Երեքշաբթիՙ նոյեմբերի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բեռնում աշխատանքային այցով հանդիպել է իր պաշտոնակից Քալմի- Ռեյին, Շվեյցարիայի արտգործնախարարության հաղորդագրությունն է փոխանցում տեղական «Նոյե ցյուրխեր ցայթունգը»:
Շվեյցարական լրատվական այլ գործակալություններ իրազեկում են, որ Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնակցինՙ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացմանն ուղղված Բեռնի միջնորդականՙ «շատ կարեւոր դերակատարման» համար: Առաքելությունը պահանջել է վճռականություն, բայց նաեւ զսպվածություն, համբերություն եւ օրական ջանքեր, ասել է Նալբանդյանը Բեռնում Քալմի-Ռեյի հետ հանդիպմանը եւ շարունակելՙ արձանագրությունների ստորագրումն «առաջին քայլն» է Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման հարցում, այժմ ակնկալվում է երկու երկրների խորհրդարանների վավերացումը, ինչը պիտի հնարավորինս շուտ իրականացվի: Քալմի-Ռեյը շնորհակալություն է հայտնել Նալբանդյանին «քաղաքական կամքի» համար, որը հնարավոր դարձրեց արձանագրությունների ստորագրումը:
Աշխատանքային այցի ընթացքում կնքվել է երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող երկու փաստաթուղթ, առաջինը վերաբերում է երկու երկրների դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիներիՙ առանց վիզայի ճամփորդություններին, երկրորդըՙ օդային հաղորդակցությանը: Հայկական ավիափոխադրող մի ընկերություն կարող է այսուհետեւ շաբաթական 4 անգամ ուղիղ չվերթ իրականացնել դեպի Շվեյցարիա:
Արտգործնախարար Նալբանդյանը Շվեյցարիայում էր հոկտեմբերի 10-ինՙ Ցյուրիխում իր թուրք պաշտոնակցի հետ Թուրքիա-Հայաստան պատմական արձանագրությունների ստորագրման առիթով, հիշեցնում է շվեյցարական լրատուն:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա