«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2009-11-10 | #205, 2009-11-11 | #206, 2009-11-12


ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԿԻՆ ՍԿԱՆԴԱԼԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է

Շվեյցարիայում մեկնարկած Ադրբեջանի մշակույթի օրերի շրջանակներում անցկացված սեմինարներից մեկում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային խմբի նախկին համազեկուցող Անդրեաս Գրոսը հանդես է եկել «Նավթով հարուստ, ժողովրդավարությամբ աղքատ Ադրբեջանը» զեկույցով: Բացի այդ, միջոցառման կազմակերպիչներից Շվեյցարիայի Culturescape կազմակերպությունը Ադրբեջանի մշակույթի մասին հավաքածու է հրատարակել, որի մեջ ներառվել են ազատ մտածողության համար ձերբակալված մի քանի լրագրողների, պաշտոնական քաղաքականության հետ չհաշտվող գրողների եւ ժողովրդավարության պակասն ու անհատի պաշտամունքն Ադրբեջանում քննադատողների ստեղագործությունները:

Փառատոնի կազմակերպիչների ու Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության միջեւ լարվածություն է առաջացել: Ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներն իրենց անհամաձայնությունն ու դժգոհությունն են արտահայտել: Ավելի ուշ Culturescape-ի ղեկավար Յուրիան Կոյմանը ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտարարել է, որ Շվեյցարիայի եւ Ադրբեջանի մշակույթներն ամբողջությամբ իրարից տարբերվում են, եւ դա է պատճառը, որ փառատոնում ազատամիտ ադրբեջանցի գրողների ստեղծագործությունների թարգմանաբար ներկայացումն առաջացրել է Ադրբեջանի պաշտոնական շրջանակների դժգոհությունը:

«Շվեյցարիան ժողովրդավարական հանրապետություն է: Այստեղ նախագահը նշանակվում է մեկ տարի ժամկետով: Որոշումների ընդունման մեխանիզմները երկու երկրներում խիստ տարբերվում են», ասել է Կոյմանը: Նկատենք, որ ավելի վաղՙ Շվեյցարիայում Ադրբեջանի մշակույթի օրերի բացմանը ներկա էր գտնվել նաեւ նախագահ Իլհամ Ալիեւը: Իր ելույթում նա նշել էր, որ փառատոնը կամրապնդի երկու երկրների միջեւ հարաբերությունները: Մինչդեռ տեղի ունեցավ հակառակը, եւ «խանական» Ադրբեջանը կրկին հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4