Թարգմանաբար ներկայացնում ենք «Զորյան» ինստիտուտի ցեղասպանական ուսումնասիրությունների բաժնի տնօրեն, միջազգային ճանաչման արժանացած հայտնի ցեղասպանագետ պրոֆ. Վահագն Տատրյանի մեկնաբանությունները Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ:
Այս առիթով հիշեցնենք, որ արձանագրությունների հրապարակումից հետո մինչեւ օրս «Ազգ»-ը թերեւս ամենաշատ արտահայտվողն է եղել այս թեմայով, ընդ որումՙ տարբեր, հաճախ նաեւ բոլորովին հակոտնյա տեսակետներ է մատուցել իր ընթերցողներին, հակառակ որ սկզբից եւեթ պարզել է նաեւ իր սեփական կարծիքըՙ որոշակի վերապահումներով հանդերձ կողմՙ արձանագրություններին:
Նոր թուրքական նախաձեռնության մեջ ուշադրության են արժանի հետեւյալ երեք կետերը.
1. Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրությունը պայման է դնում հարգել տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզունքները եւ փոխադարձաբար ճանաչել «երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանը»ՙ որոշված «միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով»: Այլ խոսքերով ասած, պայմանը հիմնված է պարբերության վերջին մասիՙ «միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերի սահմանման թերի կամ, ավելի ճիշտ, սխալ մեկնաբանության վրա:
Փաստն այն է, որ այդ «համապատասխան պայմանագրերի» ստորագրումն ինքնին լուրջ խախտում էր «միջազգային իրավունքի»: Այստեղ ներառված են երկու պայմանագրեր. Մոսկվայի պայմանագիրըՙ ստորագրված Մոսկվայում 1921 թվի մարտի 16-ին, մի կողմից ՌՍՖՍՀ-ի եւ մյուս կողմից (քեմալական) Թուրքիայի միջեւ: Եվ Կարսի պայմանագիրըՙ ստորագրված 1921 թվի հոկտեմբերի 13-ին, մի կողմից (քեմալական) Թուրքիայի եւ մյուս կողմից երեք խորհրդային հանրապետություններիՙ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ՌՍՖՍՀ-ի մասնակցությամբ: Հիմնավոր փաստն այստեղ այն է, որ այդ երկու պայմանագրերը ստորագրող Անկարայի քեմալական Թուրքիան այդ ժամանակ իրավական տեսակետից գործող կառավարություն չէր, այլ ընդամենը մի ապստամբական մարմին էր, որը հանպատրաստից ստեղծված էր հակադրվելու Ստամբուլում (կայսրության պաշտոնական մայրաքաղաքը) սուլթանի իրավասության ներքո գործող օրինական կառավարությանը:
Այս փաստին համահունչ կայացվել են մի շարք կառավարական եւ ռազմական-տրիբունալային որոշումներ: Օրինական կառավարությունը 1920 թվի մայիսի 24-ին Մուսթաֆա Քեմալին մահապատժի է դատապարտել (Թաքյիմի Վեկայ-ի N 3864 հրամանով), իսկ 12 օր անցՙ 1920 թվի հունիսի 6-ին, նրա 6 համախոհներին (ներառյալ Իսմեթ Ինոնուին) նույնպես մահապատժի է դատապարտել նրանց (ի բացակայություն): Այստեղ բոլորովին կապ չունի այն հարցը, թե սուլթանի կառավարությունը այդ ժամանակ ժողովրդականություն վայելո՞ւմ էր, թե՞ ոչ, կամ այս հարցը, թե նրա վարած քաղաքականությունը խելամի՞տ կամ շրջահայա՞ց էր, թե՞ ոչ:
Ինչը կարեւոր եւ անվիճելի է այստեղ, դա այն փաստի արձանագրումն է, որ սուլթանն այդ ժամանակ Օսմանյան կայսրության միակ օրինական եւ գերագույն իշխանությունն էրՙ ի հակադրություն քեմալական կառավարության ապստամբ բնույթի: Ըստ այդմ էլ որեւէ պայմանագիր, համաձայնագիր կամ կոնվենցիաՙ ստորագրված այդ վերջինի հետ, միջազգային իրավական տեսակետից անօրինական է, ապօրինի եւ ուրեմնՙ անվավեր ու անհիմն, եւ չի կարող բանակցություններում քննարկման օրինական թեմա լինել: Ավելին, Մոսկվայի պայմանագիրն առավել անօրինական է, քանի որ ՌՍՖՍՀ-ը այդ ժամանակ դեռ ոչ մի պետության կողմից ճանաչված չէր, ուստի կարելի է ասել, որ գրեթե նույն կարգավիճակում էր գտնվում, ինչ ապստամբների քեմալական «վարչակարգը»: Անկարայի կառավարության ներկայացուցիչների (դրանցից մեկը գնդապետ, հետագայումՙ Թուրքական Հանրապետությունում գեներալ-մայոր Շեւքեթ Սեյֆին (Դյուզգյուրու) էր) պահանջով Հայաստանի ներառված չէր բանակցություններում:
Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից լինելովՙ Սեյֆին, ի դեպ, աչքի էր ընկնում կայսրության բանտերից ազատ արձակված հանցագործների, բանդիտների հավաքագրման, հատուկ ջոկատների կազմավորման եւ տարբեր շրջաններում դրանց տեղակայման գործում մեծ դեր ունենալու իր հանգամանքով:
Կարսի պայմանագիրը շարունակությունն էր եւ վերահաստատումը Մոսկվայի պայմանագրի: Դա էլ ստորագրվեց գերակշռող բոլշեւիկների ջանքերով: Ցավալի է այստեղ նշել, որ մի ոմն Բուդու Մդիվանի անունով վրացի բանակցող, հանդես գալով Ռուսաստանի կողմից, փոխանակ պաշտապանելու Ռուսաստանի շահերը, դավաճանաբար համագործակցել է թուրքերի հետՙ խորհուրդ տալով Քյազիմ Կարաբեքիրին (թուրքերի հրամանատարը) չբավարարվել Արաքս գետը սահման ընդունելով, այլ պահանջել ավելի խորանալ դեպի Հայաստանի այլ տարածքները: (Kazim Karabekir, ISTIKAL Harbimiz, the 1969 edition, Istanbul, Turkiye Publishers, p. 952)
2. Երկրորդ արձանագրությունը, որը «երկկողմ հարաբերությունների զարգացման» մասին է, որպես առաջին կետ նշում էՙ «բացել ընդհանուր սահմանը սույն արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում»: Դրանից հետո, որպես 2-րդ եւ 3-րդ կետեր, գալիս են ամենավիճելի հարցերը, որոնք մտահոգում են հայ ժողովրդին ընդհանուր առմամբ: Դրանց միջոցով 1915 թվի մեծ ոճրագործության դեռեւս չզղջացող ժառանգորդները մի անգամ եւս փորձում են մոլորեցնելՙ օգտագործելով քողարկված մեթոդներ: Հայաստանի կառավարությունը պարտավոր է աներկբայորեն հայտարարել, որ բոլորովին հարկ չկա «գիտականորեն» քննարկելու «պատմական հարթության» խնդիրներ: Այդ պատմական արձանագրությունները քննարկվել են թուրքական զինվորական տրիբունալի կողմից 1919-21 թվերին, նախաքեմալական, հետպատերազմյան Թուրքիայում: Դատական ատյանը գտավ, որ անառարկելի փաստեր կան, որ կենտրոնական կառավարության կազմակերպությամբ ահավոր ոճրագործություն է գործադրված Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների նկատմամբ: Այդ դատավարությունում մեղադրողները թուրքեր էին, դատավորներըՙ նույնպես: Եվ ամենակարեւորը երեւիՙ վկայություն տվող ականատեսները նույնպես թուրքեր էին: Նրանց մեջ էին բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ, իսկ լսումները կայացել են համաձայն օսմանյան Թուրքիայի քրեական օրենքների:
Արդարության զգացումներով տոգորված որեւէ կառավարություն առաջին իսկ առիթով պարտավոր էր այդ արձանագրություններում որոնել ճշմարտությունը: Սակայն ոչ միայն սոսկ լռության, այլեւ հանապարփակ լռություն է տիրում այն մասին, որ այդ արձանագրություններն անհետացել են քեմալականների 1922 թվի աշնանը իշխանության գալուց հետո:
«Քննարկման» նպատակով հանձնախմբի ստեղծման նշումը արձանագրություններում պարզապես նենգ միջոց է անվստահություն սերմանելու, ճնշում բանեցնելու եւ զիջումներ ձեռք բերելու ակնկալիքներով: Մենք այստեղ տեսնում ենք «առ եւ տուրի» սովորական կենցաղային միջոցի կիրառումը, որը հաճախ նման «հանձնախմբերի» եւ «ենթահանձնախմբերի» ելքն է որոշում: Ամենաանսովոր եւ գուցե տարօրինակ կողմն այս ամենի այն է, որ ոճրագործություն կատարող թուրքական կողմի հետնորդ-ներկայացուցիչը դեմ առ դեմ բանակցելու է այդ ոճրագործությանը զոհ գնացած զանգվածի հետեւորդի հետ որպես հավասարը հավասարի: Թուրքիան շարունակում է իր ժխտողական կեցվածքը, եւ քրեական օրենսգրքի 300, 309, ինչպես նաեւ 301 հոդվածների առկայությունը հիմնավորում է այդ կեցվածքը:
3. Հաշվի առնելով թուրք քաղաքագետների երկար փորձը եւ օսմանյան ավանդույթները, դժվար է այս ամբողջ գործընթացը խելացի նախաձեռնություն որակել: Ոչ միայն զգացվում են դիվանագիտական հարաբերությունները անորոշ մթնոլորտում պահելու միտումներ (Աբդուլ Համիդը օգտվել է այս քաղաքականությունից հայկական բարենորոգումների հարցում եվրոպական ուժերին դիմակայելիս), այլեւ Հայաստանից երկար փայփայված զիջումները ձեռք բերելու (հատկապես գոյություն ունեցող սահմանների վերաբերյալ): Չմոռանանք նաեւ, որ Թուրքիան նաեւ Եվրոմիությանն անդամակցելու խնդիր ունի: Ուստի նա հարեւանների հետ հաշտության ձգտելու իր իմիջը պարտավոր է պահպանել, որպես քաղաքակիրթ Եվրոպային մաս դառնալու թեկնածու երկիր:
Խնդիրն առավել առեղծվածային է, եթե չասենքՙ խաբուսիկ է դառնում, եթե հաշվի առնենք Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկա հարաբերությունները: Վերջինիս կոշտ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, եւ Թուրքիայի կախվածությունը ազերի նավթից (չնշելու համար այլեւայլ ազգակցական կապերը) նկատի ունենալով, կարելի՞ է ենթադրել, որ Թուրքիան անկեղծորեն պատրաստ է նոր որակի հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, այն էլ ի հեճուկս Ադրբեջանի հետ իր հարաբերություններին:
Չնայած Հայաստանը ներկայումս որոշ չափով մեկուսացված է, եւ մոտիկ ապագայում այդպես էլ մնալու է, կա կարեւորագույն ազգային առաջնահերթություն ասված սկզբունքը, որը պահանջում է լինել առավել շրջահայաց, աչալուրջ եւ զգոն:
Թարգմ. Հ. Ծ.