանդիպումների ականատես դառնալ: Բասկետբոլի կանանց նորաստեղծ «Հատիս» թիմն իր նորամուտն է նշելու Եվրոպայի գավաթի խաղարկությունում: Երեկ երեկոյան թիմը Երեւան-Վիեննա-Աթենք չվերթով մեկնեց մրցավայր, որտեղ նոյեմբերի 12-ին իր առաջին հանդիպումը կանցկացնի հունական «Աթինաիկոսի» հետ: Մեկ շաբաթ անց Երեւանի «Միկա» մարզադահլիճում «Հատիսը» կհյուրընկալի Ռուսաստանի Վոլոգդա քաղաքի «Չեւակատա» թիմին: Խմբային մրցաշարի վերջին խաղում մեր բասկետբոլիստուհիների մրցակիցը կլինի թուրքական «Բեշիքթաշը»: Բացառված չէ, որ դեկտեմբերի 17-ին նշանակված այդ հանդիպումն անցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Մրցավայր մեկնելուց առաջ «Հատիս» թիմը գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանի գլխավորությամբ հանդիպեց լրագրողների հետ: Ներկա էին նաեւ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, «Հատիս» ակումբի խորհրդի անդամներ Ռաֆֆի Նիզիբլյանն ու Վահե Էնֆիաջյանը, կազմակերպչական հարցերով պատասխանատու Արտյոմ Հակոբյանը: Հանդիպման սկզբում հնչեց «Հատիսի» օրհներգը, որի տեքստի եւ երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Ռիչարդ Մադլենյանն է: Երգի ձայնագրմանը մասնակցել են Ռազմիկ Ամյանը, Արամեն, Արամոն, Ավո Խալաթյանը:
Կանադահայ Ռաֆֆի Նիզիբլյանը նշեց, որ երբ որոշվեց եվրոգավաթներին «Հատիսի» մասնակցության հարցը, ակումբի ղեկավարությունը սկսեց թիմի կազմի ուժեղացման գործընթացը: Բավական մեծ ծավալի աշխատանք կատարվեց «Հատիսը» լեգեոնականներով համալրելու հարցում: Դրա արդյունքում այսօր թիմում ընդգրկված են 11 լեգեոնականներ Սերբիայից, Խորվաթիայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Վրաստանից եւ նույնիսկ Ճամայկայից: Հայ բասկետբոլիստուհիներից թիմում խաղում են հինգըՙ Սաթենիկ Մարտիրոսյանը, Աննա Բաղդոյանը, Անի Պետրոսյանը, Տաթեւիկ Ալեքսանյանն ու Հասմիկ Միքայելյանը:
Վրաստանից թիմը գլխավորելու հրավիրվեց փորձառու մարզիչ Գիա Ղազանչյանը, որին օգնում են Արեգ Վաթյանն ու Նարեկ Ղուկասյանը: Գլխավոր մարզիչը նշեց, որ արդեն մեկ ամիս է, ինչ թիմը մարզվում ու նախապատրաստվում է մրցաշարին: Ըստ նրա, սկզբնական շրջանում լեգեոնականներն իրենց խաղամակարդակով զգալիորեն գերազանցում էին հայ բասկետբոլիստուհիներին, սակայն այժմ վերջիններս բավական առաջադիմել են: Ճիշտ է, առաջին հնգյակում առայժմ միայն լեգեոնականներ են ընդգրկված եւ նրանք դուրս կգան խաղահրապարակ, սակայն հայ աղջիկները խաղի ընթացքում կփոխարինեն նրանց:
Գիա Ղազանչյանի կարծիքով «Հատիսը» բավական դժվարին խմբում է հայտնվել: «Աթինաիկոսը» Հունաստանի չեմպիոնն է, Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկը, որն առաջնությունում անցկացրած 4 խաղերն էլ շահել է: Այս թիմում բավական թվով լեգեոնականներ են խաղում: «Բեշիքթաշը» նույնպես փորձառու կոլեկտիվ է, վերջերս համալրվել է լեգեոնականներով: Նրանց համեմատ ռուսական «Չեւակատան» ավելի թույլ է, լեգեոնականներ թիմում չկան, սակայն կան ՌԴ հավաքականի անդամներ:
Գիա Ղազանչյանն առայժմ դժվարանում է գնահատել հաջորդ փուլ դուրս գալու «Հատիսի» հնարավորությունները: Դա պարզ կդառնա առաջին խաղից հետո: Թեեւ «Աթինաիկոսը» շատ ուժեղ մրցակից է, բայց փորձելու են հաղթել: Ամեն դեպքում այդ խաղը մարզիչը դիտարկում է որպես երեւանյան հանդիպման նախապատրաստական փուլ: Մարզչին առավել հուզում է պաշտպանական գծի խաղի կազմակերպումը:
192 սմ հասակ ունեցող «Հատիսի» ավագ, սերբ բասկետբոլիստուհի Բոյանա Վուլիչը թիմակիցների անունից նշեց, որ կանեն հնարավոր ամեն ինչ նորամուտը եվրոպական մրցասպարեզում հաջող նշելու համար: Ըստ նրա Հայաստանում մարդիկ շատ բարյացկամ են, կոլեկտիվի հետ մերվելու հարցում էլ խնդիրներ չեն ծագել:
Ֆեդերացիայի նախագահ Հրաչ Ռոստոմյանը հույս հայտնեց, որ ինչպես սեփական հարկի տակ, այնպես էլ հյուրընկալվելիս, «Հատիսին» կոգեւորեն ու կաջակցեն մարզասերները, իսկ թիմի հաջող մրցելույթները մեծ խթան կարող են դառնալ հանրապետությունում մարզաձեւի հետագա մասսայականացման ու զարգացման համար: Հանդիպման մասնակիցները մեկնարկից առաջ հաջողություն մաղթեցին «Հատիսին»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ