Փասադենայի համաժողովների կենտրոնում նոյեմբերի 8-ին կայացած տարեկան ճաշկերույթի ժամանակ ՀՅԴ Հայ դատի ազգային կոմիտեն (արեւմտյան Մ. Ն.) «Ազատության» շքանշանով պատվել է Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ջերրի Բրաունին, «Տարվա օրենսդիրներ» կոչումովՙ Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Մարկ Ռայլենդին եւ Կալիֆոռնիայի ասամբլեայի մեծամասնակցական խմբակցության առաջնորդի փոխանորդ եւ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի թեկնածու Պոլ Գրիգորյանին, ինչպես նաեւ, «Ժառանգության» մրցանակով, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանին: Ներկա են եղել ավելի քան 700 հրավիրյալներ: Հանդիսությունը վարել է Կալիֆոռնիայի նահանգի ասամբլեայի խոսնակ Էնտոնի Պրոտանտինոն:
Պատվո արժանացածներին հատուկ գովասանական խոսքեր են ասել Մ. Նահանգների Կոնգրեսի եւ Լոս Անջելեսի քաղաքապետարանի ներկայացուցիչները:
Մրցանակը ստանալիս, անխոնջ հրապարակախոս Հարութ Սասունյանը կոչ է արել մոբիլիզացնել արդարության վերականգնման ի նպաստ գործադրված սփյուռքահայության ջանքերը: «Վերջին ամիսներին մենք ականատես ենք լինում, թե ինչպիսի ծանր միջազգային ճնշումների է ենթարկվում Հայաստանը, որը չափազանց փոքր ու թույլ էՙ հակադարձելու նման ճնշումները: Սփյուռքահայությունը, մինչդեռ, նման ճնշումների տակ չէ: Ուստի մեր բոլորի պարտքն է միավորվել եւ ձեռք մեկնել Հայաստանինՙ նվազեցնելու համար այդ ճնշումների ազդեցությունը: Մ. Նահանգներում, Ռուսաստանում եւ Եվրոպայում ապրող մեր հայրենակիցները մասնավորապես պարտավոր են իրենց համապատասխան կառավարություններին հասկացնել, որ արդարացի չէ նրանց միակողմանի պաշտպանությունը Թուրքիային եւ Ադրբեջանին: Վարչակարգերն ու առաջնորդները գալիս ու գնում են, բայց մեր ազգը հարատեւական է: Լինենք զգոն ու միասնական մեր նպատակների իրականացման գործում: Մեր ազգային դատի ջահը վառ պահենք, մինչեւ արդարությունը վերականգնվի», ասել է նա:
Հ. Ծ.