Թուրքական «Զաման» թերթը տեղեկացրել է, որ ամեն տարի Հայաստանից Թուրքիա, հատկապես Անթալիա է այցելում հայ զբոսաշրջիկների 70 տոկոսը: Այս փաստը, ըստ «Զաման»-ի, վկայում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արդեն կան նորմալ հարաբերություններ. «Իհարկե, շրջափակված երկրի ամեն մի քաղաքացի կերազեր Միջերկրական ծովի ափին հանգստանալ,- գրում է թերթը,- սակայն Երեւանի փողոցներում, հատկապես ամառվա ամիսներին նկատվում էին պաստառներ, որոնք կոչ էին անում չգնալ թշնամի Թուրքիա, ընդ որում քաղաքապետարանը որեւէ արձագանք չի տվել այդ պաստառներին, նույնիսկ երկրի բարձրաստիճան ղեկավարությունը համաձայն է եղել պաստառների բովանդակությանը, որոնք, փաստորեն, նույնիսկ հայ-թուրքական սահմանի բացումից հետո շարունակելու են մնալ Երեւանի փողոցներում»:
Ըստ «Զամանի» հրապարակմանՙ Հայաստանի զբոսաշրջության պետական վարչությունն էլ ամեն կերպ փորձում է խթանել ներքին զբոսաշրջությունը. «Նրանք առաջարկում են Սեւանը, Ծաղկաձորը եւ Լեռնային Ղարաբաղի պատմական շրջանը, այս ուղղություններով ուղեգրերի մեկ փաթեթն սկսվում է 700 ԱՄՆ դոլարից, մինչդեռ դեպի Անթալիա մեկ ուղեգիրն արժե 450 դոլար»:
Վերջում թուրքական թերթը եզրակացությամբ է հանդես գալիս, որում ասված է. «Իհարկե, դու կարող ես լինել հայրենասեր, սակայն ո՞վ մեկ տարվա ակտիվ աշխատանքից հետո չի ցանկանա հանգստանալ Միջերկրական ծովի հիասքանչ ափին, մանավանդ որ այդ ընթացքում քեզ սպասարկում է թշնամիդ` ժպիտը դեմքին»: