Մեկ օր առաջ Թուրքիայի խորհրդարանում «Քրդական հարցի ժողովրդավարական լուծման քննարկումների» վերաբերյալ քննարկումները վերածվել են քաշքշոցի: Սկզբում ընդդիմադիր պատգամավորների մի խումբ խոչընդոտել է Թուքիայի ներքին գործերի նախարար Բաշիր Աթալայի ելույթին, այնուհետեւ ելույթը խանգարել են` կարգախոսներ հնչեցնելով եւ պաստառներ պահելով, որոնց բովանդակությունը հակաքրդական եւ հակահայկական են եղել: Նշենք այդ կարգախոսներից մեկը` «Արդարություն եւ բարգավաճումը», ահաբեկիչներն ու հայերը թուրքերի թշնամիներն են»: Բանն այնտեղ է հասել, որ խորհրդարանի խոսնակը գերադասել է նախարարի ելույթն ընդհատել` ընդդիմադիրներին խաղաղեցնելու համար: Սակայն կրքերն ավելի են բորբոքվել հետագա ելույթների ընթացքում: Խորհրդարանական ընդդիմադիրների ու իշխող կուսակցության ներկայացուցիչների միջեւ հրմշտոց եւ ծեծկռտուք է սկսվել: Հարցի քննարկումը կշարունակվի այսօր: