«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2009-11-10 | #205, 2009-11-11 | #206, 2009-11-12


ԲԵԼԱՌՈՒՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԳՆԱԼ ԱԲԽԱԶԻԱ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱ

Բելառուսի խորհրդարանի պատգամավորները մտադիր են Աբխազիա եւ Հարավային Օսիա այցելել նոյեմբերի 17-19: Այս մասին, ըստ «ՌԻԱ նովոստի» գործակալության, տեղեկացրել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի` ԱՊՀ կապերի եւ միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մասկեւիչը: Մոտ մեկ տարի առաջ են Աբխազիան եւ Հարավային Օսիան իրենց անկախության ճանաչման խնդրանքով դիմել Բելառուսի խորհրդարանին, եւ այս ընթացքում Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովը քննարկում էր այդ դիմումը:

«Բելառուս պատգամավորներն ու սենատորները մտադիր են տեղում ուսումնասիրել իրավիճակըՙ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու կամ չճանաչելու առնչությամբ որոշում կայացնելու համար», այցելության նպատակը պարզաբանել է Մասկեւիչը: Նրա խոսքերով, խորհրդարանական պատվիրակությունը ցանկանում է այցելել ոչ միայն Աբխազիա եւ Հարավային Օսիա, այլեւ Վրաստան:

Նախորդ շաբաթ Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի խորհուրդը որոշում էր կայացրել ստեղծելու աշխատանքային խումբ, որը կնախապատրաստի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչման հարցի քննարկումը:

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովն արդեն իսկ հույս է հայտնել, թե աշխատանքային խմբի ստեղծումը Մինսկին կմոտեցնի երկու տարածքների ճանաչմանը: Եվ եթե Գրիզլովի հույսերը դառնան իրականություն, ապա Բելառուսը կդառնա Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչած 4-րդ պետությունը` Ռուսաստանից, Նիկարագուայից եւ Վենեսուելայից հետո:

Եվ մինչ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչած պետությունների թիվը կարող է ավելանալ, երկու տարածքներում արդեն զգալի փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես, վերջին տեղեկատվության համաձայն, դեռեւս նախորդ ուրբաթ օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սուխումում հայտարարել էր, թե Աբխազիան կանցնի հեռախոսային ռուսաստանյան կոդի օգտագործմանը, իսկ հետագայում բանակցություններ կլինեն Աբխազիային առանձին կոդ տրամադրելու համար:

Այս առնչությամբ էլ դժգոհություն ու մտահոգություն էր հայտնել պաշտոնական Թբիլիսին, այդուհետեւ մտահոգություն էր հայտնել Ֆրանսիայի արտաքին գործերի գերատեսչությունըՙ այն պարզաբանմամբ, որ 2008-ին հենց Ֆրանսիան էր միջնորդի դեր կատարում Ռուսաստան-Վրաստան ռազմական բախումից հետո:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4